Մարիամ Օհանյան . «Թեմաների ընտրությունն ազատ է, կարևորը կնոջ տեսակետն է»…
Ավարտվեց նոյեմբերի 3-ից- 7-ը Երևանում կայացած «Կին» միջազգային XII –րդ կինոփառատոնը , հայտնի են մրցանակակիրները… WomenNet-ի զրուցակիցն է կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը:
«Վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը», – այսպես է պաշտոնապես ձևակերպված «Կին» փառատոնի առաքելությունը: Հետևապես մեր առաջին հարցը փառատոնի 12 տարվա փորձառության մասին է ՝ ի՞նչ չափով է հաջողվել նախանշված նպատակների իրականացումը:
– Ուսումնասիրելով վերջին տարիների ընթացքը, զգալով, թե ինչպիսի՞ մարդիկ են գալիս կինոդիտումներին, կարծում եմ, որ «Կին» փառատոնն ունի նաև սոցիալական գործառույթ. մեր ցուցադրություններն անվճար են, իսկ ներկայացված ֆիլմերը` ավելի շատ մարդկային պատմություններ: Միգուցե այստեղ ցուցադրվող ֆիլմերից ոչ բոլորն են ներկայացնում բարձրագույն արժեք կինոարվեստի տեսանկյունից, բայց կարևորը` մարդկային են: Հաճախ, դա այն կինոն է, որից մարդիկ կարող են հաճույք ստանալ, հուզվել, այսինքն`դա այն է, ինչ պակասում է մեր իրական կյանքում: Մեր փառատոնը նաև շատ լավ ուսուցողական հարթակ է ուսանողների համար: Այստեղ նրանք կարող են տեսնել, թե ինչ է արվում այլ երկրներում, հատկապես կարճամետրաժ ֆիլմի ֆորմատում, որից էլ, հիմնականում, սկսում է իր մասնագիտական ուղին յուրաքանչյուր ուսանող: Թվում է, թե կարճը հեշտ է, բայց իրականում ներկայացնել պատմությունը 10-20 րոպեների մեջ ` լուրջ խնդիր է: Եվ եթե մարդն այդ խնդիրը հաղթահարում է, հետագայում կարող է նկարել նաև լիամետրաժ ֆիլմեր: Մեր կինոդիտումներին գալիս են թոշակառուներ` մի քանի օրերի ընթացքում կազմակերպելով իրենց ժամանցը: Այդպիսով` մեր առաքելությունն, ինչ-որ չափով, իրականացված ենք համարում:
– Որքանո՞ վ է ձեր կինոփառատոնը նպաստաում կանանց խնդիրների բարձրաձայնմանը:
– Ասել, որ փառատոնը կամ դրանում ներգրավված ֆիլմերը նպաստում են կանանց խնդիրների լուծմանը, կլիներ փոքր-ինչ միամիտ կամ ամպագորգոռ: Բայց փաստն այն է, որ ֆիլմը կարող է վեր հանել տարբեր հարցեր,այդ թվում կանանց վերաբերող հիմնախնդիրներ, որոնց հետևում են քննարկումներ, բանավեճեր, որոնց արձագանքը որոշակի ազդեցություն է ունենում հասարակական կարծիքի վրա: Հիմնականում, եթե խոսում ենք կինոյի մասին, ապա կինոն ամենաուժեղ միջոցն է` ազդելու հասարակության կարծիքի վրա: Ինչ խոսք, կինոն ավելի ազդեցիկ է, քան հազարավոր գիտական ուսումնասիրություններ, գրքեր: Երբ մարդը ֆիլմ է դիտում և տեսնում դրա մեջ իր նման մարդու, որն ունի դժվարություններ և տարբեր խնդիրներ, նա կարեկցանք է ապրում և, անգամ, նույնականացվում է հերոսի հետ, ինչը նրան հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու այս կամ այն խնդիրը: Կինոարվեստի միջոցով մենք կարողանում զգալ և տեսնել կյանքը ուրիշի աչքերով: Այդ առումով, կինոն ավելի ազդեցիկ է, քան հազարավոր գիտական ուսումնասիրություններ, գրքեր: Դրանով իսկ փառատաոնը նպաստում է հասարակական կարծիքի ձևավորմանը:
