Մարիա Թիթիզյան. «Չեմ ուզում տղամարդկանց նմանվել, ուզում եմ լինել՝ կին քաղաքական գործիչ»:

« Ինձ համար քաղաքականությունը շատ կարևոր և  հետաքրքրական ոլորտ է, որովհետև  ես անտարբեր անձնավորություն չեմ», – ասում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, «Սոցինտերն» կազմակերպության  փոխնախագահ Մարիա Թիթիզյանը: Մեր զրուցը  նրա հետ՝  քաղաքականության մեջ կանանց դերի և  խորհրդարանում նրանց ներկայացվածության վերաբերյալ է:

 

Ինչպե՞ս  եղավ, որ  քաղաքական ասպարեզն ընտրեցիք  Ձեզ համար:

– Ծնվել-մեծացել եմ Կանադայում, փոքր տարիքից ակտիվ եմ եղել ոչ միայն Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում, այլև  համայնքում կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ: Հետևաբար ո’չ  իմ, ո’չ էլ ծնողներիս համար զարմանալի չէր, որ իմ ապագան՝ քաղաքական ասպարեզն է: Մասնագիտությամբ քաղաքագետ-պատմաբան եմ: Ինձ համար քաղաքականությունը շատ կարևոր և  հետաքրքրական ոլորտ է, որովհետև  ես անտարբեր անձնավորություն չեմ: Ես հավատում եմ, որ ազնիվ, պարկեշտ քաղաքական գործիչներ ունենալով, կկարողանանք երկիրը վերականգնել: Հենց այս ցանկությամբ տասնմեկ տարի առաջ տեղափոխվեցի Երևան:

 

Քաղաքական կարիերայի ընթացքում որպես կին՝  ձեր նկատմամբ խտրականություն  զգացել ե՞ք:

 

– Իհարկե, բնականաբար, առանց դրա՞… (ծիծաղում է-Հ.Հ.): Երկու տարբեր իրականությունների մեջ եմ ապրել` Արևմուտքում և  Հայաստանում: Կանադայի ոչ հայկական շրջանակներում երբևէ խտրականություն չեմ զգացել՝   60-ականների ֆեմինիստական շարժումն անհետևանք չի անցել և այնտեղի հասարակությունը էվոլյուցիա է ապրել: Թեպետ այդ շարժումն իմ սերնդի կանանց վրա նաև  որոշակի բացասական ազդեցություն  թողեց:  Մի կողմից  կանանց  հորդորում էին, տանից դուրս գալ, զբաղվել կարիերայով, կրթությամբ, մոռանալ խոհանոցի մասին, մյուս կողմից՝ իմ պարագայում՝ լինելով հայ ընտանիքի զավակ  գիտակցում  էի, որ այնուամենայնիվ կան  տնային տնտեսուհու պարտականություններ: Արդյունքում փորձում էի և ‘ խոհանոցում, և ‘ հասարակական կյանքում լինել առաջամարտիկ:

 

Բոլոր դեպքերում այնտեղ հասարակությունը դրական է ընկալում կնոջ մուտքը քաղաքական ասպարեզ: Եթե դու խելացի ես, նպատակասլաց, ունես կրթություն և  լուրջ առաջարկություններ, ապա կարող ես շատ առաջ գնալ: Մինչդեռ հայկական ավանդական կուսակցություններում բազմիցս զգացել եմ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը: Պատճառներից մեկը սփյուռքում  առկա  հայապահպանման խնդիրն է: Հենց  այդ գաղափարախոսությամբ էլ  սփյուռքը ուղղորդեց   կնոջը ՝ որպես  հայապահպանության դրոշակակիր, դեպի օջախ, խոհանոց, ընտանիք, այդպիսով դուրս  մղելով կանանց քաղաքական գոծընթացներից:

 

Տասնմեկ տարի առաջ, երբ եկա Հայաստան, քաղաքական ասպարեզում կին գործիչներ  գրեթե չկային: Խաղի կանոնները տղամարդիկ էին որոշում, բեմահարթակում եղած կանայք էլ ՝ այդ  միջավայրում գոյատևելու նպատակով,  կարծես վերածվել էին տղամարդկանց:

