Մեկնարկեց Կանանց Իրավունքների եւ Զարգացման 12-րդ համաշխարհային ֆորումը
Ապրիլի 19-ին Ստամբուլում մեկնարկեց Կանանց Իրավունքների եւ Զարգացման 12-րդ համաշխարհային ֆորումը: Կազմակերպիչը հայտնի ֆեմինիստական կազմակերպությունն է AWID –ը՝ Կանանց իրավունքների զարգացման ասոցիացիան : Ստամբուլ ժամանած կանանց շարժման 2000-ից ավելի առաջնորդներ և ակտիվիստներ աշխարհի 140 երկրից քննարկումներ են ծավալելու «Վերափոխե՝նք տնտեսական իշխանությունը ի նպաստ կանանց իրավունքների և արդարության» թեմայի շուրջ:
Ֆորումի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը՝ սկսած վերարտադրողական իրավունքներից եւ գենդերային բռնությունից մինչեւ կանանց քաղաքական մասնակցություն , դիտարկվելու են տնտեսական իշխանության համատեքստում, քանի որ խորհրդաժողովի հիմնական նպատակն է բացահայտել տնտեսական համակարգերի փոխակերպման հնարավորությունները՝ կանանց առաջընթացը ապահովելու ուղղությամբ:
Խորհդաժողովի բացումը տոնակատարության էր հիշեցնում: Առիթը՝ AWID-ի 30- ամյակն է եւ կանանց շարժման վերջին տարիներին արձանագրված հաղթանակներն են, որոնք սակայն ամենօրվա պաշտանության կարիքը ունեն: Դրա հետ մեկտեղ կանանց շարժումը առաջ գնալու մասին պետք է մտածի:
«Մենք վերջին տարիների ընթացքում առավելապես պաշտպանողական գործելաոճ էին որդեգրել՝ փորձելով ամրապնդել մեր հաղթանակները, այժմ պետք է փոխենք ռազմավարությունը՝ բարձրացնելով կանանց շարժման ակտիվությունը եւ ապահովելով նրա առաջընթացը», – ասաց AWID-ի գործադիր տնօրեն Լիդիա Ալպիսար Դուրանը ֆորումի բացման խոսքում:
Ֆորումը աշխատելու է չորս օր, օրակարգը բավականին հագեցած է՝ քննարկումները ընթանում են տարբեր ձեւաչափերով՝ առավոտյան ժամը 9 –ից մինչեւ ուշ երեկո:
Մանրամասները՝ հաջորդիվ:
Թամարա Հովնաթանյան
Երեւան-Ստամբուլ
Դիտումների քանակը` 4869