Նանսենը և երեխաները. անել դժվարն ու անհնարինը…/ լրացված
«Դժվարը դա այն է, ինչ կարելի է անել անմիջապես, անհնարինը` քիչ ավելի երկար ժամանակ է պահանջում»… Այս խոսքերը պատկանում են առաջին Ազգերի լիգայի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, ով մարդկանց օգնելու իր անձնվրությամբ ապացուցեց դրանց ճշմարտությունը:
Դեկտեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճը հյուրընկալել էր Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սիրիահայ և տեղաբնակ սաներին ու ՄԱԿ-ՓԳՀ ազգային հետևորդ Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի երեխաներին, ովքեր մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի կազմակերպած «Նանսենը և երեխաները» խորագրով համերգին: Միջոցառումը նվիրված էր առաջին Ազգերի լիգայի փախստականների գծով գերագույն հանձնակատարի, հայոց իրավունքների անշահախնդիր պաշտպան` Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 154 ամյակին:
WomenNet-ի հետ զրույցում ՄԱԿ ՓԳՀ հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը՝ խոսելով հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջոցառման մասին, նշեց, որ այն սիրո, հարգանքի ու երախտագիտության տուրք է մի մարդու հանդեպ, ով մտահոգվելով ցեղասպանություն տեսած ժողովրդի ճակատագրով՝ հայոց իրավունքների անշահախնդիր պաշտպան դարձավ եւ ում նախաձեռնությամբ հարյուր- հազարավոր հայեր փրկվեցին իսպառ ոչնչացումից: Նանսենյան անձնագրերն եղեռնից մազապուրծ 320.000 հայերի համար ապրելու իրավունք ապահովեցին աշխարհի 52 երկրներում՝ քաղաքացիություն շնորհելով նրանց:
– Եվ ահա, ճակատագրի բերումով 100 տարի անց հազարավոր սիրիահայ փախստականներ լքելով իրենց ծննդավայրը եկել են հայրենիք: Նրանք շատ լավ հիշում են Նանսենին, քանի որ նրանց նախնիներից շատերը փրկվել ու գոյատևել են հենց Նանսենյան անձնագրերի շնորհիվ: Ուստի սիմվոլիկ է, որ այս երեկոն նվիրվում է Մեծ մարդասերի ծննդյան 154-ամյակին,-ասաց Ա.Հայրապետյանը:
Միջոցառման մասնակիցներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսքում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը մեկ անգամ ևս կարևորեց Հայ ժողովրդի համար Ֆ.Նանսենի կատարած մարդասիրական քայլը:
– Ցավոք պետք է նշեմ, որ 100 տարի անց դարձյալ Երկիր մոլորակի վրա շարունակվում են պատերազմներն ու տեղահանումը, մարդիկ հարկադրված լքում են իրենց բնակավայրերը, ապավինելով այլ երկրների բարեգթությանը: Այդ առումով ողջունելի է Հայաստանի` Սիրիայից և Ուկրաինայից ներգաղթած իր հայրենակիցների հանդեպ ցուցաբերվող հոգատարությունը: Սակայն միայն կառավարությունները չեն, որ պետք է հոգան փախստականների խնդիրները, այն պետք է մտահոգի յուրաքանչյուր բանական մարդուն, հասարակության ցանկացած անդամ կարող է և պետք է իր աջակցությունը ցուցաբերի տուժած և տեղահանված մարդկանց, դա կարող է լինել ուսանողը, գործատուն, շարքային քաղաքացին, ով կարող է կացարան տրամադրել փախստականին: Յուրաքանչյուրն իր ձևով կարող է նպաստել նրանց խնդիրների լուծմանը, ցավի մեղմացմանը: Սակայն պետք է մտածել նաև տառապանքի պատճառների վերացման մասին,-ասաց պարոն Բիրվիրթը, և սիրահոժար արևմտահայերենով արտասանեց «Կռունկ» հոգեթով բանաստեղծությունը:
