Մնալ միայնակ և զոհ գնալ հասարակական կարծիքի՞ն, թե…

 

Երբեք չեմ մոռանա մեր հարևանուհի օրիորդ Սրբուհուն, ով ապրում էր տարեց մոր հետ և երազում էր մայրանալու մասին, սակայն շրջապատի, բարեկամների հանդիմանող «հայացքներից» խուսափելու համար երբեք էլ այդ քայլին չդիմեց …

 

Վերջին 23 տարիներին Հայաստանում ծնունդները նվազել են: 1990 թ-ին hանրապետությունում ծնվել է 79 882 երեխա, իսկ անցած քսանամյակում ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010-ին, ծնվել է 44 825 երեխա: Ըստ մասնագետների` 2015 թ. հետո ծնունդների թիվը կպակասի, քանի որ պոտենցիալ ամուսնացողները 90-ական թվականներին ծնվածներն են:

 

Առկա է նաև մեկ այլ մտահոգիչ կանխատեսվող ցուցանիշ, ըստ որի` եթե 1950-ին հանրապետությունում 0-14 տարեկան երեխաները կազմում էին բնակչության 33 %-ը, ապա 2050-ին կանխատեսվում է, որ այն կլինի 16%:  Ծնելիության ցուցանիշի անկման պատճառները Հայաստանում նույնն են, ինչպես ամբողջ աշխարհում: Հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական է` աշխատանքի բացակայություն, երեխայի բարեկեցիկ ապագայի վերաբերյալ անվստահություն, բնակարանային խնդիր և այլն:

 

Մեկ այլ տեսակետի համաձայն` որքան երկիրը սկսում է զարգանալ, այնքան ծնելիությունն ընկնում է, որովհետև կանայք ստանում են ավելի բարձր կրթություն, փորձում են ինքնահաստատվել, մտածում են կարիերայի մասին: Ուրեմն սա նաև զարգացող երկրի խնդիր է` լինել զարգացած և ունենալ քիչ երեխաներ կամ էլ, ինչպես ասում են` ապահովում են որակ, այլ ոչ թե քանակ:

 

Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև անպտղությունն, ապա պատկերն ավելի տխուր է դառնում, իսկ ցուցանիշներն` առավել մտահոգիչ: Հայաստանում յոթ ընտանիքներից մեկն ունի անպտղության խնդիր: Ըստ մասնագետների` վերջին հինգ տարիների համեմետ անպտղության տոկոսը հանրապետությունում նվազել է: Այսպես, եթե 10 տարի առաջ անպտղությունը Հայաստանում 28 տոկոս էր, ապա այսօր արդեն 16-18 տոկոս է: Սակայն այս թիվն ավելին է, քան զարգացած երկրներում: «Եթե անպտղության տոկոսը 5 տոկոսից ավելի է դա արդեն դեմոգրաֆիական խնդիր է առաջացնում»,- ահազանգում են մասնագետները:

 

Մասնագետները մեկ այլ հուսադրող փաստ էլ են արձանագրում. Բարեբախտաբար, հայ կանայք սկսել են  ավելի շատ դիմել դոնորական սերմի օգնությամբ հղիանալու միջոցներին՝ չիմանալով, թե ով է երեխայի հայրը: Սա նշանակում է, որ հայ տղամարդիկ կամաց-կամաց հաղթահարում են այդ բարդույթը և այնքան էլ չեն առաջնորդվում. «Ո՞նց, իմ կինը ուրիշի երեխային կրի» կամ էլ «Ես պիտի ուրիշի երեխային մեծացնե՞մ» կարգախոսով:

 

Այս մեթոդը կիրառվում է այն դեպքերում, երբ տղամարդիկ խնդիրներ ունեն սերմնաբջիջների հետ կապված, կամ, երբ  միայնակ կանայք,  հասկանալով, որ այլևս ընտանիք չեն կազմելու, որոշում են մայրանալ և վայելել երեխա ունենալու բերկրանքն ու պարգևը: Մնում է հասարակությունն էլ սովորական ընդունի այդ երևույթը և հարգի այդ մայրերի իրավունքը: Երբեք չեմ մոռանա մեր հարևանուհի օրիորդ Սրբուհուն, ով ապրում էր տարեց մոր հետ և երազում էր մայրանալու մասին, սակայն շրջապատի, բարեկամների հանդիմանող «հայացքներից» խուսափելու համար երբեք էլ այդ քայլին չդիմեց …

 

Ի դեպ,  Հայաստանը սերմնահեղուկի ներկրման խնդիր չունի, քանի որ առողջ տղամարդկանց պակաս չունենք:

 

Սակայն չպետք է մոռանանք,  որ այս պարագայում բացի անձնականից, նաև գլոբալ խնդիր է ինչ-որ առումով լուծվում: Գաղտնիք չէ, որ  Հայաստանն ունի լուրջ ժողովրդագրական խնդիրներ. ծնելիության անկում, ծերացում ու միգրացիա: Երեք ուղղություններով էլ պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակի հետևանքները մեղմելու նպատակով, հակառակ դեպքում 2050թվականին Հայաստանը կունենա մոտ 30%-ով ավելի քիչ բնակչություն, մինչդեռ մեր հարևանները, բացի Վրաստանից, որտեղ ժողովրդագրական վիճակն ավելի վատ է, բնակչության թվով նույնքան աճ կարձանագրեն:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 3116

Գլխավոր էջ