Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի

Արդեն երկու ամիս է, ինչ ապագա մայրիկ Անի Հարությունյանի տրամադրությունը, սննդակարգն ու առօրյան փոխվել է։ Ըստ նրա՝ հղի լինելու հանգամանքն արդեն աներևակայելի զգացողոթյուններ է առաջացրել իր մոտ, միևնույն ժամանակ նաև պարտավորվածություն՝ առողջ երեխա լույս աշխարհ բերելու։ Ու թեև հիվանդ ժամանակ բժշկի այցելել  չի սիրել, բայց իր կարգավիճակում պարտադիր է համարում բժշկի խորհուրդներին հետևելը։  

 

«Առաջին անգամ, երբ գնացի բժշկի, պտուղը 3 շաբաթական էր։ Էխո արեցին, ասացին, որ իրենց հաշվարկներով ավելի մեծ պետք է լիներ ու հնարավոր է չզարգացող պտուղ լինի։ Առաջարկեցին 10 օր սպասել վերջնական պատասխանի համար։ Այդ 10 օրերի ընթացքում չեմ կարող նկարագրել, թե ոնց եմ տանջվել, ինչ ապրումներ եմ ունեցել»,- անկեղծանում է իր առաջնեկին սպասող ապագա մայրիկը։

 

Անի Հարությունյանի խոսքով՝ 10 օր անց կրկին այցելել է  բժշկի և ևս մեկ անգամ ասել են, թե չեն լսում երեխայի սրտի զարկերը։

 

«Ես սկսեցի լացել, քանի որ անկախ այն բանից, որ ինքը դեռևս շատ փոքր է, ոչինչ չի զգում կամ հասկանում, ես արդեն իրեն սիրում եմ, ուզում եմ ամեն ինչ լավ լինի իր հետ։ Բժշկուհին հանգստացրեց ինձ  ու նորից նայեց։ Այդ ժամանակ լսեցի փոքրիկիս սրտի զարկերը։ Աննկարագրելի զգացողություն էր՝ ինքն այդքան փոքր, բայց սիրտը խփում է»,- աչքերի առանձնահատուկ փայլ ու դեմքին ժպիտ տալով՝ պատմում է Անին։

 

Հղիության ընթացքը սովորաբար բաժանվում է եռամսյակների: Առաջին եռամսյակում սաղմը շատ զգայուն է, և առավել մեծ է վիժման վտանգը: Հենց այդպիսի վտանգ էր զգացել բժիշկը նաև Անիի սաղմի համար և անհրաժեշտ դեղեր ու վիտամիններ նշանակել։

 

«Հղիության առաջին եռամսյակում հանդիպող հիմնական խնդիրներն են ինքնաբեր վիժումները, որոնք հաճախ լինում են հղիության 6-12 շաբաթական ժամկետներում, ինչպես նաև արտարգանդային հղիությունը, ընկերքի ցածր տեղակայումը, բշտիկային զանգվածը, չզարգացող հղիությունը։ Հղի կնոջ օրգանիզմում պտղի չզարգանալու դեպքում սպեցիֆիկ կլինիկական դրսևորումներ չեն լինում։ Որպես կլինիկական դրսևորում կարող է լինել սեռական ուղիներից եկող արյունային կամ մուգ գույնի արտադրություն, սակայն դա էլ պարտադիր նշան չէ»,- բացատրում է մանկաբարձ-գինեկոլոգ Մելանյա Մանասյանը՝  նշելով, որ հղիության ողջ ընթացքում բժշկի այցելելն ու վերջինիս հետ կապ պահպանելն անչափ կարևոր է հետագա խնդիրներից խուսափելու համար։

 

Նրա խոսքով՝ կինը հղիության 10-12 շաբաթականում արդեն պետք է հաշվառված լինի մանկաբարձ-գինեկոլոգի մոտ, սակայն եթե հղին ունի բարդացած մանկաբարձական անամնեզ (օրինակ՝ ինքնաբեր վիժման վտանգ կամ չզարգացող հղիություն), ապա հսկողության տակ պետք է գտնվի հղիության ավելի վաղ ժամկետներից։

 

Ամբողջ հղիության ընթացքում, եթե հղիությունը լավ է ընթանում, ապա հղի կինը բժշկի պետք է այցելի մոտավորապես 6-8 անգամ, իսկ հղիության ախտաբանությունների դեպքում՝ այցերի թիվն ավելի շատ է լինում, իսկ լրացուցիչ այցերի ժամկետները որոշվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, կախված հղիության պաթոլոգիայից։

 