Եվ իրոք, սիրիահայերի հանդեպ ցուցաբերվող հոգատարությունը պետք է լինի ամենօրյա, որպեսզի իրենց ծննդավայրում շարունակվող պատերազմի մասին լուրերը չմթագնեն իրենց առօրյան: Նրանց ու իրենց երեխաների համար աշխատանքով ու արվեստի այս կամ այն ճյուղով զբաղվելու հնարավորության ստեղծումը պետք է լինի յուրաքանչյուրի մտահոգությունը:
– Այն ջերմագին խոսքերը, որոնք այսօր հնչում են այս բեմից, պետք է հնչեն ամեն օր: Փախստականի կարգավիճակն, իրոք ծանր է, թեև ես նրանց համարում եմ ավելի շատ հայրենիք վերադարձած հայրենակիցներ, և ովքեր ջերմության կարիք ունեն: Համոզված կարող եմ ասել, որ նրանք այդ ջերմությունը զգում են ամեն քայլափոխի: Մենք մեկմեկու համար պետք է թեկունք, պատվար լինենք: Կարծում եմ, այդպես էլ կանք,- ասաց ՄԱԿ-ՓԳՀ ազգային հետևորդ Զարուհի Բաբայանը:
ՀՀ կառավարության և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ սիրիահայերին աջակիցների թվում է նաև Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը, որտեղ դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Բալյանի փոխանցմամբ թատերական, կերպարվեստի, երաժշտության , պարային և այլ բաժիններում հաճախում է շուրջ 52 սիրիահայ երեխա: <Նրանք շրջապատված են սիրով ու հոգատարությամբ: Համատեղ պարապմունքները նպաստում են սիրիահայ և տեղացի երեխաների շփմանն ու ջերմ հարաբերությունների ձևավորմանը>,-ասաց նա:
ՄԱԿ ՓԳՀ հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանի փոխանցմամբ իրենց գրասենյակը առաջնահերթ է համարում փախստական երեխաների բարօրությանը ուղղված ծրագրերը, քանի որ երեխաների հոգեբանական, գեղագիտական և ուսումնական կարիքները հոգալով դրանով իսկ ապահովում են ծնողների բարեկեցությունը:
– Նրանց համար այլևս անորոշ չէ իրենց երեխաների ներկան ու ապագան, քանզի հայրենիքում լուծվում են նրանց կրթության և մշտապես զբաղվածության խնդիրները: Սիրիահայ երեխաների կրթությունն ու դաստիարակությունը շարունակվում է ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ վերանորոգված և անհրաժեշտ գույքով ու երաժշտական նվագարաններով համալրված դպրոցներում, այդ թվում նաև Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, որտեղ սիրով ու ոգևորությամբ հաճախում են նաեւ սիրիահայ երեխաներ: Հատկանշական է, որ տեղացի երեխաների հետ շփման արդյունքում նրանք քաղցրահունչ արևմատահայերենի հետ մեկտեղ արդեն հիանալի տիրապետում են արևելահայերենին: Այսինքն, պահպանելով իրենց հոգևոր և մշակութային արժեքները, նրանք հիանալի յուրացրել են նաև տեղական մշակույթն ու կենցաղը, լեզուն ու սովորույթները:
Պաշտոնական ելույթներին հաջորդեց ՄԱԿ ՓԳՀ-ի կազմակերպած գեղեցիկ երեկույթը , որի ընթացքում հանդիսատեսն անկեղծորեն հիացավ Զարուհիի Բաբայանի երգի ստուդիայի երեխաների, արվեստի դպրոցի թատերական խմբի Նանսենի կյանքի դրվագների բեմականացումից, ջութակահար և դաշնակահար շնորհալի երեխաների ելույթներից:
