Մարինա Բազաևա. «Հայ ասպետ»-ը մտածողություն է փոխում Գյումրիում
Գյումրեցի Մարինա Բազաևան նոր շունչ է հաղորդել XIX դարում կառուցված, անբարեկարգ վիճակում գտնվող հին շինությանը՝ վերածելով այն հյուրատան: Նրան հաջողվել է նույնությամբ վերականգնել ու կենդանացնել մի տուն, որն ամբողջովին արտացոլում է Գյումրու` տվյալ ժամանակաշրջանի ճարտարապետությունը:
«Հայ ասպետ» անունով այս հյուրատունն ունի իր ստեղծման ժամանակին համապատասխան ներքին եւ արտաքին հարդարում: Այն ոչ միայն XIX դարին բնորոշ պատմական, ասպետական, մշակութային իրերն ու կենցաղը բացահայտելու, կիրառության մեջ դնելու, այլև տարատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռում` լիարժեք հանգստից մինչև ֆիլմի նկարահանում:
«Հյուրատուն ստեղծելու գաղափարն ունեցել եմ դեռ 2012-ից: Նույնիսկ փորձել եմ հյուրեր ընդունել իմ բնակարանում: Դա ինձ հաջողվեց. հյուրերը գոհ էին, ես`նույնպես: Տարիներ անց` 2016-ին, սկսեցի այս տան վերակառուցման աշխատանքները»-պատմում է տիկին Մարինան:
Վերականգնողական մանրակրկիտ աշխատանքից հետո 2018-ի հունվարից հյուրատունն իր դռները բացեց այցելուների առաջ: Աշխատանքի սկզբում չէր պատկերացնում, որ Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում գտնվող այս տունը կունենա այն տեսքը, որն ունի այսօր, որովհետև կառույցի ֆիզիկական վիճակը բավական վատթար էր: Բայց հմուտ վարպետների շնորհիվ այն աստիճանաբար վերափոխվում է: Ընկերների խորհուրդները ևս նպաստում են շինարարական-դիզայներական գրագետ ու գեղեցիկ լուծումներին, ինչպես նաև հնաոճ ինտերիերի և ժամանակակից հարմարավետության ճիշտ համադրությանը:
«Հայ ասպետ» ներս մտնելուն պես աչք է զարնում ասպետին պատկերող խճանկարը, ամրոցին բնորոշ բարձր առաստաղը, ջահը: Տարբեր հատվածներում կարելի է նկատել փայտե նախշազարդ կահույք, գորգեր, արձաններ ու հին Գյումրվա կենցաղի մասին պատմող իրեր: Դրանց մի մասը տիկնոջ տանից է, մի մասը գնվել է տարբեր մարդկանցից, որոշ մասը ստացվել է որպես նվեր` ընկերների և նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց կողմից, ովքեր պարզապես ցանկացել են պահպանել իրենց համար նշանակություն ունեցող իրերը: «Բոլորն առանձնահատուկ են, քանի որ տարբեր մարդկանց կյանքի մի մասն են կազմել: Ես ուրախ եմ, որ վստահություն եմ ներշնչել դրանք պահպանելու գործում»:
Հյուրատունը ցնծությամբ է ընդունվում թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրացիների կողմից: «Հայ Ասպետի» «խաղաքարտը» տիկին Մարինան համարում է նախ դրա հարմար վայրում տեղակայված լինելը: «Այստեղից կարելի է մեկ րոպեում հասնել Ռիժկովի ճեմափողոց իր բոլոր սրճարաններով, հետո էլ Վարդանանց հրապարակ, Քրքորյան փողոց…Ներքին հարդարանքից բացի այն բավարարում է նաև ժամանակակից պահանջներին, ինչն այցելուին հնարավորություն է տալիս լիարժեք և հաճելի հանգիստ կազմակերպելու: Այստեղ հարմար է ինչպես զույգերի` հատկապես մեղրամիս անցնակցնելու, այնպես էլ ընտանիքի, ընկերների գիշերակացի, ծննդյան միջոցառումներ, երեկույթներ, գործնական հանդիպումներ, Ֆոտոսեսիաներ անցկացնելու, և նույնիսկ` ֆիլմեր նկարահանելու համար»:
«Հայ ասպետի» առկայությունը Գյումրիում փոխում է` «մտածողություն, մեր ձեռքով մեր տունը կառուցելու անհրաժեշտության գիտակցություն, նաև օրինակ է`անհնարինը հնարավոր դարձնելու»:
Մարջան Չոբանյան
Դիտումների քանակը` 3143