 

Մինչդեռ, կարծում եմ, որ  կինը այս ասպարեզում, բացի  ուժեղ ու խելացի լինելուց, պետք է լինի կանացի: Կանացիությունը մեր օգտին է խոսում: Ես չեմ ուզում տղամարդկանց  նմանվել, ուզում եմ լինել՝ կին քաղաքական գործիչ:  Խտրականություն կանանց նկատմամբ կա, բայց դա չի նշանակում, որ կանայք պետք է թևաթափ լինեն:

 

Ի դեպ, նույն այդ խտրականությունը դրսև որվում է  նաև  լրագրողների կողմից:  Տղամարդկանց երբեք չեն հարցնում՝  ինչպե՞ս եք համատեղում ընտանիքն ու աշխատանքը, իսկ կնոջը գրեթե պարտադիր հարցնում են: Սկզբում այդ հարցն ինձ զարմացնում էր, հետո դրան էլ վարժվեցի, մանանվանդ, որ ունեմ հրաշալի ամուսին,  ով ինձ կաղապարի մեջ չի դնում: Ամուսինները պետք է միմյանց աջակցեն յուրաքանչյուր հարցում: Դա է պատճառը, որ կարողանում եմ և  խոհանոցում ճաշ պատրաստել, և  քաղաքական կյանքով զբաղվել:

 

–  Փորձե՞լ եք պայքարել խտրականության դեմ:

– Դժվար էր: Սկզբնական շրջանում խտրականությունը գրեթե ամեն քայլափոխին է արտահայտվել՝  խոսքերի միջոցով, հայացքով, վերաբերմունքով: Ամենապարզ մարդկային հարաբերություններում անգամ զգում էի դա՝ ասենք,  սկզբում տղամարդիկ ինձ ձեռքով չէին բարևում: Իրականում շոկ  ապրեցի, երբ աշխատանքային հանդիպման ժամանակ տղամարդ քաղաքական գործիչները ինձ ձեռքով չբարևեցին: Վիրավորված էի: Հետո հասկացա, որ դա ոչ թե խտրականություն էր, այլ մտածելակերպ էր:

 

Հայաստանում՝ առաջին իսկ տպավորությամբ  կարծիք ես կազմում, որ հայ տղամարդիկ ջենտլմեն են. դուռը բացում են, աթոռը քաշում: Սկզբում ինձ շատ լավ էի զգում, բայց հետո նկատեցի,  որ ամուսինը կարող է կողմնակի անձանց ներկայությամբ կնոջը վիրավորել, այսինքն  փոխադարձ հարգանք չկար, կնոջ հանդեպ վերաբերմունքը կոշտ ու կոպիտ էր: Կինը ամուսնու գծած սահմաններից չի կարող դուրս գալ:

 

Ինձ համար դա անհասկանալի  երևույթներ են:  Ես և  ամուսինս բոլորովին այլ հարաբերություններ ունենք: Մենք կյանքի ընկերներ ենք,   կիսում ենք ուրախություն, հոգս ու դժվարություն: Բայց որոշ  խավերի հայ ընտանիքներում  դա գոյություն  չունի:

 

Այս իմաստով սկզբնական շրջանը իրոք  դժվար էր ինձ համար, հետո որոշեցի,  որ առճակատման գնալը սխալ է: Երև ի թե ժամանակ էր պետք, որ այս հարցերում  էվոլյուցիա  ապրենք Հայաստանում,  սկսենք ընկալել, որ կինն ու տղամարդը պետք է միմյանց լրացնեն, ամբողջացնեն:

 

Իսկ այսօր փոփոխություններ նկատո՞ւմ եք; Ինչպիսի՞ն է այսօր վերաբերմունքը կին քաղաքական գործիչների նկատմամբ:

