Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
«Երևանը գնալով վերածվեց գավառական մի քաղաքի՝ չխաբվելով նոր շինություններին, գիշերային լուսավորությանը, ընդհանուր առմամբ, վերածվեց մի բանի, որ 2-3 օրով Երևան եկողը պիտի զմայլվեր, հրճվեր մեր քաղաքով, բայց այն այստեղ մշտապես բնակվողի համար անհարմարավետ և անհիշողություն քաղաքի վերածվեց: Սա շատ ցավալի է, որովհետև դա արվեց մեր ձեռքով, ոչ թե՝ օտարների»,-ասում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններն են, երևանցիները, գուցե ինչ-որ փոփոխություններ են ակնկալում մայրաքաղաքում. խնդիրները շատ են՝ սկսած քաղաքի դիմագծից, կանաչապատումից մինչև տրանսպորտի, բազմաբնակարան շենքերի վերելակների ու տանիքների խնդիրներ:
«Հին Երևանն էր, դա պետք է վերակառուցվեր՝ պահպանելով կոլորիտը»
Նարինե Թուխիկյանն ասում է՝ ցավոք, մայրաքաղաք Երևանն այնպես է աղճատվել, որ չի էլ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր քաղաքը «վերակենդանացնել»: Մտավորականն ասում է՝ հանճարեղ ճարտարապետ Թամանյանի նածագիծը աղավաղվեց, Հյուսիսային պողոտան այսօր մեռած մի բուլվառ է. «Բայց ինձ ավելի շատ ուրիշ մի բան է տխրեցնում, ավելի ճիշտ՝ ջղայնացնում: Այդտեղ փոքրիկ հողաշեն հյուղակներ էին, Հին Երևանն էր, դա պետք է վերակառուցվեր՝ պահպանելով կոլորիտը»:
Տիկին Թուխիկյանն ասում է՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատման հետևանքով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, երբ Արամի փողոցի անկյունից նայում ենք՝ դարձել է մի փոքրիկ խեղճացած շենք. «Որովհետե Պողոտայի փողոցների լայնությունը թույլ չի տալիս Օպերայի շենքն իր հմայքով ու մեծությամբ երևա: Որքան գիտեմ, փողոցի լայնությունն այնպիսին պիտի լիներ, որպեսզի Օպերայի շենքն իր ամբողջ կորությամբ, ֆասադով երևար: Սա չի արվել, որպեսզի ավելի շատ քառակուսի մետր տարածք վաճառվեր, ավելի շատ փող աշխատեին: Օպերայի շենքը շատ վիրավորված վիճակում է, ինձ համար սա ամենասոսկալին է, քան այն, որ այդ թաղամասի նորակառույց շենքերում մարդիկ չեն բնակվում: Օպերայի փառահեղ շենքի դիմացը հեծանիվներ են, բատուտներ, արևածաղիկ վաճառողներ, սա ի՞նչ է: Այնքան ապականեցին ամեն ինչ, նեղացրեցին մեր քաղաքն ու բնակիչներին»:
«Եթե հնարավորություն ունենաիք փոփոխություններ անել, ինչի՞ց կսկսեիք»
Այս հարցը լսելուց հետո, նա նախ ծիծաղեց, հետո՝ հոգոց հանեց. «Աուդիտ կանցկացնեի, որպեսզի պարզեի 10 և ավել տարիներ շարունակ բյուջեից այդ գումարներն ինչպես են ծախսվել: Վստահ եմ՝ աուդիտի արդյունքները թույլ կտային դիմել իրավապահ մարմիններին: Երևանն այնքան է աղճատվել ու այնպիսի շինարարություն է գնում, որ իրապես, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է փրկել Երևանի տեսքը: Ես վերջերս Պատկերասրահի բարձր պատշգամբից նայում էի քաղաքին, ու տեսնում էի, թե ինչպես է Թամանյանի և իր ժամանակակիցների հանճարեղ արվեստն ուղղակի բարբարոսաբար ոչնչացվում՝ անիմաստ բարձրահարկ շենքերով, որոնք կառուցվում են և խեղճացնում են հրապարակի ամբողջ համալիրը: Ես չգիտեմ՝ դրանք ո՞նց պիտի քանդվեն, մարդիկ ներդրում են արել, այս հարցերը պետք է լուծվի: Պետք է լուծվեն շենքերի հարկայնության ու սեյսմակայունության հարցերը, դրանք սոսկալի են»:
