Միացե՛ք մեզ, ստորագրե՛ք ուղերձը
ՈՒՂԵՐՁ
ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին մասնակցող
քաղաքական կուսակցություններին,
դրանց ղեկավարներին
և համամասնական ցուցակներում ներգրավված կանանց
Մենք,
Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի անդամ ՀԿ-ներս,
դիմում ենք.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը,
որի համամասնական ընտրացուցակի 21,8%-ը կազմում են կանայք,
«Ժառանգություն» կուսակցությանը,
որի ընտրացուցակի 24,6%-ը կանայք են,
«Հայ ազգային կոնգրես» դաշինքին,
որի ընտրացուցակում 20,3 %-ը կանայք են,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը,
որի ընտրացուցակի 31,7%-ը կանայք են,
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությանը,
որի ընտրացուցակի 24,4%-ըկանայք են,
Հայաստանի Կոմունիստական Կուսակցությանը,
որի ընտրացուցակի 21,1%-ը կանայք են,
Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը,
որի ընտրացուցակի 21,3%-ը կանայք են,
«Միավորված Հայեր» կուսակցությանը,
որի ընտրացուցակի 37,9% կանայք են,
«Օրինաց երկիր» կուսակցությանը,
որի ընտրացուցակի 20,2 %-ը կանայք են:
Հաջողություն ենք մաղթում բոլոր կուսակցություններին ընտրական արդար մրցավազքում և հույս հայտնում, որ կուսակցությունների ընտրացուցակներում ներգրավված կանայք կկարողանան իրենց ներդրումն ունենալ ընտրողների ձայների համար ազնիվ պայքարում: Միաժամանակ, հույս ենք հայտնում, որ հաղթող կուսակցությունները, անցնելով խորհրդարան, կպահպանեն իրենց խմբակցություների կազմում կանանց այն ներկայացվածությունը, որն ամրագրված է ընտրական ցուցակներում և սահմանված ՀՀ Ընտրական օրենսգրքով` այսպիսով ապահովելով Ազգային ժողովում կանանց առնվազն 20 տոկոս ներկայացվածությունը:
Ազգային Ժողովում կանանց ներկայացվածության ավելացման պահանջը ինքնանպատակ չէ:
- Պառլամենտարիզմի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե երկրի օրենսդիր մարմնում կանայք 10%-ից պակաս են, լրացուցիչ դժվարություններ են առաջանում տարբեր կարգի սոցիալական օրենքներ ընդունելիս:
- Որոշումների կայացման մշակույթի վրա ներազդելու, քաղաքական խաղի կանոնները բարեփոխելու, քաղաքականությունն ավելի հումանիստական դարձնելու հնարավորությունն ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ կանայք կազմում են խորհրդարանի ոչ պակաս քան 25-30% :
- Միջխորհրդարանական միության վերլուծությունները վկայում են` որքան շատ են կանայք խորհրդարաններում, այնքան ավելի մեծ կարևորություն են ստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը:
- Բացի այդ, բոլոր այն մեխանիզմները, որ ստեղծվում են կանանց իրավունքների պաշտպանության համար, դրականորեն են ազդում երեխաների դրության վրա:
Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով կանանց ներկայացվածությունը աշխարհի միապալատ խորհրդարաններում
կազմում է միջինը 19,7 %, ինչը նշանակում է, որ
աշխարհում 5 պատգամավորներից 1-ը կին է:
Խորհրդարաններում կանանց ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշը` 42% Հյուսիսային Եվրոպայի երկրներում է, ԵԱՀԿ երկրների միջին ցուցանիշը 22,6 % է: Կանանց խորհրդարանական մասնակցության ամենացածր տոկոսն արաբական աշխարհի երկրներում է ` 11,3%: 59 երկրներից, որտեղ 2011թ. ընտրություններ են անցկացվել, 17-ում գործել են քվոտաներ: Այդ երկրներում կանայք զբաղեցրեցին խորհրդարանական տեղերի 27%-ը, իսկ քվոտաներ չկիրառող երկրներում` ընդամենը 16 %-ը:
Թեպետ ՀՀ ԱԺ նախորդ ընտրություններում Ընտրական օրենսգրքում ամրագրված էր համամասնական ցուցակներում կանանց նվազագույն ներկայացվածության 15 տոկոսանոց քվոտա և կուսակցական ցուցակներում կանայք միջինը կազմել էին 22,6%, սակայն արդյունքում
ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման կազմում կանանց ներկայացվածությունը ընդամենը 8,3% էր:
Եվ դա այն դեպքում, երբ դեռևս 2008-ին համապետական սոցիոլոգիական հարցումների մասնակիցների 85,5%-ը գտնում էր , որ ԱԺ-ում կանայք պետք է լինեն ոչ պակաս քան 30-50%: Իսկ 2010թ. սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են այդ խնդրի կապակցությամբ հայաստանյան հանրային կարծիքում առկա դրական շարժընթացների մասին: Հայաստանում գործող քվոտայով, որն ի դեպ ընդունվել է կանանց հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների համագործակցության արդյունքում՝ ընտրական համամասնական ցուցակներում կանանց ներկայացվածությունը չի կարող 20%-ից պակաս լինել, կամ ինչպես ձևակերպված է Ընտրական օրենսգրքում ՝ «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը» :
Հանրությունը իրավունք ունի ակնկալելու, որ կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում այդ քվոտայի շնորհիվ առնվազն կկրկնապատկվի:
Այս տարի, Ընտրական օրենսգրքում ամրագրված 20% գենդերային քվոտայի պարագայում, ԿԸՀ ներկայացված կուսակցական ցուցակներում կանայք միջինը գրեթե նույն 22,8%-ն են։ Հաշվի առնելով ընտրություններից հետո տարբեր պատճառաբանություններով մանդատներից հրաժարվելու` մի շարք կին գործիչների անցանկալի գործելակերպը նախորդ ընտրություններում` մենք դիմում ենք 2012թ. համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց.
Հարգելի կին գործիչներ,
մի՛ հրաժարվեք մանդատներից, ընտրողները հույսեր են կապում Ձեզ հետ` քվեարկելով Ձեր օգտին:
Դիմում ենք կուսակցությունների ղեկավարներին և կուսակցությունների բոլոր անդամներին.
Օրենքի պահանջը իրականացնելու նպատակով առաջնորդվե՛ք գենդերային արդարության սկզբունքով՝ հնարավորություն ընձեռելով, որ մանդատից հրաժարվող կնոջ տեղը զբաղեցնի ցուցակի մեջ ներգրավված հաջորդ կինը:
Հասարակության համար անընդունելի է նաև, երբ մանդատից հրաժարումը կատարվում է կուսակցության հորդորով կամ խնդրանքով: Ուստի, մենք դիմում ենք կուսակցությունների ղեկավարությանը.
Մի՛ առաջարկեք կուսակցության նախընտրական ցուցակներում ընդգրկված կանանց հրաժարվել իրենց մանդատներից,
քանզի հասարակությունը ուզում է տեսնել իր կողմից ընտրված գործիչներին Ազգային ժողովում:
Աջակցե՛նք միմյանց Հայաստանում բարեկիրթ հասարակության կայացման և քաղաքական կառավարման ժամանակակից համակարգի ձևավորման գործում:
Մենք դիմում ենք ՀՀ ընտրողներին և կազմակերպություններին.
Միացե՛ք մեզ` ստորագրելով այս ուղերձը:
Դիտումների քանակը` 4182