Արվեստի դպրոցի սաները վարպետորեն ներկայացրին Ֆրանսիայի նավահանգստում հայ գաղթականների հանդիպման տեսարանը, իսկ փոքրիկ հաղորդավարները մեկընդմեջ պատմում էին Նանսենի կյանքի ու գործունեության մասին, ներկայացնելով նրան, ով իր ապրած կյանքով ապացուցեց, որ ամենակարևորը մարդ լինելու մասնագիտությունն է :
Բեմից հանդես եկող սիրիահայ երեխաները իրենց կատարած երաժշտական ստեղծագործությունից հետո պատմում էին սեփական երազանքների ու ծրագրերի մասին: 2012 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքից Հայաստան տեղափոխված Աննա-Մարիա Սարգսյանը սիրում է Ղազարոս Սարյանի անվան դպրոցն ու իր ուսուցիչներին, որոնցից սովորում է երաժշտության այբուբենը: Իսկ Հալեպի Գ.Գյուլբենկյան վարժարանի նախկին սան Ժակլին Հակոբյանն այսօր Վ. Բրյուսովի անվան համալսարանում սովորելուն զուգընթաց ուսանում է նաև Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնում:
«Շնորհակալություն եմ հայտնում դպրոցին, որ անվճար դասընթացների հնարավորություն տվեց ինձ և ինձ պես սիրիացի երեխաներին: Շնորհակալություն եմ հայտնում UNHCR–ին, որ միշտ օգնում է մեզ: Խոնարհվում եմ Ֆրիտյոֆ Նանսենի անվան առջև իր մարդասիրության համար>,- ասաց նա: Երախտագիտության խոսքեր հնչեցրին նաև մանկուց երգել երազող և հայրենիքում անվճար երգեցողության ուսուցման հնարավորություն ստացած Ալիս Կարապետը, դաշնամուր նվագել երազող Մեղրիկ Փոլատյանը, ում երազանքները փոշիացան Սիրայում սկսված պատերազմի հորձանուտում: <Սակայն Տերը նոր ճանապարհ բացեց մեր առջև և մենք եկանք հայրենիք: Ես երազում էի, որ նպատակներս իրականանան իմ մայր հողի վրա: Շնորհակալություն նրանց , ովքեր բացեցին ճանապարհները և իրականացրեցին մեր հույսերը: Հպարտ եմ, որ հայ եմ ու հայրենիքիս մեջ եմ», – իր խոսքն այսպես ավարտեց Մեղրիկը:
Ճակատագիրը ժպտացել էր նաև Մեղեդի Ջեյնանյանին, Մարալ Գասպարյանին, ներկայումս Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի 11–րդ դասարանում սովորող և Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինն ավարտած Արամ Խանլարին ու շատերին, ովքեր ծնողների հետ միասին չկորցրին հավատը գալիք օրվա հանդեպ, քանի որ հայրենիքում օգնություն պարգևող ձեռքերն աղոթող շուրթերից շատ էին:
Կամերային երաժշտության տան ճեմասրահում ցուցադրված էին արվեստի դպրոցի սիրիահայ երեխաների գեղանկարչական աշխատանքերը, որոնցում պատերազմը, գաղթն ու հայրենիքը ներկայացված էին երեխաների պատկերացմամբ: Կտավներում կար մեկ ընդհանուր գաղափար`որքան էլ պատերազմները խախտեն ազգերի խաղաղությունը, այնուհանդերձ ամեն խավարի մեջ լույս կա, քանի դեռ աշխարհում կան խավարի դեմ պայքարող ազնիվ մարդիկ, ինչպիսին մեծ մարդասեր Ֆ.Նանսենն էր, ում դիմանկարն այնքան ջերմությամբ պատկերել էր 17-ամյա Սերլին Թեքեյանն իր աշխատանքում: «Ծնողներս մնացել են Բեյրութում, ես ապրում եմ քեռուս տանը: Սկզբից դժվար էր ինձ համար առանց ծնողների, բայց հետո հարմարվեցի: Այստեղ էլ լավ է, թեև անհամբեր կսպասեմ ծնողներիս հետ միանալուն», -ասում է Սերլին:
Ֆ.Նանսենի ծննդյան տարելիցին նվիրված ցերեկույթի ավարտին ՄԱԿ ՓԳՀ-ի կամավորները միջոցառման մասնակիցներին նվիրեցին փափուկ խաղալիքներ` ՄԱԿ ՓԳՀ-ի խորհրդանշական արջուկները:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4552