Մերոնք համաժողովում
AWID-ի համաժողովում հայաստանյան պատվիրակությունը կազմում էին Հայաստանի ՀԿ-սեկտորի ու լրագրողական դաշտի 7 ներկայացուցիչներներ: Շատ առումով դա հնարավոր դարձավ «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամի շնորհիվ, որն աջակցեց համաժողովի կազմակերպիչներին Հայաստանի մասնակիցների ուղևորության հետ կապված ծախսերը հոգալու: Համաժողովի ընթացքում սեկցիաներն ընտրում էինք ըստ հետաքրքրությունների, և քանի որ բոլորիս նախապատվությունները տարբեր էին, կարողացանք միասնական ջանքերով ընդգրկել ներկայացված հիմնախնդիրների ողջ բազմազանությունը, ինչից հետո տեղեկատվություն փոխանակել տեսածի և լսածի շուրջ:
Կանանց ռեսուրս կենտրոնը, որը քաջ հայտնի է հանրապետությունում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և երիտասարդական առաջնորդության աջակցման ոլորտում իր գործունեությամբ, ներկայացված էր երեք պատվիրակով` կենտրոնի համանախագահ Լարա Ահարոնյանը և Գոհար Շահնազարյանը, ինչպես նաև կազմակերպության կամավոր Էլվիրա Մելիքսեթյանը, ով մասնակցեց երիտասարդ ֆեմինիստուհիների համար հատուկ ծրագրին:
Ադրինե Գրեգորյանը, ով ներկայացնում էր կանանց «Սոսե» կազմակերպությունը, զբաղվում է սելեկտիվ աբորտների, ԶԼՄ-ներում կանանց կերպարի ներկայացվածության, կանանց նկատմամբ բռնության խնդիրնեով: Բացի այդ, Արմինեն վերջերս նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Վերադարձ Գյուրուն» վավերագրական ֆիլմը, որը այն մասին է, թե ինչպես հայերի և թուրքերի նոր սերունդը պատմական ճշմարտության փնտրտուքներում փորձում է իրար հետ ընդհանուր լեզու գտնել:
Շուշան Հարությունյանը լրագրող է, ներկայումս աշխատում է «Կոսմոպոլիտեն» հանդեսի առցանց տարբերակի խմբագիր, ասում է, որ հանդեսը վերջերս կողմնորոշված է հաջողակ կնոջ կերպարի քարոզմանը: Ասում է՝ « մասնագիտությամբ ՝լրագրող եմ, համոզմունքներով՝ սոցիալական մեդիայի էնթուզիաստ, հոբբիով` բլոգեր, իսկ իրականում` մասնագիտացած երազող: Հետաքրքրվում է կանանց հիմնախնդիրների ներկայացմամբ սոցիալական մեդիաներում:
Կարինե Գրիգորյանը` Գյումրու «Ագաթ» ՀԿ նախագահն է: Կազմակերպությունն օգնում է սահմանափակ հնարավորություններով կանանց և երեխաներին կյանքի նկատմամբ հավատ ձեռք բերել, իրացնել իրենց հասարակության մեջ, պաշտպանում է նրանց իրավունքները: Ինքը` Կարինեն, զարմանալիորեն պայծառ և բաց անձնավորություն է, էությամբ ակտիվիստ, նրա անսպառ եռանդին կարելի է միայն նախանձել: Նա, անշուշտ գիտի, թե մեր աշխարհում ինչ է նշանակում լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորը, սակայն «սահմանափակ հնարավորություններ» բառակապակցությունը նրա համար չէ, նա դա ապացուցել է իր օրինակով:
Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն.
– Առաջին անգամ էի նման գլոբալ միջազգային հարթակում մասնակցություն ունենում: Մեր գծով շատ տեղեկություններ կարողացանք ձեռք բերել, տարբեր հետաքրքիր նախաձեռնությունների և գաղափարների ծանոթացանք, որոնք կաշխատենք իրագործել: Օրինակ` տեսանկարահանման տեխնիկան իրավապաշտպան աշխատանքում, մեր Էլվիրան մասնակցեց երիտասարդ աղջիկների համար կազմակերպված այդ ուսուցումներին: Կամ` ինձ չափազանց հետաքրքրեց գենդերային բյուջետավորման հարցը, որի շուրջ շատ քննարկումներ եղան համաժողովում… Մի խոսքով, ես գոհ եմ համաժողովի արդյունքներից…
Գոհար Շահնազարյան,Կանանց ռեսուրսային կենտրոն.
– Շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր էր: Չէի սպասում, որ այդքան մարդ նախ կլինի և նման ակտիվություն: Ինձ թվում է, որ շատ դրական փոփոխություններ է վերջին տարիներին եղել: Չգիտեմ, որքանով կարող եմ դատել, բայց, կարծում եմ, որ շարժումը շատ ավելի վիզուալ է դառնում շատ երկրներում և նաև միջազգային հարթակում:
Շատ նոր գաղափարներ ես ինքս ինձ համար վերցրեցի, թե ինչպես են տարբեր ակցիաներ կազմակերպում, ընդանրապես ինչպես են խոսում տարբեր երկրներում այն խնդիրների շուրջ, որ մենք ենք աշխատում: Շատ հետաքրքիր եր այդ առումով և միանշանակ կարելի է օգտագործել հաջողված փորձը:
Իսկապես լավ է, որ մենք այսպիսի մեծ խմբով ենք մասնակցել: Լավ բան է, որովհետև որքան հասկացա, սովորաբարմի 2 հոգով էին գնում: Լավ է, որ մեր խմբում տարբեր մարդիկ են, տարբեր ոլորտներից:
Ադրինե Գրեգորյան, «Սոսե» ՀԿ.
– Տպավորված եմ համաժողովով: Նման միջոցառումները փայլուն հնարավորություն են տալիս պատմելու սեփական փորձի մասին և իմանալ, թե ինչ են անում մյուսները: Բազմաթիվ հետաքրքիր սեկցիաներ կային, սակայն ես այցելում էի միայն նրանք, որոնք վերաբերում էր մեդիային և իրավունքների պաշտպանությանը: Իրականում գլխավորը ոչ թե համաժողովում անցկացված այդ չորս օրերն էին, այլ այն, թե մենք ինչ ենք անելու դրանից հետո… Ես այս առնչությամբ մի քանի գաղափարներ ունեմ…
Էլվիրա Մելիքսեթյան, Կանանց ռեսուրսային կենտրոն.
– Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով ու մանրակրկիտորեն: Ավելի քան տասնյակ սրահներ էին նախատեսված միաժամանակ քննարկումներ անցկացնելու համար: Յուրաքանչյուրն ազատ էր ընտրելու իր նախասիրություններին համապատասխան սեկցիա: Հետաքրքիր քննարկումներով և միջոցառումներով լի չորս օրեր էին: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ստացա ինձ զգալու աշխարհի տարբեր ծայրերից հավաքված զորեղ կանանցից մեկը:
Կարինե Գրիգորյան, «Ագաթ» ՀԿ նախագահ
– Մասնակցել եմ նաև 2006-ին AWID-ի կազմակերպած համաժողովին Մեքսիկայում: Սակայն 2012-ի համաժողովը տարբերվում է նախորդ բոլոր միջոցառումներից իր մասշտաբով, կազմակերպչական և բովանդակային առումով: Քանի որ ներկայացնում եմ հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց և աղջիկների կազմակերպություն, ապա առավել հետաքրքրված էի նրանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված քննարկումներով: AWID-ն ամեն ինչ անում է, որ համաժողովը դարձնի առավել ներառական, և ինձ ուրախացրեց այն փաստը, որ եթե 2006-ին միայն 3 հաշմանդամություն ունեցող կանայք էին մասնակցում համաժողովին, ապա այս տարի նման խնդիրներով մոտավորապես 15-20 ակտիվ կանայք էին ընդգրկված: Ցավալի է սակայն, որ այդ թեմայով քննարկումներին մասնակցում էին մեծ մասամբ հաշմանդամություն ունեցող կանայք, թեպետ բոլոր ոլորտներում աշխատող ՀԿ ակտիվիստները կարող են առնչվել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հետ:
Թամարա Հովնաթանյան,
ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ նախագահ
Դիտումների քանակը` 5349