Տիկին Թուխիկյանը կարոտվ է հիշում տրամվայը,ասում է՝ այն մայրաքաղաքային կոլորիտ է, եվրոպական շատ քաղաքներում պահպանվել են, անգամ՝ Ստամբուլում: Իսկ Երևանում նախագահ Քոչարյանի ժամանակ տրամվայը վերացվեց, Թուխիկյանը նկատում է՝ «Երևի տրամվայի գծերի մետաղը իրենց անհրաժեշտ էր՝ քանդեցին: Բայց չէ որ դա քաղաքի կոլորիտն էր, հիշողությունը, իսկ եթե գծերը լինեին, կարելի էր արդիականացնել, շատ գեղեցիկ ու հրապարուրիչ բան սարքել, որը նաև զբոսաշրջիկների համար հետաքրքիր կլիներ»:
Մեկ այլ խնդիր է նշում տիկին Թուխիկյանը. Քաղաքի տեսքի և կոլորիտի համար սալահատակը շատ կարևոր է:Մտավորականը հիշում է՝ կար ժամանակ, երբ Աբովյան, Թումանյան փողոցից մինչև Պուշկինի մի հատված մեծ սալահատակներ կային.« Քանդել են, տեղը ասֆալտապատել, իսկ սալահատակները «հավերժական են», այսինքն՝ դրանք շատ երկար տարիներ դիմանում են, բացի այդ սալահատակը փող «ուտել» թույլ չի տալիս»…
Մեր մայրաքաղաքի մաքրության ու կանաչապատման խնդրին է ուշադրություն հրավիրում Թուխիկյանը. ասում է՝ այսօր կակաչներ են տնկում մայթերին, հաստատ դրանք տնկվել են առանց մասնագետի հետ խորհրդակցելու. «Բույս կամ ծաղիկ տնկելը ինքնանպատակ չէ, դրանք նաև արտանետումները չեզոքաացնելու համար պիտի լինեն: Կան բույսեր, որոնք կլանում են արտաներոտումները, բայց չեն մահանում: Իսկ մենք տեսնում ենք դեռ մի կարգին չբացված, բայց արդեն թոշնած կակաչներ…»
«Պարզապես այդ մարդիկ չեն գիտակցում, անկիրթ և անճաշակ են»:
Երևանի սրտում Օղակաձև այգին էլ հիշեց մտավորականը, ասում է՝ բարբարոսաբար քանդվեց այգին, ծառերը հատվեցին: Թուխիկյանը նշելով Օղակաձև այգում ահռելի մարզական համալիրը, որը վերջերս է կառուցվել, նկատում է՝ տգեղ է Երևանի կենտրոնում նման բան կառուցելը, դա պետք է այլ տեղ լիներ, այգում ու երեխաների խաղահրապարակի փոխարեն դա կառուցվեց: Նարինե Թուխիկյանն ասում է՝ անտրամանաբանական ու անհասկանալի բաներ են անում, կարծես այդ ամենը թշնամու արած լինի: Հետո ավելացնում է. «Ուզում եմ հավատալ, որ դիտավորյալ չեն անում, երևի՝ չհասկանալով: Պարզապես այդ մարդիկ չեն գիտակցում, բանականություն չունեն, անկիրթ և անճաշակ են»:
