”Նա գոնե արդարություն կհաստատի…”
Արդեն տասնվեցերորդ օրն է Երեւանի Ազատության հրապարակում հացադուլ է անում նախագահական ընտրություններում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չճանաչելով ընտրությունների արդյունքները ծավալեց «Բարեւ» հանրահավաքային շարժումը: Այսօր նրա կողքին՝ Ազատության հրապարակի հարթակում եւ ժողովրդի շարքերում քիչ չեն կանայք: Ինչո ՞ւ են նրանք գալիս հրապարակ, ի ՞նչ ակնկալիքներով եւ հույսերով: Այս հարցերի շուրջ է WomenNet.am –ը զրուցել Ազատության հրապարակի ակտիվիստ կանանցից մի քանիսի հետ:
30 -ամյա Անահիտ Հովհաննիսյանը Ազատության հրապարակում երիտասարդների նստացույցի մասնակից է, «Համահայկական երիտասարդական ուսանողական շարժման» համակարգող է: Երիտասարդ աղջկա խոսքով, իրեն այսօր ոչինչ չի գոհացնում ` սկսած կրթական համակարգից սկսած, մինչեւ մնացած ոլորտները: Նրա համոզմամբ երկիրն այսօր արմատական եւ համակարգային բարեփոխումների խնդիրի առաջ է կանգնած: Ասում է, որ մի պահանջ ունի միայն` ինքնաբացարկ գործող նախագահից:
‘’Չենք հանդուրժում գործող իշխանությանը, չենք թողնելու, որ երդմնակալությունը տեղի ունենա, նստացույցը հետապնդում է այդ նպատակը` ինքնաբացարկ ենք պահանջում: Կոնկրետ ես ինքս իմ ձայնը տվել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ես վստահ եմ, որ հաղթանակը իրենն է եղել եւ հիմա ես պայքարում եմ իմ քվեն պահպանելու եւ ընտրությունների իրական արդյունքները վավեր ճանաչելու համար’’,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը:
54 –ամյա տիկինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը ասաց, որ գալիս է Ազատության հրապարակ, որ ”մեր երեխաները նորմալ ապագա ունենան, որովհետեւ այս իշխանություններից մեր երեխաների համար նորմալ ապագա սպասել հնարավոր չէ” Րաֆֆի Հովհաննիսյանից տիկինն ակնկալում է, որ նա ”գոնե արդարություն կհաստատի եւ ժողովուրդն արհամարված չի լինի”:
51-ամյա գործազուրկ Մարիետա Մանուկյանն էլ ասում է, որ այսօր պետությունը որեւէ ուշադրություն չի դարձնում հաշմանդամ երեխաների վրա: Մարիետա Մանուկյանն ակնկալում է, որ գոնե սոցիալական ոլորտում եւ հատկապես հավասար հնարավորությունների առումով Րաֆֆի Հովհաննիսյանը փոփոխություններ կապահովի : ”Ես ակնկալում եմ, որ գոնե ինչ-որ փոփոխություն կլինի սոցիալական ոլորտում, ինչ-որ բան կփոխվի իմ երեխաների համար”:
Տիկին Մանուկյանն ասում է նաեւ, որ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում, ինքը ակամա գործազուրկի կարգավիճակում է հայտնվեկ, որովհետեւ աշխատանք չկա: ”Ես չեմ ուզենա գնալ եւ հավաքարարություն անելով ապրել: Հիմա դրա համար էլ են անգլերենի իմացություն պահանջում: Ես ուզում եմ, որ մենք էլ հարգված լինենք մեր երկրում, այնպես ինչպես այլ պետությունների քաղաքացիներն են ապրում”,-նշում է նա:
WomenNet.am -ը զրուցեց է նաեւ այն կանանց հետ, ովքեր չեն մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
29-ամյա Լիանա Հարությունյանն ասում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն իր աշխատանքով պետք է կերտի իր ապագան: ‘’ Չեմ կարծում, որ ստեղծված պայմաններում միտինգների միջոցով հնարավոր է ինչ-որ բան փոխել: Դա որեւէ արդյունք չի տա, ինձ թվում է, որ ավելի ճիշտ է աշխատել, սեփական ջանքերով փորձել ինչ-որ բան փոխել: Ես գերադասում եմ չգնալ միտինգների, փորձել փոխել կյանքս իմ աշխատանքով, համենայն դեպս անել այն ամենը, ինչը որ համարում եմ` կարող եմ’’:
37-ամյա Քրիստինան չի մասնակցում որեւէ շարժմանը, որովհետեւ հիասթափվել է: ”Ես արդեն չեմ հավատում որեւէ մեկին”,- ասում է նա, մտավախություն հայտնելով ` ”հանկարծ այնպես չլինի, որ քաղաքական այս խաղերը բերեն հինգ տարի առաջ տեղի ունեցածի կրկնությանը”…
Զրուցեց
Մարիաննա Ղահրամանյանը
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
Դիտումների քանակը` 3418