Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
Ներառական կրթության մասին խոսելիս անշուշտ ենթադրվում է, որ այն պետք է սկսվի ոչ թե դպրոցից, այլ ավելի վաղ տարիքից՝ մանկապարտեզից: WomenNet.am-ը փորձեց պարզել` ինչպե՞ս է ներառականության գաղափարը կյանքի կոչվում Երևանի նախադպրոցական հաստատություններում:
Պարզվեց, որ հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների նախադպրոցական ուսուցում իրականացնող ընդամենը վեց մանկապարտեզ կա Երևանում, այն էլ` ոչ բոլոր վարչական շրջաններում: Դրանցից բացի, այլ մանկապարտեզներ, որոնք ունեն վերապատրաստված անձնակազմ ու հարմարեցված միջավայր հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մայրաքաղաքում չկան:
Երևանի քաղաքապետարանի տվյալներով` միայն 98 հաշմանդամություն ունեցող երեխաներ են հաճախում իրենց կարիքներին հարմարեցված նախադպրոցական հաստատություններ: Դրա հետ մեկտեղ կան հաշմանդամության այնպիսի տեսակներ, որոնք ամենևին էլ խոչընդոտ չեն, որ նման երեխաները հաճախեն սովորական մանկապարտեզ: Բայց ահա այստեղ է, որ այլ կարգի խոչընդոտներ են ի հայտ գալիս: Մանկապարտեզները, թեև նման հրահանգ չկա, խուսափում են հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելուց. կա´մ հորդորում են ծնողներին գտնել մասնագիտացված մանկապարտեզ, կա´մ էլ հերթագրելով երեխաներին, տարիներ շարունակ պնդում են, թե հերթը չի հասնում:
Ընդ որում, հաշմանդամություն ունեցող երեխաներին մանկապարտեզ ընդունելու մերժումը հիմնավորող որևէ օրենք չկա: Հակառակը՝ Երևանի քաղաքապետարանը ներքին կարգադրություն է իջեցրել մանկապարտեզների տնօրեններին՝ «հաշմանդամություն ունեցող երեխաներին արտահերթ ընդունել Երևանի ոչ միայն ներառական կենտրոն հանդիսացող, այլ նաև՝ երեխաների ծնողների ցանկությամբ ՝ յուրաքանչյուր մանկապարտեզ»: Այսինքն` մերժման դեպքերը տնօրենների կամայական որոշումների հետևանք են: Եվ հաճախ միայն ծնողի համառության շնորհիվ է հաջողվում հաղթահարել պատնեշը և այնուամենայնիվ տեղավորել երեխային մանկապարտեզ…
Երևանի բնակիչ Անժելա Մանուկյանը երկար պայքարեց, մինչև իր փոքրիկը՝ Վահեն, ում մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող նևրալգիկ բնույթի հիվանդություն, կարողացավ մանկապարտեզ հաճախել: Հաստատության տնօրենը երկու տարուց ավելի «չէր կարողանում» երեխային ընդունել մանկապարտեզ՝ պատճառաբանելով, թե հերթը չի հասնում, ու միաժամանակ հորդորելով, որ մայրը փոքրիկին տանի մասնագիտացված մանկապարտեզ: Հուսահատության հասած մայրը չգիտեր` ո՛ւմ դիմել, և միայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, լրագրողների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի միջամտությունից հետո հաջողվեց Վահեին տեղավորել մանկապարտեզ:
«Չեմ ուզում մանրամասնել այն ամենը, ինչի միջով անցա ու ինչ արհեստական խոչընդոտների հանդիպեցի…. Կարևորն այն է, որ հիմա ամեն ինչ մնացել է հետևում. Վահես մեծ ոգևորությամբ է գնում մանկապարտեզ, շփվում հասակակիցների հետ: Առաջին օրը բացարձակ չի լացել: Երբ ապրիլին Վահեն առաջին անգամ գնաց մանկապարտեզ, դաստիարակչուհին առաջարկեց, որ նա մինչև կեսօր մնա, բայց մի ամիս էլ չանցած՝ Վահեն բողոքում էր, թե ինչու ընկերների նման չի մնում ու չի քնում մանկապարտեզում… Դժվարությամբ, խոչընդոտներով լի ճամփա ենք անցել, բայց դա արժեր, որ երեխաս նման ոգևորություն ապրի ու երջանիկ լինի մանկապարտեզ գնալուց»,- պատմում է Վահեի մայրը:
