Միրա Անտոնյան. «Միջավայրը միշտ չէ, որ պատրաստ է “դժվար” երեխաներին հասկանալ »
Աբովյանի քաղաքապետարանի նախկին պիոներպալատի` խորհրդային տարիներից մնացած, մութ, ցուրտ ու անհյուրնկալ շենքում մի քանի լուսավոր ու բարեկարգ սենյակներ: Հայ օգնության ֆոնդի Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնն է: Այստեղ վերադաստիարակվում է փոքրիկ զանցանքներ թույլ տված / մանր գողություն, ծեծկռտուք, մուրացկանություն/ եւ ոստիկանությունում հաշվառված երեխաները:
ԵՄ ֆինանսավորմամբ ոստիկանության, Կոտայքի մարզպետարանի եւ Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների հետ համագործակցելով, կենտրոնը Աբովյանում գործում է շուրջ երկու տարի: Իր գործունեությունն սկսելուց ի վեր, կենտրոնի մասնագետներն աշխատել են 59 երեխայի հետ: Նրանց մի մասը տարբեր պատճառներով, օրինակ, բանակ զորակոչվելու կամ ամուսնանալու, այլեւս կենտրոն չեն հաճախում, իսկ մյուսներն էլ արդեն դրա կարիքը չեն զգում` ռեաբիլիտացվել են:
Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնորեն Միրա Անտոնյանի խոսքով, տարածված տեսակետ է, թե սոցիալական պայմաններն են պատճառը, որ երեխաները խնդիրներ են ունենում օրենքի հետ, բայց սա իրականում պրիմիտիվ պատկերացում է: “Աղքատությունից ոչ բոլորն են գնում գողություն անում կամ ինչ-որ մեկին վնասում: Հազար ու մի խնդիր կարող է լինել, եւ եթե երեխան վատ բան է արել, սոցիալական նորմ է խախտել, կանոններ է խախտել, նշանակում է, որ ինքը չլուծված խնդիր ունի իր ներսում` իրեն չեն հասկացել կամ տանը կամ դպրոցում կամ հարեւանները: Մեր նպատակն է եւ իրեն հասկանալի դարձնել շրջապատի ակնկալիքներին եւ շրջապատի համար հասկանալի դարձնել երեխային: Ինքը կարող է փոխվել, եթե տաս նրան այդ շանսը”,-ասում է Միրա Անտոնյանը:
Կենտրոնի մասնագետները` սոցաշխատողներն ու հոգեբանները, աշխատում են ոչ միայն երեխայի, այլեւ նրա շրջապատի հետ: Միրա Անտոնյանի խոսքով, երբեմն երեխային “պոկում են” ծնողներից: Եղել են դեպքեր, երբ ծնողները ֆիզիկական բռնույթյուն են կիրառել երեխայի նկատմամբ` չփորձելով հասկանալ նրան: Նման դեպքերում փորձ է արվում երեխային ու ծնողին բանակցային դաշտ բերել:
Այժմ ցերեկային կենտրոն հաճախող երեխաներից 14-ը գողության, 11-ը` ծեծկռտուկի, 5-ը`մուրացկանության, 3-ը` կրթությունից խուսափելու համար են հաշվառված եղել ոստիկանությունում: Կնետրոնի սաներից 7-ն աղջիկներ են, 34-ը` տղաներ: Միրա Անտոնյանի խոսքով,աղջիկների պարագայում խոսքն ավելի շատ վերաբերվում է տանը ընդունված չլինելուն, իսկ տղաների պարագայում` իրավախախտումներին. “Աղջիկների դեպքում հաճախ են առաջանում կոնֆլիկնտներ ընտանիքի անդամների հետ, երբ տան մեծերը սկսում են չհասկանալ նրանց, իսկ իրենք սկսում են ձգտել դեպի դուրս եւ ի վերջո, ընկնում են գիշերային ակումբներ, դառնում գործիք: Հետո արդեն ծնողներն ահազանգում են, բայց ամեն ինչ սկսվում է դեռահասության տարիքում երեխայի առանձնահատկությունները ծնողների կողմից չկարեւորելուց”:
