Մարինե Եփրեմյան. «Մենք մեր առջև խնդիր չէինք դրել, որ ցուցակում պետք է գերիշխեն կանայք»
22-ամյա Մարինե Եփրեմյանն ընդգրկված է «Առաքելություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակում: Նա 5-րդ հորիզոնականում է: Մարինեն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ: Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում ավագանու ընտրություններին մասնակցել 21 տարին լրացած անձանց:
«Քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է մտածի մեր քաղաքը ավելի լավը, բարեկեցիկ ու հաճելի դարձնելու մասին: Ցանկացած մարդու իրավունքն է ու պարտքն է մտածել իր երկրի մասին: Եթե կարող ես օգուտ տալ, ապա դա պետք է անել»,-ներկայացնելով ցուցակում իր ընդգրկված լինելը WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Եփրեմյանը:
«Առաքելություն» կուսակցությունը արդարադատության նախարարությունում գրանցվել է մեկ ամիս առաջ: Ինչպես է գնահատում այդ քաղաքական ուժի հնարավորությունները.
«Մենք մեր առջև խնդիր չենք դրել հակադրվել այլ քաղաքական ուժերի: Մեր նպատակներից մեկն այն է, որ համատեղ ուժերով բարձրացնենք այնպիսի խնդիրներ, որոնց մասին տեղյակ են, սակայն դրանք մնում են չլուծված»:
Մարինեի խոսքով, առկա բոլոր խնդիրներն էլ մեծ ցանկության ու համախմբման պարագայում հնարավոր է լուծել:
«Առաքելության» ցուցակում մյուս քաղաքական ուժերի համամետ առավել շատ կանայք են ընդգրկված` 28 տոկոս:
«Մենք մեր առջև խնդիր չէինք դրել, որ ցուցակում պետք է գերիշխեն կանայք: Ուղղակի շարժվել ենք օրենքով և խելացի կանայք շատ կան կուսակցությունում: Միգուցե պատճառն այդ է»,-արձագանքեց Մ. Եփրեմյանը:
Կուսակցությունն իր ծրագիրը կներկայացնի քարոզարշավը մեկնարկելուն պես, անելիքները շատ են. «սկսած քաղաքի մաքրությունից, անսարք վիճակում գտնվող վերելակներից, ոչ բարվոք գտնվող շենքերից»:
Մարինեն ասում է, որ կուսակցությունը քարոզչություն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ ունի, կանայք ակտիվորեն ընդգրկված են լինելու քարոզարշավում:
«Մենք չենք քնել-արթնացել ու որոշել կուսակցություն ստեղծել: Հավաքվեցինք մի խումբ երիտասարդներ, հասկացանք, որ բոլորս էլ ակտիվ ենք, ուզում ենք մեր երկրի համար լավ բաներ անել, մեծ մասս նույն ցանկություններն ունեինք…այդպես ստեղծվեց մեր կուսակցությունը: Հույս ունեմ այն կհասնի իր նպատակին»,-ասաց Մ. Եփրեմյանը:
Հ. Կարապետյան
Հ.Գ. «Առաքելություն» կուսակցությունը մայիսի 5-ի կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել՝ փաստաթղթերին չկցելով ընտրագրավի վճարման անդորրագիրը: Պահանջվող 3 միլիոն դրամ ընտրագրավը կուսակցությունը դեռեւս չի վճարել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ժամկետ սահմանեց մինչեւ մարտի 29-ը ժամը 14-ը ` գրավը վճարելու ու անդորրագիրը ներկայացնելու համար: Կուսակցության ներկայացուցիչները հայտնել են լրագրողներին, որ անդորրագիրը չներկայացնելու պատճառը տեխնիկական է:
Դիտումների քանակը` 5743