Հայդի Թալիավինի. «Մենք այստեղ ենք դիտելու, ոչ թե պարտադրելու նպատակով»

«Մենք այստեղ ենք դիտելու, ոչ թե քննադատելու, ինչ որ բան պարտադրելու նպատակով: Մենք գնահատելու ենք նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, որ նախընտրական, ընտրական գործընթացները համապատասխանեն միջազգային չափանիշներին, ազգային օրենսդրությանը»,-  երեկ կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար՝ դեսպան Հայդի Թալիավինին: 

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն է իրականացնելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Հ. Թալիավինին ասաց, որ իրենք հրավեր են ստացել ՀՀ վարչապետից, ժամանել են հունվարի 8-ի երեկոյան, արդեն հանդիպել են ՀՀ ԿԸՀ նախագահի, ԱԳ նախարարի, փոխնախարարի հետ: ԿԸՀ նախագահի հետ հանդիպումը նա գնահատեց «բովանդակալից»:

Դիտորդական առաքելության ղեկավարն ասաց, որ առաքելությունը բացկացած է 13 միջազգային փորձագետներից, 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են ամբողջ երկրի տարածքով, հրավիրելու են 250 կարճաժամկետ դիտորդների` ընտրությունների օրը, ինչպես նաև արդյունքների հաշվման գործընթացները հետևելու համար, դիտարկելու են նաև ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը: Դիտորդները Հայաստանում կմնան մինչև փետրվարի վերջ` հետևելու նաև հետընտրական գործընթացներին, իսկ եթե լինի երկրորդ փուլ` կշարունակեն իրենց աշխատանքները:

Հայդի Թալիավինին ասաց, որ որպես դիտարկման գործընթացի մի մաս, առաքելությունը հանդիպելու է նախագահի թեկնածուների, համապատասխան իրավասու մարմինների ու քաղաքական կուսակցությունների, դատական համակարգի աշխատակիցների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Առաքելությունը հրապարակելու է երկու միջանկյալ զեկույց և մեկ վերջնական զեկույց` ընտրական գործընթացների ավարտից երկու ամիս անց:

 

Ըստ  Panorama.am -ի հաղորդագրության

Դիտումների քանակը` 4068

Գլխավոր էջ