Մարինե Բրուտյան. «Հողը սիրելով են պահում»…

 

Սահմանամերձ Տավուշի մարզի Սևքարի բնակչուհի Մարինե Բրուտյանի հաջողությունների բանալին աշխատասիրությունն է, սերը հողի, մարդու, կյանքի հանդեպ: Այսօր նա վայելում է համայնքի մեծի ու փոքրի հարգանքը, իր ընտանիքի՝ ամուսնու, երեք դուստրերի և ինը թոռների սերը: «Արածդ աշխատանքի, ստեղծածի մեջ պիտի հոգի դնես, որ արդյունքը լավ լինի, համն էլ՝ տեղը: Հողը սիրելով են պահում»,- այս սկզբունքով է դաստիարակվել ինքը, այդպես է դաստիարակել դուստրերին, այդպես են մեծանում նաև թոռները:

 

Հիմնական մասնագիտությունը եղել է հողագործությունը, որի գաղտնիքներին ծանոթացել է դեռևս մանկուց, երբ ծնողներին օգնում էր հողամասում: Գյուղատնտեսական տեխնիկումն ավարտելուց հետո Մարինեն ընտանիք է կազմում և ամուսնու հետ լրջորեն զբաղվում  գյուղատնտեսությամբ:

 

2014 թվականին «ՕքսԵՋեն» հիմնադրամի աջակցությամբ Սևքար համայնքում անհրաժեշտ սարքավորումներով հագեցած պահածոների գործարանի բացումը մեծ իրադարձություն էր սահմանամերձ գյուղի կյանքում, քանի որ ցանկացած համայնքի գլխավոր խնդիրը թեկուզ քիչ քանակով, սակայն աշխատատեղերի ստեղծումն է: Գործարանի տարածքում գործում են «Դարպաս» գյուղատնտեսական կոոպերատիվը և վերջինիս կողմից հիմնադրված «Անուշահամ» ՍՊԸ-ն, որի արտադրամասում Սևքարի բերքառատ անտառների բարիքները վերածվում են համեղ մուրաբաների ու ջեմերի:

 

Այսօր Մարինեն գործարանի վերամշակման արտադրամասի պետն է: Այստեղ հիմնականում աշխատում են 13 հոգի, բոլորն էլ՝ Սևքարից: Մարինեն հպարտությամբ ցույց տալով գործարանում պահեստավորված մոշի, ազնվամորու, դդմի, սերկևիլի, թզի և հոնի պահածոները՝ պատմում է, որ դրանք «ՕքսԵՋենի» աջակցությամբ նախատեսված են արտահանման համար: Ի դեպ, կոոպերատիվի արտադրանքն աչքի է ընկնում տնական որակով, անգերազանցելի համով ու օգտակար հատկություններով: Արտադրության տեխնոլոգիական գործընթացում որևէ քիմիական հավելում, սննդային ներկանյութ կամ այլ հավելում չեն օգտագործվում:

 

Ու թեպետ դժվարություններ դեռևս կան, սակայն դրանք չեն խանգարում, որ փոքրաթիվ կոլեկտիվն աշխատի սիրով, նվիրվածությամբ ու համերաշխ: «Տեսեք, թե մեր համայնքի բերքից պատրաստված մուրաբաներն ու ջեմերը ո՜նց են շողշողում, որովհետև հենց անտառից բերվում է, մշակվում է, չենք թողնում վրան օր անցնի»,- իրենց արտադրանքն է ներկայացնում Մարինե Բրուտյանը:

 

Մարինեի ցանկությունն է նաև, որ կոոպերատիվում աշխատանքը ոչ թե սեզոնային, այլ ողջ տարին լինի: Մարդիկ համայնքը լքում են աշխատատեղերի բացակայության պատճառով: «Ինչո՞ւ պետք է աշխատող ուժը հարկադրված հեռանա գյուղից, կանայք կան, ովքեր ի վիճակի են աշխատել, սակայն աշխատատեղը սահմանափակ է: Շատ լինեինք, շատ արտադրեինք թե՛ արտահանման և թե՛ դպրոցներին, մանկապարտեզին ու մանկատանը տրամադրելու համար»,- ասում է նա:

 

«Գյուղմթերքի կին հերոս 2018» կոչմանը Մարինե Բրուտյանն արժանացել է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացմամբ:

 

Դիտումների քանակը` 1992

Գլխավոր էջ