Միամսյակի շրջանակներում բոլոր կանայք կկարողանան անվճար հետազոտվել

Առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարել է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում Երևանում և մարզերում կանանց կտրամադրվեն անվճար հետազոտության, խորհրդատվության, որոշ դեպքերում էլ բուժման հնարավորություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքերով` այն կանայք, ովքեր կունենան ավելի խորացված հետազոտության կամ վիրահատության կարիք, կհավաքագրվեն ու կուղեգրվեն հիվանդանոցներ: Օրինակ` եթե մարզում բնակվող կնոջը հարկավոր է մամոգրաֆիկ հետազոտություն, ապա նրան կուղեգրեն մայրաքաղաք:

 

Կ.Սարիբեկյանն ասաց նաև, որ ծառայությունների շեշտադրումը կատարվել է վերարտադրողական բժշկության ոլորտում:

 

Կ.Սարիբեկյանի խոսքերով` Երևանում և մարզերում հայտարարվելու է բաց դռների օր: Բոլոր բժշկական հաստատություններում կլինեն կենտրոններ, որտեղ խորհրդատվություն կտրվի կանանց: Բացի այդ, ըստ նրա, իրենք հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքացիներն առավելագույնս քիչ առնչվեն փաստաթղթային խնդիրների հետ:

 

«Իսկ այն կանայք, ովքեր չեն պատկանում որևէ սոցիալական խմբի, բայց կարիք կունենան այլ բուժհաստատություն դիմելու, ապա նրանց ուղեգիր կտրամադրենք»,- նշեց Կ. Սարիբեկյանը` հավելելով, որ եթե կլինեն կանայք, որոնց խնդիրներն ընդգրկված չեն լինի ծառայությունների մեջ, ապա նրանց խնդրին անհատական ընթացք անպայման կտրվի:

 

Նշվեց նաև, որ հետազոտության ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի առողջապահության նախարարության կայքում, որտեղից էլ կանայք կտեղեկանան, թե անվճար ծառայությունների շրջանակներում, որ դեպքում ինչ պետք է անեն:

 

Աղբյուրը` Panorama.am

 

 

Դիտումների քանակը` 3154

Գլխավոր էջ