Նրա խոսքով՝ երեխան ոչ մի դժվարություն չի տեսել, հոգեբանական խնդիրներ էլ չի ունեցել մանկապարտեզ այցելելուց, քանի որ փոքրերը շատ նորմալ են նրան վերաբերվում, շփվում են ու խաղում:
«Կարծում եմ` իսկապես անչափ կարևոր է, երբ երեխաները փոքրուց են տեղեկանում, որ կան առողջական խնդիրներ ունեցող իրենց հասակակիցներ»,- ասում է նա, համոզմունք հայտնելով, որ այդ խնդիրները պատճառ չեն կարող լինել երեխային մեկուսացնելու համար: Թեև, Ա. Մանուկյանի կարծիքով, այդ մեկուսացումը ավելի շատ մեծերից է գալիս, քան փոքրերից…
Գրեթե նույն խնդիրն ունի Երևանի բնակիչ Լուսինե Հակոբյանը, ով մի քանի ամիս է` փորձում է իր երեխային մանկապարտեզում տեղավորել: Կողբացու 2ա հասցեում գտնվող մանկապարտեզի տնօրենը մերժել է երեխային ընդունել, չնայած փոքրիկի հերթը հասել է, իսկ մայրն էլ առաջարկել է իր օգնությունը՝ հաստատությունում երեխայի մնալու ողջ ընթացքում…
«Աղջիկս չի քայլում, բայց մնացած ամեն հարցում ինքնուրույն է՝ չոչ է անում, նաև բռնվելով քայլում, ուտում է, խոսում է, շատ ակտիվ է: Երբ մեր հերթը հասավ, տնօրենին ասացի, որ երեխան չի քայլում և առաջարկեցի՝ մնամ ինչքան պետք է փոքրիկի հետ մանկապարտեզում, օգնեմ դայակին, թեկուզ օրական մի քանի ժամ, միայն թե երեխայի շփումը հասակակիցների հետ լինի, քանի որ ինտեգրման խնդիր ունենք: Բայց տնօրենը միանգամից հայտարարեց, որ չի կարող երեխային ընդունել, քանի որ նա չի քայլում, իսկ իմ` որպես ծնողի ներկայությունը խմբում արգելված է ՝ չի թույլատրվում»,- պատմեց Լուսինեն: Տնօրենը նրան նաև հորդորել է երեխային տեղավորել Կարմիր խաչում գործող հատուկ կենտրոնում, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
«Իրականում երեխաս հասակակիցների հետ շփման կարիք ունի, շփվում է միայն մեծերի հետ, այն էլ նրանց, ում վստահում է, իսկ հասակակիցներից մի տեսակ քաշվում է, և բոլորը միաբերան պնդում են, որ մանկապարտեզը այս խնդրի հաղթահարման լավագույն ու ամենակարճ ճանապարհն է: Սակայն, փաստորեն, մեզ համար մանկապարտեզի դռները փակ են»,- հավելեց Լ.Հակոբյանը՝ նշելով, որ այնքան հուսահատված է, որ նույնիսկ չի էլ մտածել պայքարելու մասին:
«Լուսինեի խնդիրը իսկապես լուծելի է՝ որևէ օրենքով ծնողի ներկայությունը նախադպրոցական հիմնարկում չի արգելվում»,- այս մասին WomenNet.am-ին ասաց կրթության փորձագետ, ներառական կրթության ջատագով Անահիտ Բախշյանը:
«Մանկապարտեզի տնօրենը, ենթադրում եմ, դեռ չգիտի, որ Հայաստանը համընդհանուր ներառման քաղաքականություն է որդեգրել և ներառական կրթությունը հռչակել է որպես երեխայի կրթության իրավունքի երաշխիք: Իսկ կրթությունը սկսվում է նախադպրոցական հաստատություններից»,- ասաց Ա.Բախշյանը:
