Մերի Ներսիսյան. «Կարծես չեն էլ հավատում, որ կարող է ուրախ լինենք, որ էլի աղջիկ ենք ունենալու»
Շատ շուտով «Մայրիկների ակումբի» հայտնի հաղորդավար Մերի Ներսիսյանը երկրորդ անգամ կմայրանա: Այս առիթով « 168.am »-ը հետաքրքիր հարցազրույց է ներկայացնում նրա հետ՝ անդրադարձ կատարելով նաեւ այն հարցին թե ինչպես է հայ՝ տղայապաշտ հասարակությունն արձագանքել իր երկրորդ աղջիկ ունենալու փաստին:
– Թե ես, թե ամուսինս երբեք երեխայի սեռի նախապատվություն չենք ունեցել: Բայց մի կարևոր պայման է եղել, որ Էվան պետք է քույրիկ ունենա. թերևս, սրանով է պայմանավորված եղել ցանկությունը, որ 2-րդ բալիկն էլ աղջիկ ծնվի: Գաղտնիք չէ, որ հայ հասարակությունը տղայապաշտ է, սա է պատճառը, որ նույնիսկ առաջին հղիությանս ժամանակ, սեռն իմանալուն պես, հաճախ էին ինձ ասում՝ ոչինչ, մյուսը տղա կլինի: Դե, պատկերացրեք, երկրորդի պարագայում ինչպիսի՞ արտահայտություններ եմ լսել ու դեռ կլսեմ՝ «Մի հուսահատվեք, մյուսը տղա կլինի», «Վայ, ափսոս», «Գոնե դրա պատճառով՝ երրորդն էլ կունենաք»: Սկզբում մեծ ոգևորությամբ բոլորին պատասխանում էի, որ երջանիկ ենք, որ աղջիկ ենք ունենալու, թեկուզ 10 աղջիկ… Հիմա արդեն հոգնել եմ մարդկանց «սփոփելուց»: Կարծես չեն էլ հավատում, որ կարող է ուրախ լինենք, որ էլի աղջիկ ենք ունենալու: Մեր հասարակության մեջ սարսափելի կարծրատիպային մոտեցումներ կան այս հարցի շուրջ:
– Սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների սարսափազդու թվերից հաճախ ենք խոսում, քննադատում… Բայց, ի վերջո, հղիության արհեստական ընդհատման դիմած յուրաքանչյուր կին այդ քայլին դիմելու իր պատճառն ու մեղքի զգացումն ունի: Իրավունք ունե՞նք արդյոք որևէ մեկին քննադատելու:
– Չեմ սիրում մեղադրել, դատել մարդկանց: Յուրաքանչյուր կին իրավունք ունի որոշում կայացնելու: Ամեն տարի մեր երկրում, դեռ չծնված, սպանվում է մոտ 1400 աղջիկ: Նրանք չեն ծնվում, քանի որ ծնողները, իմանալով սեռի մասին, որոշում են զրկել նրանց կյանքից: Ինձ համար սա սարսափեցնող է, ամոթ, անընդունելի: Ինչո՞ւ չեն ցանկանում աղջիկ ունենալ: Որովհետև հայ կնոջ կերպարին, ցավոք, մեր հասարակությունը լուրջ չի մոտենում, չեն վստահում, չեն հավատում, բայց այս դաշտում էլ լուրջ առաջխաղացումներ կան: Այնուամենայնիվ, ոչ մի կարծրատիպ, ոչ մի արդարացում ու պատճառաբանություն չի կարող հայտնվել կշեռքի մի նժարին, որի մյուս կողմում դեռ չծնված երեխայի սպանությունն է: Այդ նժարը չպիտի երբեք ավելի ծանր լինի:
– Առաջարկում եմ շարունակել հետևյալ արտահայտությունները. «Առաջնեկին սպասող մայրը…»
– Վայելում է երջանկությունը՝ չիմանալով դրա ուժի ամբողջ հզորությունը:
– «Երկրորդ երեխային սպասող մայրը…»
– Վայելում է երջանկությունը՝ արդեն իմանալով, թե ինչ անծայրածիր, շնչահեղձ անող ապրումներ են իրեն սպասում: Այդ դեպքում սպասման հաճույքը քառապատիկ է դառնում…
– Ձեր հեղինակած՝ «Մայրիկների ակումբ» հաղորդման ժամանակ բազմիցս է խոսվել երեխային կրծքի կաթով կերակրելու անհրաժեշտության մասին: Անձամբ Դուք՝ որպես մայր, ինչպե՞ս եք կերակրել և ինչպե՞ս եք կերակրելու մոտ ապագայում:
– Կրծքով կերակրման կարևորությունն ինձ համար բացահայտեցի, երբ հղի էի առաջնեկովս: Այդ շրջանում վարում էի «Հայ մայրիկ» հաղորդումը, դրա շրջանակներում բազմաթիվ անդրադարձներ եմ ունեցել թեմային: Աղջկաս ծնվելուն պես գիտեի, որ պետք է տամ նրան լավագույն պարգևը, և արեցի դա: «Մայրիկների ակումբի» շրջանակներում ևս մշտապես խոսում ենք կրծքի կաթի կարևորության, առավելությունների մասին: Ինձ համար երկրորդ տարբերակ գոյություն չունի, իմ բալիկները պետք է սնվեն կրծքի կաթով ու առողջ մեծանան:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնու ներկայությանը ծննդաբերությանը:
– Առաջին ծննդաբերությանս ժամանակ որոշել էինք, որ, եթե ամեն բան հեշտ ու թեթև անցնի, Գոռը կմասնակցի: Այդպես էլ եղավ, ես շատ ուրախ ու թեթև ծննդաբերություն եմ ունեցել, ուստի համաձայնեցի, որ ամուսինս ներկա լինի: Հիմա էլ, եթե ընթացքում հասկանանք, որ ամեն բան այդքան լավ է, Գոռը կմիանա մեզ: Նա ինքն է պնդում և նշում, որ չի ցանկանում բաց թողնել աշխարհի ամենահաճելի առաջին հանդիպումն իր հրաշքի հետ…
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք 168.am կայքում
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Առաջին դասարաններում աղջիկները գնալով քչանում են/ տեսանյութ
«Իմ և ամուսնուս համար երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ փոքրիկ ունենալն է»…
Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Դիտումների քանակը` 5274