– Փառատոնային 12 տարիների ընթացքում որքանո՞վ են կին ռեժիսորներն անդրադարձել կանանց խնդիրներին:
– Մենք չենք կենտրոնանում կանանց խնդիրների վրա: Ես գտնում եմ, որ դա նույնպես սահամանափակում է կնոջ իրավունքները, քանի որ կինը, որպես հասարակության լիիրավ անդամ, իրավունք ունի նկարելու ֆիլմեր ամեն ինչի մասին: Այնպես որ, թեմաների ընտրությունն ազատ է և կարևորն այստեղ կնոջ տեսակետն է: Խոսում ենք ամեն ինչի մասին` ատոմային էներգիայի, էկոլոգիական խնդիրների, բնության, մարդկային փոխհարաբերությունների…
– Նաև տղամարդկանց մասին…
– Այո, կան նաև այդպիսի ֆիլմեր…Ի վերջո, եթե տղամարդը կարող է նկարահանել ֆիլմեր, որոնց հերոսը կին է, ապա ինչո՞ ւ կինը չի կարող նկարել ֆիլմեր, որոնց հերոսը տղամարդ է: Այնպես որ կարևոր է ազատությունն ու բազմազանությունն է:
– Իսկ որքանո՞վ է փառատոնը նպաստել նոր անունների բացահայտմանը:
– Շատ հաճախ, մեր փառատոնը լինում է մարդու կյանքում այն կարևոր մեկնարկը, որում ստացած մրցանակը, ուղեգիր է տալիս նրան դեպի նոր կյանք: Այդպես եղավ Իսրայելի մի մասնակցի հետ: Մեզ մոտ եղավ նրա ֆիլմի առաջին ցուցադրությունը, նա չդիմացավ, գնեց տոմսն ու եկավ Երևանյան առաջնախաղին: Ստացվեց այնպես, որ հենց նրա ֆիլմը արժանացավ մրցանակի: Կարծում եմ, մեր փառատոնը նրա մասնակիցների կյանքում որոշակի դեր է խաղում և ես հուսով եմ, որ դա հենց այն առաջին քայլն է, որից սկսվում է մեծ հաջողության ճանապարհը:
– Գաղտնիք չէ, որ փառատոն կայացնելը հեշտ բան չէ: Այս տարի փառատոնն անցկացվեց 12-րդ անգամ: Անձամբ Ձեզ համար ինչպիսի՞ նն է եղել փառատոնի անցած ուղին:
– Ուղին միշտ էլ բարդ է և ամեն տարին բերում է իր հետ նոր խնդիրներ: Անսպասելի է, երբ հանկարծ կորցնում ես տարիներ շարունակ քեզ հետ աշախատող գործընկերներից մեկին, դա միշտ մեծ սթրես է, մանավանդ ինձ նման պահպանողական մարդու համար: Ամեն տարին իր հետ բերում է նոր խնդիրներ և փորձում ենք հնարավորինս պատրաստ լինել:
– Ինչպիսի՞ էվոլյուցիա է ապրել փառատոնը Ֆիլմերի քանակի և աշխարհագրության առումով :
– Ուրախալի է որ առաջխաղացումն ակնառու է, ֆիլմերի քանակը շատանում է, մեզ սկսել են դիմել նաև էկզոտիկ երկրներ, ինչպիսիք են` Պերուն, Մեքսիկան, Կիպրոսը…Այս տարի շատացել են նաև Ռուսաստանից ֆիլմերը, դրանք 19-նն էին: Կարծում եմ, արդեն 3-րդ տարին, Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնի կողմից հանձնվող հատուկ մրցանակը` լավագույն ռուսական ֆիլիմին, իր որոշակի ազդեցությունն ունի:
– Իսկ փառատոնի շրջանակներում Մարիամ Օհանյանը ավելի շատ կազմակերպի՞ չ է թե ռեժիսո՞ ր:
– Փառատոնի շրջանակներում ես միայն կազմակերպիչ եմ, թեև “Ծուղրուտի պահապանը” ֆիլմս ընդգրկված է հյուրերի ծրագրում: Ամեն տարի ես ցուցադրում եմ իմ վերջին աշխատանքը, բայց, բնականաբար, ոչ մրցութային ծրագրում:
