Նացիստական Գերմանիայում «կատարյալ արիացի երեխա» ճանաչված աղջիկը հրեա է
Նացիստական Գերմանիայում «կատարյալ արիացի» երեխայի կերպարը մարմնավորող աղջիկը, ինչպես պարզվել է, հրեա է: Քիմիայի պրոֆեսոր ամերիկացի Հեսսի Թաֆթը, ում վեցամսյա հասակում արված լուսանկարը նացիստների կողմից ժամանակին ճանաչվել էր որպես «արիական» երեխայի իդեալական կերպար, հրեա է: Ինչպես վերջերս պատմեց ինքը Հեսսի Թաֆթը, լուսանկարի հեղինակն այն մրցույթի էր ուղարկել առանց իր ծնողների գիտության՝ ծաղրելու նացիստական ռասայական տեսությունը: Եվ դա իրեն հաջողվել էր. աղջկա պատկերն ամսագրի համար ենթադրաբար ընտրել էր քարոզչության հարցերով նախարար Յոզեֆ Գեբելսը:
Անցյալ շաբաթ 80-ամյա պրոֆեսորը Հոլոքոստի «Յադ Վաշեմ» հուշահամալիրին է փոխանցել Նացիստական Գերմանիայում 1935-ին լույս տեսած «Արևը տանը» ամսագրի օրինակներից մեկը, որտեղ էլ տպագրված է իր մանկական լուսանկարը: «Այսօր ես կարող եմ միայն ծիծաղել այս ամենի վրա: Բայց եթե 80 տարի առաջ նացիստներն իմանային, թե ով եմ ես, այժմ ես, հավանաբար, ողջ չէի էլ լինի»-ասել է Թաֆթը:
Թաֆթի ծնողները` Յակով և Պոլինա Լևինսոնները` երկուսն էլ տաղանդավոր երաժիշտներ, 1928 թ. Լատվիայից տեղափոխվել են Գերմանիա, որպեսզի շարունակեն իրենց կարիերան, և բնակվել են Բեռլինում: Նացիստների` իշխանության գալուց հետո Հեսսիի հայրը կորցնում է իր աշխատանքը օպերային թատրոնում, քանի որ հրեա էր: 1935 թ., երբ աղջնակը դեռևս կես տարեկան էր, իսկ Գերմանիայում մոլեգնում էին հակահրեական բռնությունները, Պոլինա Լևինսոնը դստերը տանում է հայտնի լուսանկարիչ Հանս Բալլինի մոտ, որն էլ անում է հայտնի լուսանկարը:
Մի քանի ամիս անց Լևինսոնները սարսափում են` իրենց երեխայի լուսանկարը տեսնելով նացիստական ամսագրի շապիկին: Հեսսիի մայրը ջանում է երեխայի հետ փողոց դուրս չգալ` մտավախություն ունենալով, որ անցորդները կճանաչեն նրան և կիմաման, որ «իդեալական արիացի երեխա» ճանաչված փոքրիկն իրականում հրեա է:
Ինչպես նշում է Հեսսի Թաֆթը, նրա մայրը գնում է լուսանկարչի մոտ և փորձում պարզել, թե ինչու է առանց իր համաձայնության երեխայի լուսանկարն ուղարկել «արիական» երեխաների լուսանկարների մրցույթին: Լուսանկարիչը ասում է, որ դիտմամբ է այդպես արել. քանի որ ուզում էր ապացուցել, որ նացիստական ռասայական տեսությունը բացարձակ զուրկ է որևէ հիմքից և երրորդ ռայխի պարագլուխներն իրենք չեն կարողանում տարբերել հրեա երեխային արիացուց:
Լուսանկարչին դա հաջողվում է, և հրեա աղջնակի լուսանկարը` որպես «իդեալական արիացի երեխայի» օրինակ , ընտրում է ինքը Յոզեֆ Գյոբելսը` նացիստական Գերմանիայի քարոզչության հարցերով նախարարաը:
Այդ լուսանակրը բացիկների տեսքով տարածվեց ողջ Գերմանիայով մեկ: Նացիստներն այդպես էլ չկարողացան պարզել երեխայի ինքնությունը: 1938 թ. -ին ձերբակալում են նրա հորը, սակայն վերջինս նացիստական կուսակցության անդամ ընկերոջ օգնությամբ ազատվում է, և ընտանիքով տեղափոխվում նախ Լատվիա, ապա Ֆրանսիա, այնտեղից` Կուբա, իսկ 1949 թ.` ԱՄՆ: Ներկայում Հեսսի Թաֆթը Նյու Յորքի համալսարանում քիմիայի պրոֆեսոր է: «Այժմ ես լուծեցի իմ վրեժը»` իր լուսանկարով ամսագիրը փոխանցելով «Յադ Վաշեմ» թանգարանին:- Կնոջ խոսքերն է մեջբերում «The Daily Telegraph»-ը:
Դիտումների քանակը` 3879