«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…
ԱԺ-ում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը
հասնելու համար առնվազն 100 տարի կպահանջվի …
Աշխարհի խորհրդարաններում այսօր արդեն առկա կանանց 20 տոկոսանոց ներկայացվածությանը մենք լավագույն դեպքում կհասնենք 25 տարի հետո, իսկ հյուսիսային Եվրոպայում արդեն իսկ արձանագրված կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը մեզանում իրականություն կդառնա ոչ շուտ քան մեկ դար անց … Այսպիսի եզրակացության կարելի է հանգել՝ վերլուծելով վերջին քսան տարվա ընթացքում հայոց խորհրդարանում կանանց թվի ավելացման տեմպերն ու միտումները, որոնք, իդեպ, տեղավորվում են քաղաքական այրերի «մենք շտապելու խնդիր չունենք» հայտնի բանաձևի շրջանակներում…
Համեմատության համար հիշենք, որ 1985-ի խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում կանայք 35,6% էին կազմում: Այսօր շատերն առիթը բաց չեն թողնում քննադատել այն ժամանակվա քվոտային համակարգը նշելով, որ դրա պատճառով խորհրդարանում կթվորուհիներ էին ընդգրված… Նման հարցադրման արժանի պատասխանը հնչեցվեց, ի դեպ, բոլորովին վերջերս երիտասարդ կին-թեկնածուի կողմից ՝ նախընտրական դեբատների ընթացքում. «Իսկ կթվորուհիներն ինչո՞վ են պակաս, որ ԱԺ-ում ներկայացված չլինեն»…
Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդում, որը կազմավորվեց 1990-ին միայն մեծամասնական ընտրակարգով 260 պատգամավորով, 9 կին էր ներկայացված, այսինքն 3,5 % :
Առաջին գումարման Ազգային ժողովում 1995-ին ՝ 12 կին էր ընդգրկված 190 պատգամավորից, այսինքն 6,3 %, ընդ որում համամասնականով անցած բոլոր կանայք «Շամիրամի» ընտրացուցակով էին ընտրվել և խորհրդարանում կանանց խմբակցություն էր ձևավորվել: Մեծամասնական ընտրակարգով 4 կին էր ընտրվել:
Երկրորդ գումարման ժամանակ 1999-ին կանայք ամենաքիչն էին ընդգրկված , նրանք ընդամենը չորսն էին 131 պատգամավորից, ինչը կազմում էր 3 %: Ընդ որում, նրանցից երկուսը մեծամասնականով էին ընտրվել:
Երրորդ գումարման ԱԺ-ում՝ 2003-ին ներդրվեց կանանց համար աննախադեպ խտրական 5-տոկոսանոց քվոտան և կանանց թիվը հասավ յոթի 131 պատգամավորից, ինչը կազմեց 5,3% : Մեծամասնականով ընտրվեց միայն մեկ կին:
Նախորդ՝ չորրորդ գումարման ԱԺ-ի կազմում գործի դրվեց 15-տոկոսանոց քվոտան և 12 կին ընտրվեց, այսինքն 9,1 %: Մեծամասնականով ոչ մի կին չէր ընտրվել:
Այս ընտրություններին քվոտան բարձրացվեց մինչև 20 տոկոս: Արդյունքում՝ հինգերորդ գումարման ԱԺ-ում 14 կին պատգամավոր է ընդգրկվել, այսինքն կանայք ընդամենը 10,6 % են կազմում, ընդ որում նրանցից երկուսը մեծամասնականով են ընտրվել:
Այսպիսով, քսան տարվա կտրվածքով կանանց թիվը մեր խորհրդարանում աճել է ընդամենը 7 տոկոսով: Հաշվի առնելով կանանց ներկայացվածության այդ դինամիկան կարող ենք ենթադրել, որ այսօրվա 20-տոկոսանոց քվոտան իրականություն դարձնելու համար մեզ կպահանջվի ևս 25 տարի… Մնում է միայն զինվել համբերությամբ, քանզի քաղաքական այրերը « շտապելու խնդիր չունեն» և նրանց ամենևին էլ չի մտահգում այն փաստը, որ Հայաստանի բնակչության 52 տոկոսը կազմող կանայք օրենսդրական մարմնում այսօր ունեն ընդամենը տաս տոկոս ներկայացվածություն:
Հիշեցնենք, որ Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով կանանց ներկայացվածությունը աշխարհի խորհրդարաններում այսօր միջինում 19,5 % է :
Խորհրդարաններում կանանց ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշը 42%-ը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներում է , ԵԱՀԿ երկրների միջին ցուցանիշը 22,6 % է:
Կանանց խորհրդարանական մասնակցության ամենացածր տոկոսն արաբական աշխարհի երկրներում է `ընդամենը 11,3%…
Դիտումների քանակը` 3558