Մանկաբարձ-գինեկոլոգ Մելանյա Մանասյանի փոխանցմամբ՝ հղիության երկրորդ եռամսյակում հղի կանանց մոտ ամենից հաճախ ի հայտ են գալիս ուշացած ինքնաբեր վիժումները, որոնք լինում են հղիության 13-21 շաբաթական ժամկետներում։ Որպես բարդություն կարող է լինել նաև իստմիկո-ցերվիկալ  անբավարարությունը, որոնք հանդիպում են արգանդի պարանոցի տրավմաների ժամանակ՝ կապված հղիության արհեստական ընդհատման, ծննդաբերական տրավմաների, ֆունկցիոնալ խանգարումների  և հիպերանդրոգենեմիայի հետ։ Այդ ժամանակ արգանդի պարանոցը կարճանում է, բացվում է արտաքին և ներքին օղը և տեղի է ունենում ինքնաբեր վիժում։ Այս եռամսյակին բնորոշ խնդիրներ են նաև ներպտղային ինֆեկցիաները, որոնց արդյունքում պտղի մոտ առաջանում է ներարգանդային աճի դանդաղում, պտղի զարգացման անոմալիաներ, մեռելածնություն։

 

Ապագա մայրիկ Նելլի Մակարյանը, ով  հղիության 5-րդ ամսում է գտնվում, վերջերս առնչվել է արգանդի պարանոցի կարճացման խնդրին։

 

«Չէի կարող ենթադրել, որ նման վտանգ կառաջանա, որովհետև իսկապես ինձ լավ էի զգում, երբեմն-երբեմն զգում էի և հիմա էլ զգում եմ երեխայի խաղը, ինչը, որ իսկապես կարևոր է, չնայած սկզբում այնքան անսովոր էր․ ինձ թվում էր՝ շրջապատումս բոլորը նկատում են, թե երեխաս ոնց է ոտքով հարվածում»,- պատմում է Նելլի Մակարյանը։

 

Նելլի Մակարյանի փոխանցմամբ՝ թեպետ մինչև այժմ իր հղիությունը հեշտ է ընթացել, այդուամենայնիվ ամուսինն ու ընտանիքի մյուս անդամներն ամեն հարցում իր կողքին են եղել, օգնել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

 

«Ամուսինս ամեն հարցում շատ ուշադիր է․ երբեմն նորածինների մասին պատմող ուսուցողական ֆիլմեր ենք դիտում միասին, ամսեամիս քննարկում ենք, թե զարգացման ինչպիսի փուլում է գտնվում մեր բալիկը, ինչն է օգտակար ինձ, ինչպիսի հագուստ պետք է կրեմ և այլն»,- ասում է Նելլին ու հավելում, որ բացի բժշկից պարբերաբար խորհուրդներ է լսում նաև քրոջից, ով արդեն 2 երեխաների մայր է։

 

Բժշկի փոխանցմամբ՝ հղիության երրորդ եռամսյակում հանդիպող տարածված բարդություններ են առաջադիր ընկերքը, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատումը, վաղաժամ ծննդաբերությունը և այլն։

 

Արևիկ Հայրապետյանը, ում դուստրը 2,6 տարեկան է, ժպիտով է հիշում հղիության 9 ամիսները։ 8-րդ և 9-րդ ամիսներն ամենադժվարն են եղել նրա համար, քանի որ դժվարությամբ է տեղաշարժվել, քնել, բայց խոստովանում է՝ երբ երկունքի ցավերից հետո տեսել է փոքրիկին ու գրկել, մոռացել է ամեն ցավի ու դժվարության մասին։

 

«Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում միայն կրծքի կաթ է կերել աղջիկս, հետո բժշկի խորհրդով նաև հավելյալ սնունդ եմ տվել ու քանի որ ստիպված էի աշխատանքի գնալ, փոքրիկս ընդհանուր հաշվով 11 ամիս է կրծքի կաթ կերել»,- պատմում է Արևիկը՝ հավելելով, որ մինչև այսօր էլ շարունակում է բծախնդրորեն հետևել երեխայի սննդակարգին ու նախատեսված պատվաստումների ժամանակացույցին։

 

Հղիների սննդակարգ առո՛ղջ սնունդ, առո՛ղջ մանկիկ

 

Անշուշտ, հղիության ողջ ընթացքում անչափ կարևոր է այն սննդակարգը կամ սննդամթերքների ցանկը, որը կինն անպայման պետք է ներառի իր ամենօրյա սննդում՝ առողջ մանկիկ լույս աշխարհ բերելու համար։  Բժիշկ Մանասյանի կողմից առանձնացված կարևոր ինֆորմացիան սննդակարգի վերաբերյալ փոխանցում ենք ապագա մայրիկներին։

 

