ՄԻՊ-ը ահազանգում է վտանգավոր պայմաններում գտնվող 209 երեխայի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի   գրասենյակը հաղորդագրություն է տարածել,  որի միջոցով  ահազանգում է, որ ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը: Այդ դպրոցում սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա‚ որոնցից 80-ը գիշերում են այնտեղ: Օմբուդսմենը դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր նախարար Արմեն Աշոտյանին հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին‚ սակայն ակնհայտ է‚ որ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Օմբուդսմենի  հաղորդագրության մեջ  ասված է, որ դպրոցի տանիքը վթարված է‚ առաստաղների եւ պատերի վրա կան ճեղքեր‚ շատ պատուհաններ չունեն ապակիներ‚ վնասված է մանրահատակը: Տեսողական խնդիրներ ունեցող երեխանների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են լուսավորումից‚ քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ‚ առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր‚ որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի եւ առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում‚ եւ նման պարագայում խնդրահարույց է‚ որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ: Դպրոցում պատշաճ պահպանված չէ նաեւ սննդի տրամադրման կարգը: Օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են‚ որ ինչպես նախորդ տարի‚ այս տարի եւս պատշաճ չի իրականացվում դեղորայքի տրամադրման գործընթացը: Խիստ մտահոգիչ է այն փաստը‚ որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին չեն ապահովում հատուկ դասագրքերով:

 

Ի դեպ‚ այս տարվա նոյեմբերին դպրոցի տնօրինությունն ապօրինի խոչընդոտել է Օմբուդսմենի ներկայացուցիչների մշտադիտարկմանը` ենթադրաբար նպատակ ունենալով կոծկել դպրոցում առկա բազմաթիվ անթույլատրելի խնդիրները: Միջադեպի մասին նախարար Աշոտյանի հետ պաշտոնական գրագրությունից հետո միայն Օմբուդսմենի ներկայացուցիչները կարողացել են մուտք գործել անմխիթար պայմաններով եւ չափազանց վատ կառավարվող այս հատուկ դպրոցը:

 

Հայտնենք նաեւ‚ որ դեռեւս 2014 թվականին Կրթության եւ գիտության նախարարն Օմբուդսմենին տեղեկացրել էր‚ որ բյուջեի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել շենքի հիմնանորոգման համար՝ նախահաշվարկներ կազմելու նպատակով: Սակայն կարող ենք միանշանակ փաստել‚ որ հաստատությունում առկա վիճակը շարունակում է մտահոգիչ եւ չլուծված մնալ: Միակ առաջընթացը‚ որ գրանցվել է մեկ տարվա ընթացքում այն է‚ որ այս տարի չի հայտնաբերվել ժամկետանց դեղորայք‚ ինչպես նաեւ մասամբ բարելավվել են դպրոցի խոհանոցային պայմանները:

 

Աղբյուրը՝ ՄԻՊ գրասենյակ

Դիտումների քանակը` 3632

Գլխավոր էջ