«Հիվանդություն դարձած կարծրատիպ է դա, իբր իգական սեռի երեխան իրենցը չէ»…
Մեր հասարակության մեջ շատերն են խտրական մոտեցում ցուցաբերում դեռ նոր ծնվող երեխայի սեռի նկատմամբ: Էլ չենք ասում երեխայի սեռը ճշտելուց հետո հղիության ընդհատումների աններելի պրակտիկայի մասին:
Ինչքանո՞վ է ձեզ համար կարևոր ապագա երեխայի սեռը – այս հարցը մենք ուղղեցինք սոցիալական ցանցերի երիտասարդ օգտատերերին :
Հարություն Ծատրյան.
– Ի՞նչ կապ ունի, թե ինչ սեռ կունենա երեխան, կարևորը նա առողջ լինի, լավ մեծանա ու լավ երկրում ապրի: Շատերն ուզում են տղա ունենալ, որովհետև գուցե սերնդի շարունակողը, ազգանվան փոխանցողը մեզանում տղան ա, դրա համար նախընտրում են տղաներ ունենալ, ապա նոր աղջիկ:
Գեղամ Ջիվանյան.
– Հիմնականում կարևորվում է առաջին երեխայի սեռը, դարձյալ նախապատվություն տալով տղա երեխաներին, ինչը բնական է իմ կարծիքով: Մեծ եղբոր կողքին մյուս երեխաները, անկախ սեռից, իրենց ավելի վստահ ու պաշտպանված կզգան: Ոմանք էլ նախապատվությունը տալիս են տղաներին, իրենց ցեղը շարունակելու համար, ինչը նույնպես կարևոր հանգամանք է: Ես էլ եմ վերջին պատճառով մի քիչ տղա երեխաներին նախապատվություն տալիս:
Նատաշա Հարությունյան.
– Երբ դեռ չգիտեի երեխայիս սեռը, բոլորն ասում էին, որ հաստատ տղա եմ ունենալու.. ինձ համար միևնույնն էր, ավելին` աղջիկ էի նախընտրում, բայց բոլոր հարազատներս տղայի էին տրամադրվել: Հետո արդեն, երբ հղիության 4րդ ամսում էի, իմացա, որ աղջիկ եմ ունենալու… Երբ բժիշկն ասաց` աղջիկ, էնքան ուրախացա, որ բժիշկն էլ զարմացավ, ասաց` ինձ հանդիպած առաջին հղին ես, որ աղջիկ լսելով` ուրախանում ես, հատկապես` առաջին երեխայի դեպքում: Սեռը կապ չունի, մարդ պետք է հիանա այն հրաշքով, որ կատարվում է իր ներսում…
Վրույր Թադեւոսյան.
– Երեխայիս սեռն անշուշտ կարևոր չէ. հատկապես` առաջին երեխայի: Անշուշտ` կցանկանամ, ասենք` 4-րդ աղջիկն ունենալուց հետո գոնե մեկ տղա ունենամ: Կամ հակառակը: Այսօր շատ շատերը զուտ մենթալիտետով պայմանավորված, ուզում են, որ առաջին երեխան անպայման տղա լինի, նույնիսկ հատուկ հաշվումների են գնում, որին էլ նորմալ եմ վերաբերվում: Դե հիմա մարդիկ են` իրենց որոշումն էլ դա է: Հայ ժողովրդի մոտ մշտապես կարևոր է եղել արու զավակ ունենալ որպես տոհմի, ցեղի շարունակող: Իրականում դա այդպես է:
–
Աշխեն Քեշիշյան.
– Տղայիս ունենալուց առաջ այնքան ցանկություն չէր որքան կանխազգում էր, որ հենց տղա եմ ունենալու, երբ ունենում ես տղա սկսում ես աղջիկ ուզել-որքան գիտեմ աղջիկ ունեցողները միշտ տղա են ուզում- սովորական բան է:
Տաթև Սողոմոնյան.
– Իմ կարծիքով երեխան շուն չի, որ առնելուց որոշես տղա ես ուզում թե աղջիկ? Երեխան 1-ին հերթին մարդա, հետո նոր որոշակի սեռի ներկայացուցիչ… իսկ “շատերին” ուղղակի չեմ հասկանում ու չեմ էլ ուզում հասկանալ..
Վարդան Ղափլանյան.
– Երեխան երեխա է, ինձ համար առանձնապես կարևոր չէ սեռը, բայց ինձ թվում է, որ մի տղա անպայման պետք է ունենալ, որպեսզի քո տոհմի շարունակողը լինի, դա դարերից եկած բան է:
Պապին Մուրադյան.
– Երեխայի սեռը էական, պարզապես առաջնեկի տղա լինելը մի ուրիշ բան է, որովհետև նա է քո գենի շարունակողը, քո օջախի ծուխը: Շուշան տատիս ասած.«Տղու տղա, ջան տղա, աղջկա տղա` շան տղա»:
Լիլիթ Պետրոսյան.
– Մեր երկրում մարդիկ ավելի քիչ են մտածում ավելի կաևոր բաների մասին, օրինակ երբ երեխա ունենան, ամուսնության որ տարում , ինչ պայամններում ապրեն իրենց երեխայի հետ, բայց ավելի շատ են կարևորում , որ տղա ունենան, որպեսզի չինքնահաստատված ընտանիքի հայրը իրեն իսկակական տղամարդ զգա ու վստահ լինի, որ իր առնական գենը կշարունակվի ու կփրկի իր ազգին կամ նույնիսկ մարդկությանը: Վերջերս մի քիչ ավելի մոդեռնիզացված քյարթերը ասում են. Դե մեզ համար կարևոր չէ առանձնապես ինչ սեռի կլինի իրենց երեխան, բայց լավ կլինի, որ առաջնեկը տղա լինի…դարձյալ նույն նպատակով, որպեսզի իրենց օջախի ծուխը անմար պահի դարերում..
Հիվանդություն դարձած մի կարծրատիպ է դա, իբր իգական սեռի երեխան իրենցը չէ, որովհետև իրենց տանը պահելուց հետո հանձնելու են մեկ այլ տիրոջ, ով այդուհետ կդառնա իրենց աղջկա տերը: Արուի հոգեբանությամբ հայ տղամարդը ճորտ է, գերի իր քյարթական չմտածված գաղափարներին, որոնց մասին տեղեկացել է իր մեծերից ու վստահ է, որ դա է կյանքի միակ ճշմարտությունը:
Պատրաստեց` Նարե Սահակյանը
Դիտումների քանակը` 4463