Հղիների համար օգտակար ու կարևոր սննդատեսակները բաժանում ենք 4 խմբի՝ 1․ Հաց, ձավարեղեն, մակարոնեղեն և կարտոֆիլ, 2․ բանջարեղեն և մրգեր, 3․ կաթ և կանթամթերք, 4․ ձկնեղեն, թռչնամիս, միս և լոբազգիներ։

 

Եվ այսպես՝ 1-ին խմբի սննդատեսակներին պատկանող հացը, բրինձը, կարտոֆիլը, մակարոնեղենը, որոնք ածխաջրեր  են պարունակում, պետք է կազմեն հղիի սննդի հիմքը։ Այդ մթերքները էներգիայի հիմնական աղբյուրներ են և պարունակում են B խմբի վիտամիններ, երկաթ, ցինկ, կալցիում, իսկ կարտոֆիլը հանդիսանում է վիտամին C-ի լավ աղբյուր։

 

2-րդ խմբի սննդատեսակների մեջ մտնող բանջարեղենը և մրգերը պետք է օգտագործել օրական 400 գրամ։ Դրանք հարուստ են վիտամիններով, հանքային նյութերով, ինչպես նաև երկաթով, ֆոլաթթվով, որոնք հղիության ընթացքում կանխարգելում են սակավարյունության առաջացումը։ Վիտամիններն անհրաժեշտ են և՛ մոր, և՛ պտղի համար, օրինակ՝ վիտամին C-ն չի կարող պահեստավորվել օրգանիզմում և հետևաբար կարևոր է, որ հղին օրական ընդունի միրգ, բանջարեղեն։ Վիտամին C-ի օրական պաշարը բավարարված կլինի, եթե օրվա ընթացքում օգտագործի մեկ մեծ պղպեղ կամ 3 միջին չափի կարտոֆիլ կամ 150-160 գրամ կաղամբ։ Վիտամին C-ն քայքայվում է պատրաստման ընթացքում, ուստի բանջարեղենը պետք է քիչ եփել՝ 5-10 րոպե և հնարավորինս քիչ ջրով։ Ձմռան թարմ մրգերին ու բանջարեղենին պետք է փոխարինելու գան չորացված, սառեցված կամ թթու դրած տարբերակները։

 

3-րդ խմբի սննդատեսակների մեջ մտնող կաթը և կաթնամթերքը հանդիսանում է կալցիումի հիմնական աղբյուրներից մեկը, որն անհրաժեշտ է երեխայի ոսկրերի, ատամների առողջ ձևավորման համար։ Օրգանիզմը կացիումի որոշակի պաշար ունի, այդ իսկ պատճառով պտղի մոտ կալցիումի անբավարարվածություն չի առաջանում, փոխարենը եթե հղին չի ստանում համապատասխան կալցիում, ապա խնդիրները կարող են սկսվել հղիի մոտ՝ ատամները, եղունգները կարող են փչանալ, մազերը թափվել։ Կաթնամթերքը ոչ միայն կալցիումի, այլ նաև սպիտակուցների, հանքային նյութերի, վիտամին A-ի և B-ի հիանալի աղբյուր են։

 

Եվ վերջապես՝ 4-րդ խմբի սննդատեսակների թվին պատկանող ձկնեղենը, թռչնամիսը, միսը և լոբազգիները շատ հարուստ  են սպիտակուցներով։ Եվ պետք է օգտագործել օրական 200-300 գրամ։

 

Պետք չէ մոռանալ, որ յուղալի, ճարպոտ սնունդը գերադասելի չէ հղիի համար։

 

Շատ կարևոր է նաև այն, որ հղիության ժամանակ հղին օգտագործի ֆոլաթթու՝ B9-ը, վիտամին D և յոդի պրեպարատներ։ Հղիության ողջ ընթացքում անհրաժեշտ է մինիմալի հասցնել սուրճի և շոկոլադի օգտագործումը, քանի որ դրանք խոչընդոտում են երկաթի յուրացմանը։

 

Եվ որպես վերջին խորհուրդ՝ հղի կինը պետք է պահպանի անձնական հիգենան, շատ զբոսնի մաքուր օդում, խուսափի գերծանրաբեռնվածությունից, կրի թեթև ու հարմարավետ հագուստ՝ բամբակյա, բրդյա։ Կոշիկները պետք է լինեն հարմարավետ և ամենակարևորը՝ հղին պետք է ապահովվի իր հանգիստ քունը 8 ժամից ոչ պակաս, ինչպես նաև բացառի ալկոհոլն ու ծխախոտը։

 

Պետության քաղաքականություն, վիճակագրություն, մտահոգություններ

 