– Փոփոխություններն ակնհայտ են: Ես դրանք,  առաջին հերթին,  նկատում եմ իմ կուսակցության շարքերում: Տարիներ առաջ գուցե ձեռքով չէին բարևում, իսկ այսօր հարգում են, գնահատում, քո կարծիքը լսում, հաշվի առնում: Առաջ, երբ խոսում էի կանանց իրավունքների մասին, տղամարդիկ այլ կերպ էին ընկալում, իսկ այսօր՝ ղեկավարությունից սկսած մինչև  շարքային  կուսակցական հասկանում են խնդրի  կարևորությունը:  Գուցե  տարբեր կառույցներում կանանց ներկայացվածության առումով  դեռևս շոշափելի չէ այդ առաջընթացը, բայց մեծ հաղթանակ է, որ այսօր արդեն ընկալելի է դարձել այն,  որ կինը կարող է իրենց հավասար լինել և  իր գիտելիքներով ,  և քաղաքական պատրաստվածությամբ ու առաջ գնալ:

 

Ձեր կուսակցության ընտրական ցուցակներում կանայք ի՞նչ  սկզբոնքով են ընդգրկվում:

– Ես քվոտայի կողմնակից եմ: Հասկանում եմ, որ գուցե դրա մեջ վիրավորական հանգամանք կա, սակայն քվոտան պետք է դիտարկել որպես ժամանակավոր միջոց: Եվրոպան ապացուցել է, որ դա հաջողված տարբերակ է կանանց առաջընթացը ապահովելու առումով:  Մեր կուսակցությունը,  ՀՅԴ –ն  ինքն իր առջև  քվոտա է դրել՝ համամասնական  ցուցակի յուրաքանչյուր հինգերորդ անդամը պերտադիր պետք է կին լինի:  Այսօր Դանակցությունը խորհրդարանում ներկայացված է 16 պատգամավորով, որից երեքը կանայք են: Ես հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում այդ տոկոսը ոչ միայն կպահպանվի, այլև  կշատանա: Կին քաղաքական գործիչները կարող են նոր երանգ, ոգի ու շունչ բերել:

 

–  Ներկայիս խորհրդարանում կա 11 կին պատգամավոր: Ինչպե՞ս եք գնահատում նրանց գործունեությունը:

-Եթե նայենք նրանց ակտիվությանը, ինչքան օրենքի նախագիծ են ներկայացրել, ինչպիսի ներկայություն են ապահովել և  նայենք մնացածին, ապա պարզից էլ պարզ է, որ իրենց թվի  համեմատ կանայք շատ ակտիվ են եղել: Պատկերացրեք, եթե խորհրդարանում կրկնապատիկն ունենանք, որ արդարություն պահանջեն, որ ուրիշի փոխարեն կոճակ չսեղմեն,  որ օրենքի նախագիծը նախ կարդան հետո քվեարկեն… Որքան բան կփոխվի մեր իրականությունում:

 

Կինը պահանջում է արդարություն, նա որպես մայր է մոտենում խնդրներին: Կնոջ յուրահատուկ մոտեցումն ու անհանգստությունը տարբերվում է տղամարդու վերաբերմունքից:  Հենց դա է պատճառը, որ մենք իրար ամբողջացնում ենք: Եվ հետո, մենք չենք կարող երազել ժողովրդավարության մասին, եթե ազգաբնակչության կեսը մասնակից չէ այդ գործընթացին:

 

– Ի՞նչ նպատակներով եք դուք մտել քաղաքական ասպարեզ:

– Ես միշտ ասում եմ` չեմ ապրում միայն ինձ համար, ապրում եմ իմ զավակների, թոռների համար: Քսան տարի հետո, երբ զավակներս ինձ նայեն և  հարցնեն «Մամ ջան, քո սերունդն ի՞նչ արեց այս երկրի համար, ուզում եմ պատասխան ունենամ: Իմ ժառանգությունը նրանք են; Ես ուրիշ բան այս երկրի վրա չեմ թողնելու: Ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է  կաթիլ առ կաթիլ  փոխել այս երկիրը:

 

Հարցազրույցը վարեց` Հասմիկ Հարությունյանը

Դիտումների քանակը` 5487

Գլխավոր էջ