Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղաբնակ չաշխատող կանայք
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ միայն կրկնակի կավելանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք կստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք:
Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:
Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
Նշենք, որ խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում այն քաղաքացին, որը ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված է եղել և փաստացի բնակվել է առնվազն մեկ տարի անընդմեջ՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծննդյան օրը, ապա նպաստը կնշանակվի երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (այն ենթադրությամբ, որ աշխատող և չաշխատող մայրերին նախածննդյան 70 օրվա և հետծննդյան 70 օրվա համար տրվում է մայրության նպաստ):
Եթե մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
Բացի այդ, երկարացվել է նաև խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը՝ վեց ամսվա փոխարեն դառնալով 12 ամիս, իսկ նպաստի գումարը լիազորագրով կվճարվի ոչ թե վեց ամիս, այլ 12:
Փոփոխությունների համաձայն՝ խնամքի նպաստի չվճարված գումարը կվճարվի անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ ներկայումս գործող 6 ամսվա փոխարեն:
Վերացվել է նաև նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի:
Պարզեցվել է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:
Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:
Դիտումների քանակը` 1459