Հայաստանի Հանրապետությունում երեխաների և կանանց կեցության բարելավման և առողջության պահպանության խնդիրները գտնվում են պետության հովանու ներքո: Դրանք ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և մի շարք օրենքներով։

 

Երեխաների և մայրերի պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման կարևորությունը բազմիցս հաստատվել է նաև համաշխարհային հանրության կողմից: Հայաստանի Հանրապետությունը անկախության հռչակումից հետո, որպես Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-երկիր, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց կատարման շրջանակներում կանանց և երեխաների հիմնահարցերին տրվել է համազգային նշանակություն:

 

Մասնավորապես՝ 2000 թվականին, ընդունելով ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագիրը, խոստացել է, որ մինչև 2015 թվականը 1000 կենդանածինի հաշվով մայրական մահացությունը կլինի ավելի պակաս, քան 10-ը, ինչպես նաև 10-ից պակաս կլինի մինչև 5 տարեկան 1000 ծնված երեխաների մահացության ցուցանիշը։ Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 2012-2014 թվականներին մայրական մահացության միջին տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 21%-ով (2012թ-23.6, 2013թ.` 21.5, 2014թ.` 18,6): Անշուշտ, ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման համար դեռևս անելիքներ կան, սակայն նույն աղբյուրը փաստում է, որ մայրական մահացության մեր ցուցանիշն ամենաբարվոքն է ԱՊՀ երկրներում:

 

Որպես դրական փոփոխություն ոլորտում՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր 2014 թվականին առնչվող տարեկան զեկույցում արձանագրում է, որ ընդունվել է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը, որը կանոնակարգում է մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառությունն ու պիտակավորումը եւ խրախուսում է կրծքով սնուցումը, այնուամենայնիվ նույն զեկույցում նշվում է նաև, որ 2014 թվականին մանկահասակ երեխաների ճիշտ սնուցման խնդիրը դեռևս շարունակել է արդիական լինել: Մասնավորապես, ոլորտի հիմնական խնդիրներն են կրծքով սխալ կերակրումը և արհեստական կաթնախառնուրդների լայն օգտագործումը, ոչ ճիշտ հավելյալ սնուցման կազմակերպումը և ծնողների ու բուժաշխատողների գիտելիքների անբավարար մակարդակը, երեխաների սնուցման իրավիճակի գնահատման, աճի և զարգացման գնահատման և մոնիտորինգի ազգային համակարգի բացակայությունը և մի շարք այլ գործոններ։

 

ՀՀ վիճակագրական ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ իրականացված Ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանի երեխաների սնուցման ոլորտում հետընթաց է գրանցվել: Մասնավորապես, 5 տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է մայրերի կողմից սխալ կերակրման սովորության պատճառով, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների (37%) և հղի կանանց շրջանում (25%) առկա է սակավարյունության աճ: Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիների ընթացքում երեխաների սնուցումը չի բարելավվել, ավելին` թերաճության և թերքաշության ցուցանիշների վատացման կայուն միտում է դրսևորվել:

 

Բժիշկ Մելանյա Մանասյանի կարծիքով՝ կանանց շրջանում տարեցտարի ավելի է բարձրանում տեղեկացվածության մակարդակը հղի կնոջ կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ և, աշխատելով նաև մարզաբնակ հղի կանանց հետ, կարող է փաստել, որ նրանք տեղեկացվածության առումով ոչնչով չեն զիջում երևանաբնակ կանանց։ Նրա խոսքով հղիների և մանկահասակ երեխաների թերսնուցման հիմնական պատճառն առավել շատ կապված է սոցիալ-տնտեսական վատ իրավիճակի՝ աղքատության հետ, քան թե ապագա մայրերի անիրազեկության, համապատասխան գիտելիքների ցածր մակարդակի։

 

Մանկաբարձ-գինեկոլոգի ամենակարևոր խորհուրդն ապագա մայրիկներին մշտապես նույնն է․ «Հետևե՛ք Ձեր առողջությանը հանուն Ձեր ապագա բալիկների»։

 

Մինչև մայրանալու բերկրանքը զգալը՝ առաջիկա ամիսների ընթացքում Անի Հարությունյանը և Նելլի Մակարյանը դեռևս որոշակի դժվարություններ պետք է հաղթահարեն, բայց ամենակարևորն այն բանի գիտակցումն է, որ մոր և երեխայի ճիշտ սնուցումը, գրագետ խնամքը կարևոր են հետագա ամբողջ կյանքի համար, քանի որ պտղի ներարգանդային զարգացման 9 ամիսների ու երեխայի ծնունդին հաջորդող 2 տարվա ընթացքում աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի կազմակերպման դեպքում։

Նունե Հովսեփյան

Դիտումների քանակը` 8391

Գլխավոր էջ