Մեկնարկեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

 

Հայաստանում այսօր մեկնարկեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը : Այս մասին ազդարարվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում: Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի միության, ԵԱՀԿ գրասենյակի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ղեկավարները:

 

 

Ինչպես իր խոսքում  նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, 1991թ.-ից սկիզբ առած այս արշավը տարեցտարի մեծ թափ է առնում` ընդլայնելով  մասնակիցների թիվը: Նրա դիտարկմամբ ` կանանց դեմ բռնությունը համաշխարհային խնդիր է. աշխարհում 600 մլն կին ապրում է այնպիսի երկրում, որտեղ ընտանեկան բռնություն հանցագործություն չի համարվում:

 

 

«Գենդերային բռնության վերացումը և գենդերային հավասարության հաստատումն առանցքային նշանակություն ունեն աշխարհի յուրաքանչյուր հասարակության զարգացման համար` լինի դա զարգացման տնտեսական, քաղաքական, սոցիալական, թե որևէ այլ բաղկացուցչի առումով»,-նշեց Բ.Բուզետտոն:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադարմի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց 16-օրյա քարոզարշավի շրջանակներում նախատեսված  միջոցառումները: Այս տարի կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ, այդ թվում երթ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, 16 –օրյակի հարցերի բարձրաձայնում Ազգային ժողովում, թեմատիկ հանդիպում-քննարկումներ, Հայաստանում սեռական բռնության խնդրին նվիրված վավերագրական ֆիլմի դիտում, լուսանկարչական ցուցահանդես, ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում և այլն:

 

Ի դեպ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասրահում երեկ բացվեց կանանց հնարավորությունների ընդլայմանը նվիրված ցուցահանդես:

 

Իրավիճակը Հայաստանում

 

Պատասխանելով լրագրողների հարցերին Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում  իրավիճակի վերլուծության հետազոտության արդյունքները մտահոգիչ են : Այսպես, հարցված կանանց 60 տոկոսից ավելին ենթարկվել է որևէ տեսակի բռնության:   Բանախոսը վստահեցրեց, որ անելիքներն այդ առումով դեռ շատ են: «Ունենք ընկալում, որ բռնությունը թույլատրելի է: Մեր հարցումները ցույց են տալիս, որ կանանց 50 տոկոսից ավելին նշել էին գոնե մեկ պատճառ, ինչի համար ամուսնին իրավունք ունի իրենց ապտակելու: Կարծում եմ, որ սա ցույց է տալիս այն իրավիճակն, որն առկա է Հայաստանում»,-նշեց Գ.Հայրապետյանը: Սակայն, ըստ նրա, վերջին տարիներին ավելացել է խնդրի մասին բարձրաձայնողների թիվը:

 

Նրա կարծիքով` «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների  ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը կնպաստի խնդրի կարգավորմանը:

 

Ի դեպ

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակը» ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Բացի բուն 16-օրյակի քարոզարշավից, այն ներառում է ևս մեկ` կանանց նկատմամաբ բռնությունից տղմարդկանց հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը: 1991թ.-ից ի վեր իրականացվող 16-օրյա քարոզարշավի մասնակիցների քանակը ներառում է 37000 կազմակերպություն` 164 երկրներում: Հայաստանում 16 օրյակն իրականացվում է 2001թ.-ից:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 4249

Գլխավոր էջ