Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ
Գյուղատնտեսական տարին Արմավիրի մարզի Արտաշար համայնքում արդեն իր իրավունքների մեջ է: Սա առավել ակնհայտ դարձավ, երբ այցելեցինք Ջուլիետա Սարգսյանի ընդարձակ ջերմոցը, որտեղ փետրվարի կեսից արդեն կաղամբի թաղարները տնկարանից հողամաս էին տեղափոխել: Իսկ բերքահավաքն այստեղ ակնկալում էին ապրիլի 20-ից…
Ինչպե՞ս է ձեզ հաջողվում միաժամանակ համայնքապետարանում հաշվապահություն անել և հասցնել զբաղվել ոչ միայն գյուղատնտեսությամբ, այլև անասնապահությամբ: Մեր այս հարցին 60-ամյա Ջուլիետա Սարգսյանը պատասխանում է.
– Մի ձեռքը ծափ չի տալիս, ինձ օգնում են 10 հոգուց բաղկացած ընտանիքիս բոլոր անդամները՝ սկսած տարեց մորիցս մինչև եղբորս փոքրիկ թոռնիկները՝ իմ անվանակից Ջուլիետան և Նորիկը:
Սեփական ջերմոցային տնտեսություն և ֆերմա ունենալն իր պատմությունն ունի.
– Մասնակցելով «Ֆարմ կրեդիտ Արմենիայի» կազմակերպած դասընթացներին՝ առաջարկություն ստացա ջերմատներ կառուցելու համար ցածր տոկոսադրույքով վարկ ստանալ,- ասում է Ջուլիետա Սարգսյանը՝ հավելելով, որ առաջին անգամ 2009-ին է 1%-ով վարկ է վերցնում և գործի անցնում:
Ըստ տիկին Ջուլիետայի՝ դրական արդյունքները երկար սպասել չեն տալիս: Ամիսներ անց նա արդեն ունենում է երեք ընդարձակ ջերմոցներ, որտեղ մշակում է վարունգ, լոլիկ, տաքդեղ, իսկ այս տարի նաև՝ կաղամբ:
Տրամադրված վարկը, իր խոսքով, մեծ օգուտ բերեց, որից հետո որոշեցին երկրորդ անգամ վարկ վերցնել: Այս անգամ 1,8%-ադրույքով վերցրած 4 միլիոն 600 հազար դրամը, որը տրամադրվել էր երեք տարի ժամանակահատվածով, Ջուլիետային օգնում է ձեռք բերել խոշոր և մանր եղջերավոր անասուններ և մեկ տրակտոր:
Նա նաև նշում է, որ գյուղատնտեսության մեջ ոչ պակաս եկամտաբեր է նաև ձմերուկի մշակությունը: Մինչև ջերմոցային տնտեսություն ունենալը տիկին Ջուլիետան զբաղվել է ձմերուկ աճեցնելով:
– Սկզբում տեղական սորտն էինք մշակում,սակայն ավելի եկամտաբեր էր «Քլինթոն» սորտի մշակությունը,- ասում է տիկին Ջուլիետան՝ չմոռանալով նշել, որ իր մշակած ամենամեծ ձմերուկը 17 կիլոգրամ էր: Այս տարի նույնպես նախատեսել եմ 2 հա ձմերուկ տնկել,- ասում է Ջուլիետա Սարգսյանը:
Հաջողակ կին ֆերմերը ժամանակ է գտնում նաև տարբեր դասընթացների մասնակցելու համար՝ ընդլայնելով իր գիտելիքներն գյուղատնտեսության, ձեռներեցության և կառավարման բնագավառներում: Ժամանակին մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր. Հայաստան» գրասենյակի կողմից «Ջրից դեպի շուկա» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ոռոգման ջրի ներտնտեսային կառավարում» դասընթացին, հաջողությամբ ավարտել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ կողմից իրականացված «Տեղական ինքնակառավարման մարմինների ուսուցում և խորհրդատվություն» դասընթացը, անցել համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացը: Ստացել է նաև «Ֆարմ կրեդիտ Արմենիա» կազմակերպության փայամասնակցության հավաստագիր: Վերջինի կողմից էլ առաջադրվել է «Գյուղմթերք արտադրող կին հերոս 2014» մրցանակաբաշխության թեկնածու:
Տիկին Ջուլիետան ամուսնացած չէ, ապրում է եղբոր ընտանիքում: Հարգված ու սիրված է ոչ միայն ընտանիքում, այլև Արտաշար համայնքում, որտեղ որպես հաշվապահ աշխատում է արդեն 42 տարի:
Տիկին Ջուլիետայի հաջողության հասնելու բանալին մարդկանց վստահությունն է, որը նա վայելում է ինչպես ընտանիքում, այնպես էլ աշխատավայրում:
– Գլուխ չեմ գովում, բայց թե՛ եղբայրս, թե՛ իր որդիներն ինչ գործ էլ սկսեն՝ առաջին հերթին ինձանից են խորհուրդ հարցնում,- ասում է տիկին Ջուլիետան:
Փորձառու հաշվապահ և բանիմաց գյուղատնտես այս կինը նաև չափազանց հյուրասեր է, նրա ձեռքով պատրաստած գոմեշի մածունը մենք էլ համտեսեցինք՝ շատ համեղ էր…
Ջավահիր Եղիազարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»
«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»
«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»
«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ
Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ
Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում
«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»
«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…
«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»
«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ
«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ
«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»
WomeNet.am-ը անդրադառնում է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 4921