Նանսենի առաքելությունը շարունակվում է մեկ դար անց սիրիահայ փախստականների համար
Մինչ պատերազմը Հովիկ Աշչյանը և իր ընտանիքը ապրում էին Սիրիայում՝ Հալեպ քաղաքում, շատ երջանիկ կյանքով: Նա աշխատում էր իր սեփական խանութում որպես ոսկերիչ, իսկ կինը՝ Թամարան, խոհարար էր: Նրանց աղջիկ Ռիտան դպրոց էր հաճախում: Նրանց ընտանիքը Սիրիայի 80 հազարանոց հայ համայնքի մասն էր կազմում:
Երբ սկսվեց հակամարտությունը և երկիրը պառակտվեց, նրանց ընտանիքը շատերի նման ստիպված եղավ փախչել:
– Ես կորցրեցի ամեն ինչ – իմ տունը, իմ մեքենան, աշխատանքս, – հիշում է Հովիկը: – Այն ամենն, ինչ փայփայում էի, անհետացավ մի ակնթարթում: Մենք վախեցած էինք, մտածեցինք, որ չկա որևէ այլ ավելի ապահով տեղ, որտեղ կարող ենք գնալ, քան Հայաստանը՝ մեր նախնիների երկիրը:
2012-ի ամռանը Հովիկն ու իր ընտանիքը Հայաստան եկան: Իրենց տնից օդանավակայան տանող 20 րոպեանոց ճանապարհը 3 ժամում անցան, վախենում էին ետ նայել, քանի որ հազիվ փախան հրետանային ռմբակոծությունից:
Նրանք ապահովություն և նոր կյանք գտան Հայաստանում, բայց ստիպված էին թողնել իրենց համար շատ թանկագին հուշերն ու իրերն անցյալում:
– Իմ աղջիկը հույս է փայփայում, որ իր Աստվածաշունչը և DVD-ները պահպանվել են, և որ նրանք սենյակի մի ապահով անկյունում են,- պատմում է Հովիկը: – Նա չի կարող ընդունել, որ մեր տունն ամբողջովին ավերվել է և ոչինչ չի մնացել:
ՄԱԿ ՓԳՀ-ն օգնում է Հովիկին և իր ընտանքին վերսկսել իրենց կյանքը Հայաստանում գործընկեր ՀԿ-ների միջոցով, այդ թվում՝ «Առաքելություն Հայաստան»-իի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության և ԿԱԶԱ Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի: Շնորհիվ վարձակալության սուբսիդավորման ծրագրի՝ նրանք կարող են իրենց թույլ տալ ապրել մի փոքրիկ բնակարանում Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Հովիկը նաև օգտվել է մասնագիտական վերապատրաստումներից և եկամտի ստեղծման նախագծերից, և փորձում է օգտագործել իր հմտությունները Հայաստանում նոր ոսկերչական բիզնես սկսելու համար:
– Հիշում եմ, որ օրուգիշեր աշխատում էի ընդամենը մի ոսկե զարդ սարքելու համար, ու հետո նյարդայնանում էի՝ մտածելով՝ արդյոք կարող եմ վաճառել: Հետո աստիճանաբար շփվելով մարդկանց հետ, լսելով իրենց նախընտրությունների մասին, նվազեցնելով գինը և հատուկ պատվերներ ընդունելով՝ մարդկանց ուշադրությունը գրավեցի իմ աշխատանքների վրա ու հիմա արդեն նրանցից շատերը դարձել են իմ մշտական հաճախորդները:
Այսօր նրա ոսկերչական զարդերից մեկը նույնիսկ ցուցահանդեսներից մեկում մրցանակի է արժանացել: Հովիկի կինը՝ Թամարան նույնպես նոր աշխատանք է գտել, իսկ աղջիկը քոլեջ է ընդունվել: Կյանքը խաղաղվել է, կարծես թե, իր հունի մեջ մտել:
– Այսօր ես հպարտ եմ, որ կարողանում եմ ստեղծել իմ փոքր և կայուն եկամուտը, – ասում է Հովիկը ժպիտով: – Շնորհակալ եմ, որ Աստված ինձ ոսկերչական շնորհք է տվել, որն օգնում է ինձ վաստակել իմ համեստ եկամուտը և մեծացնել իմ դստերը Հայաստանում:
Որպես սիրիահայ Հովիկը գիտի՝ ինչքան կարևոր գործն է անում ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանում: Նա մեծ եղեռնից փրկված այն հազարավոր հայ փախստականների ժառանգներից է, ովքեր 1915թ-ից հետո Ֆրիտյոֆ Նանսենի օգնության շնորհիվ հաստատվեցին տարբեր երկրներում, այդ թվում Սիրիայում: Փախստականներով վերակազմավորված Սիրիայի հայ համայնքը հայտնի դարձավ իր արհեստագործներով, ոսկերիչներով, արհեստավորներով և գործարարներով և մեծապես նպաստեց Սիրիայի զարգացմանը և բարգավաճմանը:
– Սիրիահայերը պարտական են հայերի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին», – ասում է Հովիկը: Մեր նախնիներն իրենց գոյատևման համար պարտական են Նանսենի անձնագրին, որը ժամնակին նոր կյանքի դռներ բացեց իրենց համար Սիրիայում: Այսօր էլ մենք պետք է փայփայենք նրա անունը և որպես իր առաքելության շարունակություն արժանապատիվ կյանքով ապրենք մեր նախնիների երկրում՝ Հայաստանում:
Նրա խոսքով, հայերը, ովքեր իրենց լիովին ինտեգրված էին զգում Սիրիայում, ստիպված եղան կրկին փախչել, այս անգամ Հայաստան:
– Բայց մենք նաև նպաստում ենք հասարակության և տնտեսության զարգացմանը Հայաստանում, քանի որ մենք՝ սիրիահայերս, մեզ հետ բերել ենք արժեքների և հմտությունների մի մեծ բազմազանություն, – ասում է Հովիկը:
Չնայած նրան, որ Հովիկը և մյուսները որոշակի հաջողությունների են հասել, Սիրիայից տեղահանված ներ հայրենակիցների համար հեշտ չի հաղթահարել ինտեգրման ճանապարհի դժվարությունները: Առողջապահական կարիքները, բնակարանային խնդիրները, լավ վարձատրվող աշխատանքի պակասը, ոչ բարենպաստ գործարար միջավայրը, լեզուն և մշակութային խոչընդոտները այն հիմնական դժվարություններն են, որոնց բախվում են սիրիահայ ընտանիքները Հայաստանում:
Սիրիայում սկսված հակամարատության հետեւանքով շուրջ 17 հազար սիրիացիներ՝ հիմնականում հայկական ծագումով, ժամանեցին Հայաստան, որոնցից 2015-ի դրությամբ շուրջ 13 հազարը մնացել են Հայաստանում որպես տեղահանված անձինք:
Նրանց աջակցելու համար կառավարությունն առաջարկում է պարզեցված հպատակագրում, արագացված ապաստանի ընթացակարգեր և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կացության թույլտվություն:
Բացի այդ, ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկեր ՀԿ-ների հետ մարդասիրական աջակցություն է տրամադրում Սիրիայից տեղահանված ընտանիքներին՝ հոգալով նրանց հրատապ կարիքները, առաջարկելով շտապ օգնություն և իրագործելով նրանց ինտեգրացիային նպաստող նախագծեր:
Անահիտ Հայրապետյան,
ՄԱԿ ՓԳՀ, Երևան, Հայաստան
Լուսանկարը ՝ UNHCR/A. Hayrapetyan
Աղբյուրը ՝ UNHCR
Դիտումների քանակը` 3277