Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
2011 թ. դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացրեց «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցը: Ինչպես նշեցին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներակայացրեցին «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ եզրակացություններ:
Մասնավորապես, հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը երեխա ունենալ սկսել է բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում, ինչը շատ կարևոր է առողջ մայրության համար: Խիստ դրական է նաև, որ հայաստանյան հասարակությունն արդեն ծնված երեխայի նկատմամբ, անկախ սեռից, ցուցաբերում է միևնույն հոգատարությունը:
Այդուհանդերձ, ապագա երեխայի հարցում, հասարակությունը մեծապես նախապատվություն է տալիս տղա երեխաներին՝ վեց անգամ ավելի, քան աղջիկներին: Հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900.000 վերարտադրողական տարիքի կանանց 0.8%-ը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: Իսկ դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր:
Բանախոսների ներկայացմամբ, զեկույցը հիմնված է 2830 տնային տնտեսություններում 2011 թ. հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն անցկացված քանակական հետազոտության, ինչպես նաև երևույթի որակական ուսումնասիրության արդյունքների վրա:
Այն պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աջակցությամբ:
Ըստ ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության
ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրականացվել է. ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Ընտրանքը և վերջնական տվյալների բազան ձևավորել և դաշտային աշխատանքներն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նպատակը . պարզել Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, հիմնական պատճառները և հասարակական ընկալումը:
Հիմնախնդրի էությունը.
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 1993 թ.-ից սկսած, Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 110-ից 120 տղա` 100 աղջկա դիմաց:
Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Այսինքն, Հայաստանում վերջին տասնամյակում սկսել են ծնվել ավելի քիչ աղջինկեր և ավելի շատ տղաներ: Այս շեղման հնարավոր պատճառներից մեկի՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների առկայությունը ստուգելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նախաձեռնեց հետազոտություն:
Տվյալների հավաքագրման կիրառված մեթոդները
- Հայաստանի 2830 տնային տնտեսություններում վերարտադրողական տարիքի (15-49) երբևէ հղիացած կանանց շրջանում անցկացված քանակական հետազոտություն
- Հղիության արհեստական ընդհատման նպատակով բուժհաստատություններ այցելած հղիների հարցում
- Տղամարդկանց և կանանց, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում ֆոկուս-խմբերով իրականացված արագընթաց որակական գնահատում
Ո՞ր ժամանակահատվածում.
Քանակական հետազոտությունը և հղիների հարցումն իրականացվել են 2011 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը: Արագընթաց որակական գնահատումն իրականացվել է 2011 թ. հուլիսին:
Հիմնական եզրակացություններ.
- Հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900,000 վերարտադրողական տարիքի կանանց 0.8 տոկոսը (մոտ 7200 կին) վերջին 5 տարվա ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: Համապատասխանաբար, միջինացված տվյալներով, Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր:
- Հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը երեխա սկսել է ունենալ բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում:
- Ծնվելուց հետո աղջիկ երեխաների նկատմամբ առկա է հավասար վերաբերմունք ու խնամք:
- Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում.
- 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում
- քաղաքաբնակ կանանց շրջանում
- բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում, և
- բարձր եկամուտներ ունեցող (100,000 դրամ և ավելի) կանանց շրջանում
- Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումը հիմնականում (82.6%) կայացվել է ինքնուրույն՝ հղիների կողմից:
- Տղա երեխաներին նախապատվություն տվող ընտանիքները մոտ 6 անգամ ավելի են, քան աղջիկներին նախապատվություն տվողները (գյուղական բնակավայրերում՝ 10 անգամ ավելի, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 4 անգամ ավելի):
- Քանակական հարցմանը մասնակից յուրաքանչյուր 5 կնոջից 2-ը նշել են, որ առաջին հղիության ժամանակ ցանկանում էին տղա ունենալ: Մինչդեռ աղջիկ երեխա ցանկանում էր ունենալ միայն ամեն յոթ կնոջից մեկը:
- Միևնույն ժամանակ, առաջին հղիության դեպքում հարցվողների մոտ կեսի (44%) համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել:
- Այն ընտանիքներում, ուր նախապատվությունը տրվում է աղջիկներին, առաջնեկը հիմնականում (80.1%) աղջիկ է եղել, իսկ այն ընտանիքներում, ուր նախապատվությունը տալիս են տղաներին, առաջնեկը հիմնականում (60.8%) եղել է տղա:
- Դեպքերի ճնշող մեծամասնությունում (77.8%) ամուսինները միասնաբար են որոշում, թե քանի տղա և քանի աղջիկ պետք է ունենան:
- Տղաների նկատմամբ նախընտրությունը հիմնականում պայմանավորված է.
- տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ,
- ունեցվածքի ժառանգորդ լինելու հանգամանքով, ինչպես նաև
- ընտանիքում տղամարդու ազդեցիկ դիրքով, հասարակության մեջ տղաների շատ ավելի ակտիվ դերակատարությամբ և սոցիալական մոբիլությամբ:
Որակական հարցազրույցների մասնակիցների պատասխաններից կարելի է եզրակացնել, որ աղջիկների և տղաների պարագայում ընտանիքի ներսում տարբերակված վերաբերմունքի հետ կապված առանձնակի խնդիրներ չկան, և խնդիրը հետագայում հասարակության մեջ կնոջ ինքնադրսևորման հեռանկարները և կնոջ ավելի խոցելի վիճակն է:
Դիտումների քանակը` 5735