ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը թվերով ՝ աշխարհում եւ Հայաստանում/ վիդեո

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի /UNAIDS /  2013թ. դեկտեմբերի 1-ի նախօրյակին  հաղորդում է ՄԻԱՎ վարակին հակազդման գործում կայուն առաջընթացի, 2015թ.-ին  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գլոբալ թիրախներին հասնելու տեմպերի կտրուկ արագացման մասին:

 

UNAIDS-ի գործադիր տնօրենի այս տարվա ելույթը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ բավականին հուսադրող էր: Նրա խոսքով՝ առաջին անգամ կարող ենք ասել , որ տեսնում ենք պանդեմիայի վերջը. նվազում է  ՄԻԱՎ-վարակակիրների թիվը, ավելանում է բուժում ստացող մարդկանց թիվը քչանում են  ՁԻԱՀ-ից մահվան դեպքերը: Եվ այդ ամենը այն միջոցների շնորհիվ, որոնք ձեռնարկվում են վարակի դեմ պայքարում…

 

 

Իրավիճակն աշխարհում 

 

ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերի արձանագրումից ի վեր աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվել է շուրջ 71,3 մլն մարդ, որոնցից 36 մլն-ը մահացել է:

 

• 2012թ. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվն աշխարհում եղել է մոտ 35,3 մլն (32,2-38,8 մլն)` 2001թ.-ի 30 մլն-ի դիմաց: Սա խոսում է այն մասին, որ շնորհիվ հակառետրովիրուսային բուժման ավելացել է ՄԻԱՎ վարակով հիվանդների կյանքի տևողությունը:

 

• Ընդհանուր առմամբ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է: 2012թ. ընթացքում մոտ 2,3 մլն (1,9-2,7 մլն) մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, ինչը 33%-ով պակաս է 2001թ.-ի համեմատ (3,4 մլն):

 

• 2001-2012թթ. ընկած ժամանակահատվածում 26 երկրում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը նվազել է ավելի քան 50%-ով, ևս 17 երկրում այդ ցուցանիշը տատանվում է 25%-ից 49%-ի սահմաններում:

 

• ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի նվազումն առավել ակնառու է երեխաների շրջանում: Երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը նվազել է 52%-ով` 2001թ.-ի 550 հազարից հասնելով 260 հազարի 2012թ.-ին:

 

• Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 2006թ.-ից ի վեր արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ 13%-ով: Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում 2001թ.-ից ի վեր ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվն աճել է 2 անգամ:

 

• Հակառետրովիրուսային բուժման հասանելիության մեծացմանը զուգընթաց նվազել է նաև ՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան դեպքերի թիվը: Եթե 2005թ. այն կազմել է 2,3 մլն, ինչն առավելագույնն է համաճարակի տարեգրության մեջ, ապա 2012թ. արձանագրված մահվան դեպքերը դրա համեմատ նվազել են 30%-ով` կազմելով 1,6 մլն (1,4-1,9 մլն):

 

• Աճել են հակառետրովիրուսային բուժման ծավալները: Եթե 2004թ. բուժում ստանում էր ընդամենը 700 հազար մարդ, ապա 2012թ. միջին և ցածր եկամուտ  6 ունեցող երկրներում նրանց թիվը հասել է 9,7 մլն, ինչը 20%-ով ավելի է 2011թ.-ի համեմատ:

 

• Նշանակալի են արդյունքները ՄԻԱՎ-ով ապրող տուբերկուլոզով հիվանդների կարիքների բավարարման հարցում, որոնց շրջանում տուբերկուլոզից մահացությունը 2004թ.-ից ի վեր նվազել է 36%-ով:

 

• Գնալով ավելի ցայտուն է դառնում ՄԻԱՎ-ով ապրողների ընդհանուր թվում 50 և բարձր տարիքի մարդկանց թվի աճը: Աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող 35,3 մլն մարդկանցից մոտ 3,6 մլն-ը (3,2-3,9 մլն) 50 և բարձր տարիքային խմբին են պատկանում: Համաճարակի այսպիսի «ծերացումը» պայմանավորված է հիմնականում 3 պատճառով՝

1. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի տևողության երկարացում հակառետրովիրուսային բուժման շնորհիվ,

2. հիվանդացության նվազում երիտասարդների շրջանում,

3. 50 և բարձր տարիքի մարդկանց շրջանում ռիսկային վարքագծի առկայություն:

 

• Դեռևս շարունակում են խնդիր մնալ մարդու իրավունքների պաշտպանության, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ծառայություններին առավել վտանգի ենթարկվող խմբերի, մասնավորապես ԹՆՕ-ների հասանելիության, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հարցերը:

 

• ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար տրամադրված գլոբալ միջոցները 2012թ.կազմել են 18,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 3-5 մլրդ-ով պակաս է տարեկան պահանջվածից, որը 2015թ.-ի համար կազմում է 22-24 մլրդ:

 

Իրավիճակը Հայաստանում

 

1988թ. մինչև 2013թ. նոյեմբերի 29-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 228-ը` 2012թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ, իսկ  ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 205 դեպք:

 

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1109 մարդ (70%), իգական սեռի  ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 477 դեպք (30%): ՄԻԱՎ վարակի 30 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:

 

ՄԻԱՎ-ով վարակվածների 55%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (60%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (30%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

 

Հայաստանում  ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի – 60,0%

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով – 30,0%

Հոմոսեքսուալ փոխանցման ուղի –  2,3%

Մորից երեխային – 1,7%

Արյան միջոցով – 0,2%

Անհայտ – 5,8%

 

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 817-ի մոտ (կին` 210, երեխա` 15) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 133-ի մոտ՝ 2012թ. ընթացքում, իսկ ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում ՁԻԱՀ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակով 126 հիվանդի մոտ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 352 դեպք: Մահացածների թվում կան 60 կին և 7 երեխա:

 

 

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98%):

 

 

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 587 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 37%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 70, որին հաջորդում են Լոռու մարզը, Երևանը, Արմավիրի մարզը, համապատասխանաբար 65; 55; 51:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

 

 

Աղբյուրը ՝

ՀՀ ԱՆ  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Եթե հավատարմություն լինի ընտանիքում …»

 

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը` արտագնա աշխատողներն են

 

«Մարդիկ վախենում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել»…

 

DJ Vakcina. Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր / վիդեո

 

 

Դիտումների քանակը` 5234

Գլխավոր էջ