– Փառատոնը երբևէ քննադատվե՞ լ է:
– Այո, այն պատճատով, որ համարվել է, թե կին ռեժիսորներին առանձնացնելը ճիշտ չէ: Սակայն կրկնվեմ. ասել “կին ռեժիսորների փառատոն”` չի նշանակում, որ այդ փառատոնը կանանց խնդիրների փառատոն է, կամ այդ նույն կին-ռեժիսորները չեն մասնակցում այլ փառատոններին: Նրանք մեծ հաջողությամբ կարող են մասնակցել և՛ Կաննում, և՛ Բեռլինում, նույնիսկ Օսկարին ներկայացվել, վերջում բերել ֆիլմը մեր փառատոն…կամ` հակառակ հերթականությամբ: Հետաքրքիր է, որ քննադատվելով հենց այդ տեսանկյունից, հանկարծ պարզում ենք, որ մեր իրականության մեջ արդեն միակը չեն և հայտնվում են նմանատիպ, կանանց գերակայությամբ, նոր փառատոններ: Այդ առումով, մենք, երևիթե, կարողացանք սառույցը կոտրել, և ճանապարհ հարթել ուրիշների համար:
– Մասնագիտական աչքով ֆիլմ նայելիս, , կարելի՞ է կռահել կի՞ն է ռեժիսորը, թե` տղամարդ, թե դա անլուրջ մոտեցում է համարվում…
– Իրականում, արվեստում` գրականություն, գեղանկարչություն, երաժշտություն մեջ, նման տարբերությունը նկատելի է ոճի առումով: Պարտադիր չէ, որ ոճը համընկնի հեղինակի սեռի հետ: Տղամարդը կարող է աշխատել կնոջ ոճում և հակառակը, կինը ունենա տղամարդուն բնորոշ ձեռագիր: Հիմնականում դա գալիս է անհատից: Երևի թե, կանայք ավելի խաղաղասեր են, մեղմ, ավելի նուրբ իրենց մոտեցումներում, բայց չէի ցանկանա ընկնել կարծրատիպերի մեջ:
– Ի՞նչ կմաղթեք Ձեր գործընկերներին:
– Երբ մենք նոր էինք սկսում` շատ քիչ էին հայ կին-ռեժիսերները, և դժվար էինք հավաքում մասնակիցներին, ընտրություն էինք կատարում վերջին 20 տարվա նրանց աշխատանքներից: Իսկ հիմա մասնակցության նախապայամանը` վերջին 1 տարում արված ֆիլմերն են և ուրախալի է, որ կին ռեժիսորների ու նրանց աշխատանքների թիվը զգալիորեն աճել է:
Մաղթում եմ հայ կին-ռեժիսորներին ստեղծագործելու եռանդ, նպաստավոր պայմաններ ու նոր հաղթանակներ :
Զրուցեց` Սուսաննա Հովհաննիսյանը
Հ.Գ. Հիշեցնենք, “Կին” Միջազգային կինոփառատոնի 2015 թ.հաղթղների անուններն ու անվանակարգերը.
Լավագույն ֆիլմ
Անտեսանելի, ռեժ.՝ Զոֆյա Պրեգովսկա, Վավ., Լեհաստան
Հատուկ մրցանակ
Ինչպես անցնել, ռեժ.՝ Ս., Մ.Քոչարյաններ, վավ. Հայաստան
Դիպլոմներ
Իրանական նինձյա, ռեժ.՝ Մարջան Ռիահի, Վավ., Իրան
Արևի քաղաքը, ռեժ.՝ Դարյա Օրխան, Վավ., Ռուսաստան
Սոֆի, ռեժ.՝ Ժաննա Կարաբալաևա, Կարճ., Ղրղզստան
Զինվորից՝ թագավոր՝ 4, ռեժ.՝ Կ. Կորդովա, Կարճ., Պերու
Միտք, ռեժ.՝ Ժասմին Շահնազարյան, Կարճ., 30, Հայաստան
Լավագույն ռուսական ֆիլմ
Ժամ, ռեժ.` Մարինա Միգունովա, Կարճ.,25, Ռուսաստան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
“ԿԻՆ” միջազգային XII կինոփառատոնը Երեւանում
Ուշադրություն՝ «Հայոց թագուհիներ» ֆիլմը ցուցադրվելու է «Կին» փառատոնի շրջանակում
Դիտումների քանակը` 4439