Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործը կվերաբացվի

 

Գլխավոր դատախազությունը վերացրել է  20-ամյա Մարո Գուլոյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը կարճելու մասին Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի որոշումը:  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  կայացավ Մարո Գուլոյանի գործով դատական նիստը: Դատարանը պետք է քննարկեր Տուժող կողմի ներկայացուցիչ, Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Լուսինե Մինասյանի բողոքը նախաքննական մարմնի` որոշման դեմ, որով Մարո Գուլոյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը կարճվել է:

 

 

Հարցը, սակայն մինչեւ դատաքննությունն է լուծում ստացել: Փաստաբանը դիմել էր նաեւ Գլխավոր դատախազություն` գործը կարճելու որոշման օրինականությունն ստուգելու: Դատարանում քննչական խմբի անդամ Լեւոն Գրիգորյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազությունից բանավոր հաղորդվել է նախաքննական մարմնի` գործը կարճելու որոշումը վերացնելու մասին: Այս հիմքով նա միջնորդեց դատարանին հետաձգել նիստը: Լուսինե Մինասյանը առարկություններ չուներ: Դատարանը բավարարեց միջնորդությունը, նաեւ որոշեց գրավոր դիմել գլխավոր դատախազություն նախաքննական մարմնի որոշումը  վերացնելու մասին գրավոր որոշումն ստանալու համար:

 

 

Հիշեցնենք, որ Մարո Գուլոյանը մահացել էր 2012թ.-ի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում` ամուսնու տանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մարոն ինքնասպան էր եղել լոգարանում խալաթի գոտիով կախվելու միջոցով: Մարո գուլոյանի հարազատները սակայն պնդում են, որ աղջկան իրականում սպանել են: Դեպիքց անմիջապես հետո Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ “սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը”: 2013թ ապրիլի 22-ին նախաքննական մարմինը գործը կարճելու մասին որոշում էր կայացրել, որն էլ բողոքարկվեց:

 

 

Փաստաբանի պնդմամբ, գործում առկա են բազմաթիվ հակասություններ, ուստի բողոփքը ներկայացրել ենք  տարբեր հանգամանքների շուրջ: ‘’Մենք բազմիցս նշել ենք, որ վկաների ցուցմունքներում առկա են բազմաթիվ հակասություններ, որոնց առնչությամբ առերեսում չի իրականացվել, մինչդեռ քրեադատավարական նորմերով դա պարտադիր է: Այդ հակասությունները  վերաբերվում են անմիջապես դեպքի դրվագին` երբ են հայտնաբերել Մարո Գուլոյանին, ով է հայտնաբերել, ինչ գործողություններ են կատարվել դրանից հետո, երբ են նրան տեղափոխել հիվանդանոց: Հաշվի չի առնվել Մարո Գուլոյանի մարմնի վրա վնասվածքների հետքերը’’,- womennet.am-ին ասաց փաստաբանը: Լուսինե Մինասյանի խոսքով, նախաքննական մարմնի որոշումը կայացվել է որպես հիմնավորում նշելով Մարո Գուլոյանի համահայր եղբայրների ինքնասպանություն գործելու հանգամանքը, այն դեպքում, երբ գենետիկական որեւէ փորձաքննություն չի իրականացվել:

 

 

 

Բացի այս , ըստ փաստաբանի, խախտվել է ոչ միայն ներքին օրենսդրությունը, այլեւ ՄԻ եվրոպական կոնվենցիայի 2-րդ  հոդվածը, որը պետություններին պարտավորեցնում է  պատշաճ քննություն իրականացնել բոլոր կասկածելի մահերի դեպքում: Փաստաբանը գործը կարճելու քննչական մարմնի որոշումը վերացնելու մասին Գլխավոր դատախազության  որոշումը գործի օբյեկտիվ նախաքննության համար երաշխիք չի համարում: Գործը վերաբացելուց հետո Լուսինե Մինասյանի առաջին քայլը լինելու է գործի քննությունը Երեւան տեղափոխելու հարցի լուծումը: ’’ Գործի քննությունը Կոտայիք ի մարզի դատարանում թողներլն անիմաստ է: Եթե մենք անաչառության բացակայության դեմ եւ կողմանակլության համար բողոք ենք ներկայացնում, գործը նույն մարմնին վերադարձնելը կլինի երկու քայլ առաջ, երեք քայլ հետ: Դրանից հետո մենք հետեւողական կլինենք, որպեսզի Երեւանում քննությունն օբյեկտիվ ընթանա եւ  գործի բոլոր հանգամանքները պարզվեն’’,-ասում է փաստաբանը :

 

 

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էին եկել նաեւ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի ակտիվիստները եւ սկեսրոջ կողմից բռնությունների ենթարկված Մարիամ Գեւորգյանը: Նա womennet.am-ի հետ զրույցում իր ներկայությունը մեկնաբանեց նշելով, որ  պետք է աջակցել կանանց, որպեսզի նրանց նկատմամբ բռնությունները քիչ լինեն , իսկ բռնության դեպքերն էլ բարձրաձայնվեն ու արդարացի պատիժ ստանան բռնություն կիրառողները:

 

‘’Կանանց նկատմամբ անխելու համար ամենակարեւորը օրենքի բացը լրացնելն է եւ բարձրաձայնելը’’,-հավելեց Մարիամ Գեւորգյանը:

 

Մարիանննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 5044

Գլխավոր էջ