Մերի Ջանոյան. «Նպատակներ ու ծրագրեր ունեմ»
Վայոց ձորի Վայք համայնքի ավագանու թեկնածու , ՀՀԿ անդամ, ուսուցչուհի և իրավապաշտպան Մերի Ջանոյանն ընտրություններին մասնակցում է ամուսնու խորհրդով և հորդորով, թեպետ նախկինում ամուսինը դեմ էր այդ ոլորտում կնոջ մասնակցությանը: Տարիների ընթացքում Մերիի մանակավարժական և ակտիվ հասարակական գործունեությունն եկան համոզելու, որ նա ի զորու է նպաստել իր համայնքի զարգացմանը նաև ավագանու կազմում:
Մերի Ջանոյանը ծնվել է Վայքում: Երկու դուստր և մեկ արու զավակ ունեցող հայկական ընտանիքում պահպանողական հայացքներ ունեցող հայրը դեմ էր Մերիի կրթությունը շարունակելու և իրավաբանի մասնագիտություն ստանալու որոշմանը: Այնուհանդերձ Մերին ընդունվում է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարաժական համալսարանի պատմության ֆակուլտետ, իսկ հետագայում մասնակցում նաև իրավաբանների վերապատրաստման դասըթացներին:
Ներկայումս աշխատում է Վայքի դպրոցում որպես պատմության ուսուցչուհի, Վայքի տարածքի կրթության բնագավառի աշխատողների արհմիության նախագահն է, Մայր Աթոռի կողմից նշանակվել է նույն ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպան, նաև Վայքում ստեղծված Համայնքային խորհրդի ակտիվ անդամ է: Պատմում է, որ մոտակա Գոմք համայնքում ամուսնու հետ միասին հիմնել են «Բենսոն» տուրիստական գործակալությունը, փորձում են խթանել համայնքում զբոսաշրջությունը:
Նրա հագեցած առօրյան լրացնում են ընտանեկան հոգսերը: Սակայն կենսաժպիտ կինն ամեն ինչ հասցնում է: Նրա համար երիտասարդ տատիկի կարգավիճակը, 12-ամյա որդու դպրոցական հոգսերն ու տնային գործերը խնդիր չեն, ամեն ինչ հասցնում է: Այս օրերին Մերին իր ժամանակի մեծ մասը հատկացնում է համանքի բնակչության հետ հանդիպումներին:
– Թեև նախընտրական կարգախոս չունեմ, բայց նպատակներ ու ծրագրեր ունեմ: Գոմք համայնքում մեր ընտանեկան բիզնեսով զբաղվելու ընթացքում նկատեցի որքան ակտիվ են գործում կանայք այդ համայնքի ավագանիում, ինձ դա շատ դուր եկավ: Ոգևորված նրանց ակտիվությունից և հետևելով ամուսնուս խորհրդին որոշեցի առաջադրվել ավագանու թեկնածու: Ինձ հետ առաջադրվել են նաև Վայք համայնքի խորհրդի անդամ երկու կանայք: Համոզված եմ, որ ընտրվելու դեպքում համատեղ ջանքերով կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը: Գիտեք, կանանց դժվար է կաշառել, համոզել, նկատել եմ նաև, որ տղամարդիկ սկսել են հարգել և ընդունել կանանց խոսքը,- ասում է նա:
Մերիի համոզմամբ, կինը հետաքրքիր, ճկուն ու զարմանալի էակ է, նրան կարելի է վստահել ամենաբարդ գործը, ու նա կարդարացնի համայնքի անգամ ամենապահանջկոտ բնակչի հույսերը:
Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում Մերին առնչվում է սոցիալական, վարչական և տնտեսական բնույթի բազում հարցերի, սակայն մասնագիտության բերումով նա առավել հակված է անդրադառնալ խախտված իրավունքերի պաշտպանությանը, բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավման, աշխատավարձի բարձրացման և նման այլ հարցեր: Ասում է, կանանց հետ հանդիպումների ընթացքում երբեմն հանդիպում է ընտանեկան բռնության դրսևորումներին, կանանց տարրական իրավունքերի խախտման փաստերին, միաժամանակ սոցիալական բազում խնդիրների ականատես դառնում: Վստահ է , որ ավագանիում ընդգրկվելով կկարողանա ավելի օգտակար կլինի մարդկանց;
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3598