Միջազգային գործարար զեկույց . «Ավելի շատ կանայք ղեկավար պաշտոններում»
Կանանց տոներին ընդառաջ հրապարակվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի «Միջազգային գործարար զեկույց » -ը, համաձայն որի 2010 -ից հետո այս տարի կանայք ամենամեծ տոկոսն են զբաղեցնում ղեկավար պաշտոններում: Դրա հետ մեկտեղ, հետազոտությունը փաստում է , որ G7 երկրներում, որտեղ տնտեսական ցուցանիշները ցածր են, ղեկավար կանանց թիվը ավելի քիչ է, քան Ասիայի եւ Հեռավոր Արեւելքի բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում:
Գրանթ Թորնթոնը հորդորում է զարգացած երկրների գործարարներին մրցակցել զարգացող տնտեսությունների իրենց գործընկերների հետ եւ օգուտ քաղել ղեկավար պաշտոններում ավելի շատ թվով կանանց ներգրավելով:
Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, ղեկավար պաշտոնների 24%-ը կանայք են զբաղեցնում: Ցուցանիշը բարձրացել է ի համեմատ 2012թ. (21%) և 2011 թ. (20%): Այնուամենայնիվ, G7 երկրները գտնվում են աղյուսակի ստորին հատվածում. այնտեղ կանանց միայն 21%-ն է զբաղեցնում ղեկավար պաշտոններ: Ցուցանիշը 28% է BRIC երկրներում, 32%՝ Հարավարևելյան Ասիայում և 40% Բալթյան երկրներում:
Գրանթ Թորնթոն Բրիտանիայի և Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հարկային խորհրդատվության ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը մեկնաբանում է. «Տնտեսական աճի բարձր ցուցանիշ ունեցող զարգացող տնտեսություններում ընկերությունների ղեկավար կազմն ավելի բազմազան է: Կանայք կարևոր դեր են խաղում աճող տնտեսությունների ղեկավարման հարցում՝ հավասարակշռություն պահպանելով որոշումների ընդունման գործընթացում և իրենց ընկերության բնականոն գործունեության պահպանման հարցում: Համեմատության համար նշենք, որ G7 երկրները այժմ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ բացթողումները լրացնելու համար՝ երկարաժամկետ աճ և շահութաբերություն ապահովելու համար»:
Ճապոնիան (ղեկավար պաշտոնների 7%-ը զբաղեցնում են կանայք և դա ամենացածր ցուցանիշն է), Մեծ Բրիտանիան (21%) և ԱՄՆ-ը (20%) այդ առումով վերջին տեղը զբաղեցնող 8 երկրների ցանկում են: Այս երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպերը նույնպես ցածր են՝2012 թ. ցուցանիշը կազմում էր համապատասխանաբար 1.9%, -0.1 և 2.2%: Ի հակադրություն վերոնշյալի ասենք, որ սանդղակի վերին հատվածում գտնվում է Չինաստանը, որտեղ ղեկավար պաշտոնների 51%ը կանայք են զբաղեցնում: Այնտեղ 2012 թ. համար սպասվում է ՀՆԱ-ի 7-8% աճ: Սանդղակի լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Լատվիայի, Վիետնամի, Թայլանդի և Ֆիլիպինների աճող տնտեսությունները:
Ինչպե՞ս ղեկավար պաշտոններում կանանց ավելի շատ ներգրավել:
IBR – ը ցույց է տալիս, որ ճկուն աշխատելաոճը, չնայած շատերի կողմից ողջունելի է, սակայն որոշիչ գործոն չի հանդիսանում կանանց ղեկավար պաշտոններում ներգրավելու հարցում: Հետաքրքրական է, որ G7 երկրներում, որտեղ տնտեսական ցուցանիշները ցածր են, գործարարների 72% ը ունեն ճկուն աշխատելաոճ, մինչդեռ սանդղակի վերևվում գտնվող Չինաստանում գործարարների ընդամենը 27% ն է աչքի ընկնում ճկունությամբ, իսկ BRIC երկրներում՝ միայն 40%-ը:
Հավելենք նաև, որ աշխարհում գործարարների 55% -ը նշել է, որ դեմ կլիներ խոշոր ցուցակված ընկերությունների գործադիր խորհուրդներում ներկայացված կանանց թվի սահմանափակմանը:
Ֆրանչեսկա Լագերբերգը հավելեց. «Իրադարձությունները ճիշտ ուղղությամբ են զարգանում, սակայն առաջընթացի տեմպը դանդաղ է: Աշխատանքային ճկունությունը որոշիչ հանդիսացող միակ գործոնը չէ ղեկավար պաշտոններում կանանց ներգրավելու համար: Զարգացած երկրներում գործարարների մեծ մասը առաջարկում են վերոնշյալ պայմանը, սակայն դա չի նպաստում կանանց թիվը ղեկավար պաշտոններում ավելանալուն: Միաժամանակ գործարարները նշում են, որ ղեկավար պաշտոններում կանանց թվի սահմանափակումը հարցի լուծում չէ:
Սահմանափակումների բացակայության պարագայում, գործարարները կվստահեն ղեկավար պաշտոնները կանանց, եթե նրանք համոզված լինեն, այդ քայլը դրական կանդրադառնա իրենց գործունեության վրա և կնպաստի հետագա աճին: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ դա լավ մեթոդ է, և այն կիրառող տնտեսությունները աճի տեմպով և դինամիզմի ցուցանիշներով գերազանցում են մյուսներին »:
Զեկույցը ամբողջությամբ անգլերեն.
Աղբյուրը՝
Դիտումների քանակը` 6753