Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»  

13-ամյա Նազելին առաջին անգամ  իմացավ, որ հոկտեմբերի  11-ը  համարվում է  Աղջիկ երեխաների  միջազգային  օր, զարմացավ ու  միաջաժամանակ ուրախացավ, որ ինքն ու  իր  հասակակիցները  նման   տոն ունեն:

 

Նազելին սովորում է Երևանի Գարեգին Նժդեհի անվան  թիվ 161 դպրոցի 8-րդ դասարանում: Նախընտրած առարկաններն են  անգլերենն ու  ֆիզիկան, լավ է սովորում, համոզված է, որ այն  ինչ ուսանում են  դպրոցում,  պետք է  գալիս ողջ կյանքում: Սակայն  միայն  դպրոցի  գիտելիքներով  չի սահմանափակվում՝ զբաղվում է սպորտով և երգով: Երկրորդ  տարին է,  ինչ դասերից  հետո հաճախում է  բասկետբոլի պարապմունքներին: Բայց գլխավոր նախասիրությունը  երգն է: Դեռ փոքրուց  սիրել է  երգել, նրա առողջ ու զրնգուն  ձայնը  հաճախ է  հնչել հավաքույթների  ժամանակ կամ տանը՝  գործ անելիս: Դպրոցն ավարտելուց  հետո Նազելին որոշել է  լրջորեն զբաղվել երգարվեստով, կատարելագործվել արտասահմանում,  անգամ  ընտրել է երկիրը՝ ԱՄՆ-ը: Ասում է  ուսանողական  ծրագրեր  կան, որոնց միջոցով էլ  կիրականացնի իր երազանքը:

 

-Մանկական  փառասիրություն  չհամարեք,սակայն  կուզեի, որ Նազելի Մուխայելյան անունը հնչեր բեմերից: Կարծում եմ, ցանկացած  երազանքի  իրագործման  բանալին բարձունքներին ձգտելու  մեջ  է, այլապես  ոչնչի  չես  հասնի,-համոզված է  Նազելին:

 

Հայկական  երգարվեստի  սիրահար է Նազելին, սիրում է լսել Սոնա Ռուբենյանի  երգերը,  հատկապես «Լուսին» երգը, սակայն նրան էլ ավելի հագեհարազատ է  հարավկորեական  BTS ռոք  խումբը, որին  «հայտնաբերել» է համացանցի  միջոցով: Նազելին խմբի միլիոնավոր երկրպագուներից  մեկն է, և  BTS –ի մասին ավելին  իմանալու  նպատակով որոշել է համացանցի  միջոցով ուսումնասիրել  կորեերեն լեզուն:

 

 

-Սիրում եմ անգլերեն  և  կորեերեն լեզուները, ուզում եմ  այդ  խմբի տղաների  հետ  շփվել ոչ թե անգլերենով, այլ  իրենց մայրենի  լեզվով: Այս  տարի Էջմիածնում  ծանոթացա կորեացի երկու աղջիկների՝ Հյունահի և Մինայի հետ, ում  հետ համացանցի միջոցով  շփվում եմ: Նրանցից  բացի համացանցում  կորեացի այլ  ընկերներ  էլ ունեմ,  իրենց  օգնությամբ էլ  ուսումնասիրում եմ  կորեերեն լեզուն,  կան  նաև  լեզուների ուսուցման ծրագրեր, որոնցից  նույնպես  օգտվում եմ: Ինձ  դուր է  գալիս Կորեայի հարուստ մշակույթը, լեզվի  հետ մեկտեղ  ուսումնասիրում եմ  նաև այդ երկրի  պատմությունն ու  մշակույթը, և անպայման  որոշել եմ  մեկնել Կորեա,-ասում է Նազելին:

 

Դստեր համարձակ ու հավակնոտ   ծրագրերը  փոքր ինչ մտահոգում են մորը՝ տիկին Հասմիկին, սակայն  հայրը՝ Վահանը դեմ  չէ: Նազելիի  խոսքով հայրը  լիովին ողջունում է  դստեր որոշումը, անգամ  խրախուսում. «Հայրս ինձ ոգևորում է, ասում է,  երազանքներն ու ծրագրերը որքան էլ  համարձակ ու անիրականալի թվան,  պետք է առաջ  շարժվել,  հետ չկանգնել որոշումից»: Քույրը՝ Աննան իր  համախոհն է, ու քանի որ  նրան  ծրագրերն էլ  պակաս  համարձակ  չեն, ուստի  նույնպես ոգևորում է քրոջը:

 

Նազելիին  ֆինանսական  դժվարությունները  չեն  մտահոգվում,  որոշել է  երկու  տարի հետո, երբ քիչ էլ  կմեծանա,  աշխատել,  գումար  տնտեսել արտասահմանում  ուսանելու և որոշ  ժամանակ ապրելու  համար:

 

Նազելիի  նախասիրություններից  մեկն էլ  պարն է,  տանը հաճախ է պարում BTS ռոք  խմբի երաժշտության  ներքո, տանից դուրս՝ ընկեր-ընկերուհիների  հետ: Ի դեպ, Նազելին  ընկերասեր է,  ու գտնում է, որ լավ  ընկերը  նա է, ով  ազնիվ է ,  նվիրված ու  գաղտնապահ: Նա գերադասում է ունենալ քիչ,  բայց  հավատարիմ  ընկերներ:

 

-Այսօր մեր սերունդը, կարծում եմ  շատ ավելի ազատ ու համարձակ է  մտածում ու  գործում, սակայն  որքան էլ  ժամանակն  իր հետքը թողնի  մեր դաստիարակության  վրա, այնուհանդերձ  մենք  ծնվել  և  մեծանում ենք  հայկական  ընտանիքում, որտեղ հարգանքն ու սերը  ծնողների հանդեպ,  հայկական  ավանդույթները պահպանվում են,- ասում է Նազելին:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նինայի պատմությունը. «Ամուսնացրեցին, երբ 15 տարեկան էի» …

«Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի…»

Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»  

Մեր աղջիկ երեխաները . թվերն են խոսում

#Բավականէ  սոցիալական արշավը մեկնարկեց Մայր Հայաստան հուշարձանի մոտ

Աղջիկների ուժը…

Դիտումների քանակը` 1683

Գլխավոր էջ