«Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» գիտաժողովը/ լրացված
Այսօր Երեւանում Սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի մասնակիցները փաստում են՝ Ցեղասպանությունից հետո հայապահպանության առումով հայ կնոջ դերը դժվար է գերագնահատել:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Մենք հավաքվել ենք վերաարժևորելու հայ կնոջ տեղն ու դերը հայ ժողովրդի համար ամենաողբերգական պահերին և պատմական զարգացման ներկա փուլում, նրա մասնակցությունը համազգային խնդիրների լուծման գործում: Հայկական Սփյուռքում ի սկզբանե հայապահպանությունն ու ազգային առաջընթացի տաճարը կառուցվել է չորս զորավոր սյուների վրա՝ Հայ ընտանիքը, Հայ եկեղեցին, Հայ մշակույթը և Հայոց լեզուն ու դպրությունը, որոնց հիմքում շաղախված է հայ կնոջ կերպարն ու ինքնազոհությունը իր ընտանիքին, իզ ազգին և իր հայրենիքին: Այդ սյուները կանգուն են մնացել նախևառաջ հայ կնոջ նվիրումի, վճռականության, նրա թափած ջանքերի ու աշխատանքի, նրա մեծ հավատի շնորհիվ», – ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով հայ կանայք ամենամեծ տառապանքների միջով են անցել ու մինչ օրս զգում են ցեղասպանության ժամանակ տեսած սարսափների ցավը: Ու եթե հայ տղամարդուն սպանում էին, ապա կանանց բռնաբարում ու կրոնափոխ անում: Սակայն նույնիսկ իսլամի ընդունումը նրանց չէր խանգարում երեխաներին թաքուն հայերեն սովորեցնել ու թուրքական ականջից հեռու քրիստոնեական աղոթքներ կարդալ:
«Ցավոք, սրտի հայ կինը կրել է հայոց պատմության ծանրագույն բեռը, անցել է պատմության տարբեր հանգրվաններով, եղեռնի տարիներին ամենամեծ սարսափներն ու տառապանքներն է տարել, դաջվել է ու մարտիրոսվել: Եվ փառք ու պատիվ այն միսիոներներին, ովքեր ոչ միայն որբահավաք կազմակերպեցին և փրկեցին հայ կանանց գերությունից ու ստրկությունից, այլև պայմաններ ստեղծեցին, որ նրանք գոյատևեն»: Նախարարն առանձնացրեց հատկապես Զապել Եսայանին, ով հասավ մինչև Եվրոպայի խորհրդաժողով, կարողացավ իր ձայնը լսելի դարձնել, և Դիանա Աբգարին՝ Ճապոնիայում մեր առաջին հանրապետության հյուպատոսին, ով օգնեց փաստաթղթավորել հայ կանանց, գաղթականներին: Գտնվեցին նաև օտար բարեսեր, բարեգութ մարդիկ», – ասաց Հակոբյանը, նշելով, որ «այդուհանդրերձ, Թուրքիայի երազանքն անկատար մնաց, հայ ժողովուրդը մոխիրներից հառնեց ու այսօր բավականին ուժեղ է»…
«Կարծես երեկ էր, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին հայությունը՝ Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր անկյունները, միակամ ու միաբերան վերջ դրեց ողբ ու կոծին և տարավ իր արդար Դատը եկեղեցու դարպասից դեպի քաղաքական կրկես ո´չ որպես մարտիրոսացած ժողովուրդ, այլ որպես վերազարթնող ազգ, պատրաստ ամեն զոհողության, պատրաստ պայքարելու՝ որպես արդարության ու հատուցման պահանջատեր, մինչև վերջնական հաղթանակ»,-իր ողջույնի խոսքում նշեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը և հավելեց, որ այդ ճակատագրական պայքարի մեջ մեծ էր հայ կնոջ դերը, ով կանգնեց իր զավակի ու ամուսնուն կողքին ՝ կրելով բռնատիրության ամենադաժան հակադարձության աննկարագրելի բեռը և ինչպես անցյալում, այսօր ևս նա մեծ առաքելություն ունի կատարելու
Գիտաժողովի ընթացքում նաև ցուցադրվեց Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը հիմնված է հեղինակի տատի դաժան կյանքից վերցված դեպքերի վրա: Ռեժիսորն իր ողջույնի խոսքը հղեց Ստոկհոլմից ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ գիտաժողովը նախաձեռնելու համար և նշելով, որ նա իր աշխատանքներում շեշտը դնում է այն կանանց վրա, որոնք Ցեղասպանությունից հետո շարունակեցին ապրել:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը խոսեց «Հայ կինը Գոլգոթայի ճանապարհին» թեմայի շուրջ, Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց «Ցեղասպանության տարիներին հայ կնոջ իսլամացման քաղաքականությունը» զեկուցումը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Գրիգորյանը անդրադարձավ «Սեռական բռնությունների դասակարգումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համատեքստում» թեմային:
Առավել ուշագրավ էր Վերժինե Սվազլյանի տասնյակ տարիների ընթացքում հավաքած նյութերի հիման վրա «Հայոց ցեղասպանությունը ըստ կին ականատես վերապրողների վկայությունների» հակիրճ զեկուցումը: Վերժինե Սվազլյանը դեռևս 1996 թվականին Թուրքիա այցելության ժամանակ հիվանդ ձևացնելով մուտք գործեց Սբ. Փրկիչ հիվանդանոց, որի հարևանությամբ գտվում էր հայկական ծերանոցը:
«Ես հիվանդ ձևացա, ասացի, որ գրիժայի վիրահատության կարիք ունեմ: Իզուր տեղը կտրեցին, երկուսուկես ժամ նարկոզ ընդունեցի, որպեսզի մեկ շաբաթից ոտքի կանգնեմ և հետևի դռնով մուտք գործեմ ծերանոցը: Այնտեղից 40 հուշ եմ դուրս բերել, որոնցից մեկը դեմքին դաջվածքով մի հայ կին էր, ում 4 տարեկան հասակում փրկել են անապատի բեդուինները», – ասաց Վերժինե Սվազլյանը:
Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի, արխիվային տեղեկատուների պատրաստման և հրատարակման բաժանմունքի վարիչ Մարինե Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՕՄ-ի կանանց գործունեությունը Ցեղասպանության տարիներին և դրանից հետո: ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության անդամ Ֆրիդա Հաճյանը ներկայացրեց ՀՕՄ–ի Կենտրոնական վարչության միջազգային գրասենյակի հրատարակչական բաժնի տնօրեն Թաթուլ Սոնենցի՝ «Հայ կինը Ցեղասպանության տարիներին. ազատագրական պայքարի ուղիներում» զեկույցը:
Կալիֆոռնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի ղեկավար Դոկտոր Վահրամ Շեմմասյանի «Ցեղասպանության ընթացքում գերեվարված հայ կանանց և մանուկների ազատագրումը Սիրիայում` համաշխարհային առաջին պատերազմի ավարտին» թեմայով զեկույցը ներկայացրեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:
Թատերագիր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Ս. Ներսես ընծայարանի դասախոս, պրոֆեսոր Հրանտ Մարգարյանի «Մեկ որբ, մեկ ոսկի» թեմայով զեկուցումը ներկայացվեց տեսակապի միջոցով:
Իսկ «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իլյիչ Բեգլարյանի զեկուցման թեման էր «Ինչ են խոսում արխիվները. Հայ կնոջ կերպարը ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ»:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև Հայաստանում հաստատված սիրիահայ հրուշակագործների և ձեռագործի վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Դիտեք նաեւ «Երկիրն այսօր»- ի տեսանյութը միջոցառման մասին.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 5994