Կենտրոնում երեխաներին հնարավորություն է տրվում վերանայելու սեփական վարքագիծը, հասկանալու, թե ինչ հետեւանք է թողել այն զոհի.”Ասենք, տատիկից փող է գողացել, դա տատիկի թոշակն էր եւ տատիկը մի ամբողջ ամիս հոսանքի համար չի վճարելու: Այսինքն, մենք օգնում ես, որ այս` պահի տակ արված գործողությունը երեխան վեր ածի տրամաբանական շղթայի եւ հասկանա, թե ինչ հետեւանք կարող է դա թողնել: Իրենք անում են փոքրիկ փոխհատուցման ծրագրեր, օրինակ, կարող է գնան տատիկի համար այգին փորեն, ծաղիկ ցանեն, որ փոխհատուցեն”:
Իսկ արդյունքները, Միրա Անտոնյանի խոսքով, ակնհայտ են `մեղմացած ագրեսիա վաղվա օրվա հանդեպ հույս, փոխված վարքագիծ, վերադարձ կրթություն, մասնագիտական կոմղնորոշման մեջ հստակություն, վերանայված հարաբերություններ ծնողների եւ ուսուցիչների հետ, որոնց մասին նախկինում երեխան հայհոյանքով էր խոսում: Այս ամենի հետ մեկտեղ, Միրա Անտոնյանը փաստում , որ երեխաներն արագ չեն շտկվում եւ դրան հասնելու համար երկարատեւ աշխատանք ու ամուր նյարդեր են հարկավոր:
Փորձագետը նշում է, որ կյանքի դժվարին պայմաններում հայտված երեխաների հետ աշխատանքի ընթացքում ամենամեծ բարդությունները կապված են միջավայրի հետ, որը միշտ չէ, որ պատրաստ է ընդունել նման պատմություն ունեցող երեխային. “Երբ մեկը վատ բան է անում, արդեն ճակատաի վրա գրվում է: Միջավայրը միշտ չէ, որ պատրաստ է երեխաներին հասկանալ եւ մեր աչքերով նայել խնդրին: Մեր խնդիրն է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստ մեր աչքերով նայել խնդրին: Միշտ չէ, որ վստահությամբ այս երեխաներին աշխատանք են տալիս, միշտ անհանգիստ են, իսկ մենք չենք թաքցնում, մենք փնտրում ենք այնպիսի գործատու, որը իմանալով այդ ամենը, ընդունակ է վստահել, որովհետեւ երեխան ունակ է փոխվելու, եթե դու տալիս ես այդ հնարավորությունը: Այն գործատուները, որոնք մեզ հետ համաձայնվում են, նրանք շատ չեն, բայց նրանք շատ ուժեղ մարդիկ են եւ դառնում են մեր դաշնակիցը”:
Երեխաները մինչեւ տասնութ տարեկանն են հաճախում կենտրոն, սակայն , ինչպես նշում է Միրա Անտոնյանը, երեխայի չափահասության պատճառով նրա հետ կապը չի խզվում: Կնետրոնում “դժվար” երեխաները մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն են ստանում: Երեխաներից շատերը խոհարարություն կամ դիզայն են սովորում, նրանցից մեկն էլ` թատերական քոլեջ է հաճախում: Խոհարարություն սովորած մի երեխա արդեն աշխատում է Երեւանի առաջնակարգ ռեստորաններից մեկում:
Կենտրոնը Աբովյանում գործում է 2011-ի հունիսից: ԵՄ ծրագիրն ավարտվում է -2013-ի վերջին: Ծրագրի շարունակականության նպատակով ակնկալվում է ներդրում Աբովյանի համայնքային բյուջեից:
Մարիաննա Ղահրամանյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Հայաստանում չեն կիրառվում բռնաբարված երեխային օգնելու ձեւերն ու միջոցները»
«Որ ամուսնացանք, իրանք ասում էին, որ տարբերություն չեն դնելու, բայց…»
Դիտումների քանակը` 4427