Միգրացիան՝ ամուսնալուծության հիմնական պատճառ

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Այս մասին են վկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ-ի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների պատճառների բացահայտում և վերլուծություն» հետազոտության արդյունքները,

 

«Աշխատանքի և հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանի ներկայացմամբ   հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնալուծությունների հիմքում հիմնականում սոցիալական ու տնտեսական խնդիրներն են, միջանձնային հարաբերությունները: Վերջին տարիներին՝ գերիշխողը դարձել է մի նոր երևույթ՝ միգրացիոն գործընթացները:

 

«Միգրացիոն գործընթացներն այսօր դառնում են ամուսնալուծությունների բավական լուրջ պատճառ: Ամուսիններից մեկը, բնականաբար, հիմնականում տղամարդը, մեկնում է արտագնա աշխատանքի, որից հետո կամ կապն է կտրվում, կամ հետ վերադարձի հետ կապված իրավական խնդիրներ են առաջանում, կամ  էլ այնտեղ զուգահեռ ընտանիք է ստեղծում, ինչն  ի վերջո բերում է  այստեղ ամուսնալուծության»,- ասում է  Գառնիկ Նալբանդյանը:

 

Նրա խոսքով, ամուսնալուծությունների թիվը համեմատաբար բարձր է Լոռու, Արարատի ու Արմավիրի մարզերում:  «Վերլուծությունների ժամանակ պարզվել է, որ նույնիսկ 6 երեխա ունեցողն է ամուսնալուծվել: Այսպիսի դեպքեր, իհարկե, փոքր տոկոս  են կազմում: Հիմնականում մեկ կամ երկու երեխաներ ունեցողներն են ամուսնալուծվում»,- ասաց Գառնիկ Նալբանդյանը:

 

Նա նաև նկատում է, որ թե Ազգային վիճակագրական ծառայության, թե ինստիտուտի տվյալները ցույց են տվել, որ Հայաստանում ավելացել են այն զույգերի ամուսնալուծությունները, որոնք 20 և ավելի տարի միասին են ապրել, ու ամենայն հավանականությամբ դրա հիմքում   կրկին միգրացիան է:  «Մասնավորապես, արտագնա աշխատանքի ավելի հաճախ մեկնում են միջին և բարձր տարիքի տղամարդիկ, ինչն էլ հաճախ բերում է ընտանիքների քայքայմանը»,- նշում է  նա:

 

Ըստ Գառնիկ Նալբանդյանի՝ վերջին տարիներին շրջանառվում է նաև «կեղծ ամուսնալուծություն» հասկացությունը և իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք կազմում եմ ամուսնալուծությունների 5-6 տոկոսը:

 

Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, hանրապետությունում 2015թ-ին գրանցված 1 000 ամուսնության դեպքերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 208 դեպք` 2014թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 238-ի համեմատ:

 

Մ.Մարգարյան

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»

 

Հայաստանում յուրաքանչյուր 5–րդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ. ինչու՞ եւ ինչ անել՞

 

Դիտումների քանակը` 3234

Գլխավոր էջ