Միգրացիան աշխարհում և Հայաստանում
Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է:
1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է միգրանտների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության կոնվենցիան: Իսկ 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ը հիմնել է Միգրանտի միջազգային օրը (International Migrants Day), որը նշվում է դեկտեմբերի 18-ին:
Փորձագետների գնահատականներով՝ Երկրի բնակչության յուրաքանչյուր 35-րդ բնակիչը միգրանտ է, ով ապրում և աշխատում է իր երկրի սահմաններից դուրս: Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, եթե պահպանվեն միգրացիայի վերջին տարիների տենդենցները, ապա 2050 թվականին միգրանտների թիվը կարող է հասնել 405 միլիոնի: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո փախստականների վերաբնակեցման նպատակով : Իր մանդատի շրջանակում ՄՄԿ պաշտպանում է միգրանտների փախստականների և տեղահանված անձանց իրավունքները: Այս օրերին ՄՄԿ արշավ է հայտարարել Ես միգրանտ եմ» խորագրով , որի միջոցով բոլոր ցանակացողները կարող են աջակցել միգրանտներին, որոնց թիվն այսօր 244 միլիոնի է հասնում: Կազմակերպությունը շեշտադրում է փոխադարձ զարգացման այն նոր հնարավորությունները, որոնք առաջանում են միգրանտների ծագման և ընդունման երկրներում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ մարդիկ հաճախ միգրանտ են դառնում ոչ սեփական կամքով և պետք է հաշվի առնել մարդկանց տեղահանման պատճառները. աղքատությունը, զինված հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, բնական աղետները, սոցիալական անհավասարությունը և տնտեսական, քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների խախտումները: Նա հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայայացած Փախստռականների և միգրանտների խնդրին նվիրված բարձր մակարդակի գագաթաժողովում պետությունների և կառավարությունների ղեկակավարները Նյու Յորքյան հռչայագիր ընդունեցին ՝ միասնական պարտավորություններ վերցնելով միլիոնավոր փախստականների և միգրանտների պաշտպանությունը ապահովելու շուրջ: Գագաթաժողովի ընթացքում աշխարհի առաջնորդները պարտավորվեցին գտնել ավելի կանխատեսելի և արդարացի ուղիներ փախստականների և միգրանտների աննախադեպ մեծ թվով շարժումներին արձագանքելու համար՝ պատասխանատվության բաշխման միջոցով:
Միգրացիան Հայաստանում.
Հայաստանում նույնպես միգրացիան աճում է: Մասնագետներն առանձնացնում են միգրանտների 4 տիպեր՝ մշտական, սեզոնային, երկարատև ու կրթական: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի կողմից կատարված հետազոտության՝ Հայաստանում միգրանտների ամենամեծ թվով աչքի են ընկնում Շիրակի ու Գեղարքունիքի, ապա Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը: Միգրացիայի պատճառները կարելի է դասակարգել երկու խմբի՝ սոցիալ-տնտեսական (աշխատանքի բացակայություն և ցածր աշխատավարձեր) ու մարդկային զարգացման (պրոֆեսիոնալ աճ և ինքնաիրացում, որակյալ կրթություն, առողջապահական կարիքներ):
Հայաստանցի միգրանտների համար ամենանախընտրելի երկրներն են՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Միգրացիոն գործընթացները 2011-2014 թթ» հետազոտության արդյունքների համաձայն՝ տնային տնտեսությունների 8.9%-ը 2011-2014թթ. ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնք կազմել են 15 և բարձր տարիքի անդամների 10.3%:
Միգրացիոն գործընթացներում ներգրավված և մեկնումներից վերադարձածների 74.3%-ի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի (այդ թվում՝ 31.2%-ի բացակայությունը կազմել է երեք ամիս և պակաս), իսկ 25.7%-ինը` մեկ տարի և ավելի: Ընդ որում, վերադարձածների շուրջ 70% Ռուսաստանի Դաշնությունից է: 2011-2014թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած, 15 և բարձր տարիքի տնային տնտեսությունների անդամների 14.3%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 51.1%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 34.6%-ինը՝ մեկ տարի և ավելի:
Վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանից գումարային զուտ միգրացիան (իմիգրանտների թվից հանած էմիգրանտների թիվը) կազմել է ավելի քան 1 միլիոն մարդ: ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության կազմում` 2015 թ.-ին ՀՀ քաղաքացիների մեկնումները գերազանցել են ժամանումներին շուրջ 43.4 հազարով:
Ավելի քան 17.000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում
Սիրիական պատերազմի հետևանքով ավելի քան 17.000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում։ Բոլորովին վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելով Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների ասել է հետևյալը. «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:
Դիտումների քանակը` 3931