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցների շենքերի ձեղնարակերն էլ Թուխիկյանի կարծիքով, աղավաղում են քաղաքի տեսքը, դրանք շենքերի տեսքը տգեղացնում են. «Այս ձմեռը ես շատ սիրեցի, որովհետև շատ ձյուն եկավ ու ձեղնահարկերի տգեղությունը ձյունը քողարկել էր: Բայց, երբ ձյունը հալվեց, նորից կտուրների վրա այդ տարբեր գույնի ու ոճի, անճաշակությունն ու տգեղությունը երևաց: Պարզ է, որ կառուցողները կաշառք են տվել, որ կառուցեն: Իսկ եթե թույլատրվում է օրենքով, կարելի էր ընդհանուր ճարապետական ոճի մեջ անել այդ ամենը»:
Արևոտ, բայց ոչ տապից խեղդող ու հոգևոր Երևանը վերադարձնել հնարավո՞ր է: «Հնարավոր է»,-պատասխանում է մտավորականը, ու նշում՝ բայց միայն մի դեպքում՝ եթե քաղաքի գլուխ լինեն մարդիկ, ովքեր սիրում են մարդուն, քաղաքացուն, հյուրին, որը Երևան կայցելի.«Եթե դու սիրում ես քո քաղաքը ոչ այն բանի համար, որ հնարավորություն ունես հյութերը քամել ու եկամուտ ստանալ, այլ՝ որովհետև դու պատրաստ ես տալ: Միմիայն տալով մեր քաղաքը կշտկվի, և միայն քաղաքացիները չէ, որ պիտի տան, առաջին հերթին քաղաքապետը պիտի տա իր կյանքից ու նվիրվի գործին»:
Մեր քաղաքի պատմության ցավալի էջերից են Նորքի անտառների հատումը, որը բնակիչները ցրտից պաշտպանվելու համար էին անում, բայց հետո, ավելի լավ ժամանկներ եկան, իսկ քաղաքային իշխանությունները, ինչպես Թուխիկյանն է ասում, նոր անտառ տնկելու փոխարեն, անվերջ շենքեր են կառուցում. «Դա նշանակում է քաղաքը տեր չունի, բայց այդ տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի: Այսօր տեսնում ենք երևանցին աղբը նետում է փողոց, թեպետ աղբամանը մի քանի մետրի վրա է, այդպես է անում, որովհետև ինքը նույնը տեսնում է քաղաքապետարանում նստած մարդուց, որը թքած ունի քաղաքի վրա»:
Արձանների ու հուշարձանների Երևանից էլ բան չի մնացել. Մտավորականն ասում է՝ «Երևանը չեմ պատկերացնում առանց Արտո Չաքմաքչյանի քանդակների: Ամեն ինչ արեցին, որ այդ մարդը թողնի գնա: Աշխարհի լավագույն քաղաքներում ցուցադրված են նրա քանդակները, իսկ Երևանը զուրկ է Արտոյից, որովհետև գավառամիտ, անգրագետ մարդիկ են որոշում կայացնում: Կրկնեմ՝ քաղաքը տեր չունի, այնտեղ նստածները կապ չունեն քաղաքի հետ, նրանք կապ ունեն միայն իրենց գրպանի և բանկային հաշիվների հետ, ցավով եմ ասում: Գավառամտությունն է տիրում, և սա միայն այսօրվա քաղաքպետարանի մասին չէ, նախիկինն էլ նույնն էր: Ինչ-որ մի տարվանից սկսած Երևանը դարձավ բարբարոսության թատերաբեմ՝ քանդվեցին պատմամշակութային հուշարձան շենքերը, վկան՝ Աֆրիկյանների տունը: Քանդում են ու դրանց տեղերում անճաշակ բարձարհարկերն են կառուցում: Նման մոտեցումները պետք է փոխվեն»:
Մերի Հարությունյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
Քաղաքի արդար կառավարում. նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծություն
Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները
«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ
Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
Դիտումների քանակը` 3101