Մարմնավաճառությունը Հայաստանում. երբեմն ամուսիներն են դրդում կանանց այդ ճանապարհով գումար վաստակել

Հայաստանում  մարմնավաճառությամբ զբաղվողների  20 տոկոսը 18-25 տարեկան կանայք են, 49 տոկոսը` 25-30 տարեկան են, 28 տոկոսը` 35-45 տարեկան կանայք են եւ 3 տոկոսը` 45 –ից բարձր տարիք ունեցողները: «Փառք աստծո, փողոցում կանգնող անչափահաս մարմնավաճառներ չունենք», – նշեց  ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը, ներկայացնելով  լրագրողներին այս  երևույթի վերաբերյալ վիճտվյալները:

 

 

ՀՀ ոստիկանությունում ներկայումս հաշվառված է 240 փողոցային մարմնավաճառ:  2011 թ-ի տվյալներով, նրանց թիվը կազմել է 217, իսկ 2010-ին եղել է` 257:  Համաձայն ոստիկանության վիճակագրության, ՀՀ առողջապահական մարմիններ զննման ներկայացված վեներական հիվանդների թիվը 160 է կազմում, նախորդ տարվա 177-ի համեմատ: «Հաշվառման հիմնական նպատակը նրանց քանակն ու շարժը մեր տեսադաշտում պահելն է»,-ասում է ոստիկանության ներկայացուցիչը:

 

 

Ըստ բանախոսի, պայմանականորեն մարմնավաճառներին կարելի է բաժանել փողոցային մարմնավաճառների, որոնք որպես կանոն կանգնում են մարմնավաճառների հավաքատեղի հանդիսացող փողոցներում, հասարակական օբյեկտներում` բարեր, գիշերային ակումբներ եւ այլն, գործունեություն ծավալողների, արտերկրից, մասնավորապես, Ուկրաինայից եւ Ռուսաստանից այսպես ասած,  “հյուրախաղերով” Հայաստան եկող մարմնավաճառների եւ “էլիտարների”: ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչի խոսքով,  վերջին երկու խումբն անվերահսկելի են:

 

Մարմնավաճառները հիմնականում կանայք են, սակայն այդ գործով զբաղվում են նաև տղամարդիկ: «Չկան մարմնավաճառներ, որ մատուցում են տղամարդու ծառայություններ, բայց կան տղամարդիկ, որ առաջարկում են կանացի ծառայություններ»,-մանրամասնեց նա:

 

 

Ովքե ՞ր եւ ինչո ՞ւ են դիմում մարմնավաճառության: Այս հարցերի հստակ պատասխանները բանախոսը չունի: “Ոմանք գտնում են, որ սոցիալական պայմաններ են պատճառը, ոմանց կարծիքով էլ` մարդաբանական բնույթից է կախված”,- նշում է Արա Սրապյանը եւ հավելում, որ երևույթը չի կարելի կապել միայն սոցիալական վատ պայմանների հետ, քանի որ շատ ընտանիքներ անապահով վիճակում են, սակայն նման քայլի չեն գնում, և հակառակը: Բացի այդ. «Ես չեմ տեսել որևէ մարմնավաճառ, որ այլ աշախատանքի առաջարկի դեպքւոմ մարմնավաճառությունը թողնի ու գնա այդ աշխատանքով զբաղվի»:

 

 

Ոստիկանությունը մարմնավաճառների ընտանեկան կարգավիճակի եւ կրթական ցենզի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն չի իրականացրել եւ համապատասխան  վիճակագրություն չունի:  Արա Սրապյանի խոսքով, սակայն, մարմնավաճառների մեծ մասը ամուսնալուծված են, ունեն  երեխաներ:

 

 

«Կան նաև ամուսնացածներ, երբեմն նաև ամուսիններն էլ են դրդում կանանց մարմնավաճառությամբ զբաղվել` գումար վաստակելու համար»,-ասում է իրավապահ մարմնի ներկայացուցիչը: Նա հիշեցնում է, որ մարմնավաճառները հաճախ են ամենատարբեր բռնությունների ենթարկվում, սակայն իրավապահներին չեն դիմում:

 

 

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը» տուգանք է սահմանում մարմնավաճառության համար, արարքն առաջին անգամ կատարելու դեպքում 20 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի անգամների դեպքում` 40 քազար դրամի չափով:

 

Ըստ ոստիկանության տվյալների, մարմնավաճառներն իրենց ծառայությունները գնահատում են 1000 դրամից մինչև 1000 դոլար: Արա Սրապյանը համոզված է, որ երևույթը Հայաստանում չի օրինականացվի մի քանի պատճառով, նախ և առաջ դա ազգային անվտանգության խնդիր է:

 

«Մարմնավաճառությունը մեր ազգին հարիր բան չէ»,-կարծում է Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Գուրգեն Փորսուղյանը, ով նույնպես դեմ է այդ երևույթի օրինականացմանը:

 

Գուրգեն Փորսուղյանի ներկայացրած տվյալների համաձայն , Հայաստանում մարմնավաճառների մարմնավաճառների 60 տոկոսը տարբեր սեռավարակներ ունեն, տարեկան 2-3 հիվանդի մոտ էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ են:   Բժիշկը հաջողություն է համարում այն, որ այսօր յուրաքանչյուր մարմնավաճառի պայուսակում կամ գրպանում  կա պահպանակ, ինչը նրա խոսքով, իրականացվող բացատրական աշխատանքի արդյունք է եւ սեռավարակների կանխարգելման հիմնական միջոցը: Թեպետ ոչ բոլոր հաճախորդներն են պահպանակի օգտագործմանը համաձայնում:

 

 

Ոստիկանների կողմից հայտնաբերված մարմնավաճառները նաև տարվում էին բժշկի` հետազոտման: Բուժզննումն իրականացվել է անվճար, պետպատվերի շրջանակում, իսկ հոկտեմբերի 1-ից դարձել է վճարովի:

 

 

««Նրանք գումար են աշխատում, ու պետք է նաև իրենց առողջության վրա գումար ծախսեն: Ոչ ոք պարտք չէ նրանց: Դրանից իրավիճակը անվերահսկելի չի դառնա, կարծում եմ: Ուղղակի մոտեցումը պետք է փոխվի»,-նշում է  նա:

 

 

2006 թվականից սկսած, ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ստուգայցեր է կազմակերպում մարմնավաճառների հավաքատեղիներ հանդիսացող վայրերում:Մարմնավաճառների հետ նաեւ պարբերաբար բացատրական աշխատանքներ են իրականացվում, որոնք սակայն այնքան էլ արդյունավետ չեն: Հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ հաջողվում է մարմնավաճառին հետ պահել այդ ուղուց:

 

 

 

Դիտումների քանակը` 29041

Գլխավոր էջ