Նա ընդունեց, որ, իհարկե, շատ հարցեր դեռ հստակեցված չեն, բայց ինքնին պարզ է, որ մանկապարտեզների տնօրենները պետք է բաց լինեն, ընդառաջեն ու պայմաններ ստեղծեն, որ հաշմանդամություն ունեցող երեխաները արդեն նախադպրոցական հաստատություններում ինտեգրվեն ու սոցիալականացվեն:
«Հետևաբար այդ տնօրենը պետք է ամեն ինչ անի, ամեն պայման ստեղծի, հատկապես եթե ծնողն էլ իր օգնությունն է առաջարկել, և օրենք, որ դա արգելում է, ուղղակի գոյություն չունի»,- նշեց նա:
Մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով զբաղվող «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը չափազանց կարևորում է ներառական կրթությունը մանկապարտեզում:
«Եթե մանկապարտեզներում հնարավոր լինի պայմաններ ստեղծել, և որոշակի հաստիքներ ավելանան, որ ամեն խմբում հաշմանդամություն ունեցող գոնե մեկ-երկու երեխա կարողանա լինել, ապա հետագայում, արդեն ներառական դպրոց գնալով, երեխաները ավելի լոյալ, ճիշտ և իրազեկված կլինեն իրենց ընկերների առողջական խնդիրներից, ավելի հավասար կընդունեն նրանց: Եթե երեխաները հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների հետ առաջին շփումն ունենում են մանկապարտեզում, ապա շատ մեծ խնդիրներից, որ այսօր բախվում են ներառական դպրոցները, հնարավոր կլինի խուսափել»,- ասում է Ն.Մանուկյանը, նշելով, որ երեխաները վաղ տարիքից սկսած պետք է հասկանան, որ իրենց կողքին, իրենց քաղաքում, շենքում ու բակում ապրում են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք ունեն իրավունքներ, հետաքրքրություններ ու աշխարհայացք` իրենցից բացարձակ չտարբերվող:
«Հայ մայրեր» ՀԿ-ում այսօր հաշվառված են 150 փոքրիկներ, սակայն, Նարինե Մանուկյանի խոսքով` նրանցից ընդամենը մի քանիսն են հաճախում մանկապարտեզ:
«Մի ձեռքիս մատները կհերիքեն, որ հաշվեմ, թե քանիսն են մեր փոքրիկներից հաճախում մանկապարտեզ: Ցավոք, սա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է: Եվ ես այն կարծիքին եմ, որ սա պետության ամենամեծ սխալներից ու բացթողումներից մեկն է»,- հավելեց նա:
Նրա խոսքով` քանի դեռ մենք անտեսում ենք այս հարցի կարևորությունը, շատ մայրեր, մտածելով, որ իրենց հաշմանդամություն ունեցող երեխան կարժանանա ոչ համարժեք ընդունելության շրջապատի կողմից, փոքրուց ուղղակի մեկուսացնում են նրան, որպեսզի երեխան, ըստ իրենց, խուսափի բարդություններից ու շփման հետ կապված վտանգներից կամ վիրավորանքներից: Այլ հարց է, երբ ծնողը փորձում է երեխայի ինտեգրման խնդիրը լուծել, սակայն նրա առջև արհեստական պատնեշներ են հարուցվում:
Իսկ թե երեխաներից քանի՞սն են մնում մեկուսացված ու զրկվում հասակակիցների հետ շփումից մանկապարտեզների տնօրենների կամայական որոշումների հետևանքով, հնարավոր չէ գնահատել, քանի որ ոչ բոլոր հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն են պատրաստ պայքարելու իրենց երեխայի կրթության իրավունքի համար:
Լիա Խոջոյան
Լուսանկարը տրամադրել է փոքրիկ Վահեի մայրը՝ Ա. Մանուկյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…
«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …
«Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»
Դիտումների քանակը` 6765