Մեծամասնական ընտրություններին պատրաստվող երեք համայնքներից ակտիվ են միայն Ֆիոլետովոյի կանայք
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 17-ին, բացի համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններից, կանցնեն նաև մեծամասնական ընտրություններ ազգային փոքրամասնություններով բնակեցված երեք համայնքներում՝ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում:։ Հիշեցնենք, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները խոշորացման ծրագրում ընդգրկված չեն, հետևաբար այստեղ ընտրություններն անցկացվում են մեծամասնական կարգով և ի տարբերություն համամասնական ընտրակարգով ընտրությունների այս դեպքում գենդերային քվոտան չի գործում:
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ և Լոռու մարզի՝ մոլոկաներով բնակեցված Ֆիոլետովո գյուղերում կընտրեն թե համայնքապետ, թե ավագանու անդամներ։ Նույն օրը Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում կընտրեն ավագանու անդամներ։
Ըստ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունների, թե Շամիրամում, թե Ֆիոլետովոյում համայնքապետի հինգ թեկնածուների թվում կանայք չկան։
Եզդիներով բնակեցված Շամիրամում ու Ֆերիկում ավագանու անդամի 12 թեկնածուների թվում էլ իգական սեռի ներկայացուցիչներ չկան։ Հիշեցնենք, որ այդ գյուղերի գործող ավագանու կազմում էլ կին գործիչներ չկային։
Պատկերն այլ է Ֆիոլետովոյում։ 2016-ին ընտրված ու մինչ օրս գործող ավագանին հինգ անդամ ունի, որից երկուսը կանայք են՝ Զադորկինա Տատյանա Ալեքսեևնան և Նազարովա Իրինա Պավլովնան։
Այս անգամ ավագանու հինգ անդամի համար առաջադրվել է 13 թեկնածու։ Նրանցից 4-ը կամ մոտ 31 տոկոսը կանայք են։ Հատկանշական է, որ գործող ավագանու անդամ կանայք չեն առաջադրվել։
Այսպես՝ այս պահին ընտրապայքարի մեջ են Զադորկինա Վերա Անդրեեվնան, Նովիկովա Տատյանա Վասիլեվնան, Նովիկովա Օլգա Վասիլեվնան, Սուկովիցինա Վերա Զիխայիլովնան։ Նրանք բոլորն էլ անկուսակցական են ու ինքնաառաջադրված։
ԿԸՀ սահմանած ժամանակցույցի համաձայն, գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18։00-ն։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ կանցնեն Հայաստանի ինը համայնքներում, որոնցից վեցում ՝ Գյումրիում , Գորիսում , Մեղրիում , Տաթևում , Տեղում , Դիլիջանում ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով՝ գենդերային քվոտայի կիրառմամբ: Եվս երեք ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում, որոնք խոշորացման չեն ենթարկվի, ընտրություններն կանցնեն մեծամասնական ընտրակարգով: Ընդհանուր առմամբ, այս տարի հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին սպասվող համայնքների խոշորացման և հերթական ընտրությունների ավարտից հետո Հայաստանում 78 համայնք կլինի, որից 8-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1190