Մարիամ Շահինյան. « Կինն ավելին է տեսնում, ավելի խորն է մտածում »
Հանրությանը որպես մշակութային գործիչ քաջ հայտնի Մարիամ Շահինյանը որոշել է փորձել ուժերը քաղաքականության մեջ: Ասում է՝ շատերը, երբ իմացել են, որ պատգամավորության թեկնածու է՝ զարմացել են: Մարիամ Շահինյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության համապետական ցուցակի 4-րդ հորիզոնականում է ներկայացված, ինչպես նաև ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում է առաջադրվել: Նա ՀԿԿ –ի շարքերում է 1981 թվականից:
Մարիամ Շահինյանը «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հեղինակն է, հիմնադիրն ու կազմակերպիչը, նաև «Վերադարձի դասական երաժշտության» փառատոնի հիմնադիրն է: «Այս փառատոնների մեջ գաղափարախոսություն կա, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երաժիշտներին հայրենիքի հետ կապել», – ասում է նա: Շնորհալի երաժիշտների ներկայացման ևս մեկ բեմահարթակ է նրա կողմից կազմակերպվող « Հայաստանի պատանի տաղանդներ» փառատոնը, որի մասնակիցներն 5 տարի Լոնդոնում են ելույթներ ունեցել:
Մեզ հետ զրույցում նշում է, որ ընտրություններում առաջին անգամ է առաջադրվում, սակայն կարծում է, որ այն փորձը, գիտելքիները, որոնք ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության ընթացքում, կարող են նպաստել ժողովրդին, երբ խոհրդարանում կլինի:
«Պատրաստ եմ մասնակից լինել տարբեր օրենսդրական նախաձեռնություններին, այդ թվում կանանց և մայրերին վերաբերող: Շատ եմ կարևորում կուսակցության նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող մայրական կապիտալի ստեղծումը , քանի որ ամենուր տիրող գործազրկության պատճառով ոչ բոլոր մայրերն են աշխատում, իսկ հետծննդյան նպաստի գումարը շատ տարբեր է բաշխվում, մինչդեռ երեխային, անկախ նրանից ապահով, թե անապահով ընտանիքում է ծնվել, նույն խնամք է հարկավոր: Այս խնդիրը խիստ բևեռացված է»,-ասում է տիկին Շահինյանը, նշելով, որ պետք կլինի շատ օրենքներ փոխել, որպեսզի մայրական կապիտալը լիարժեք աշխատի:
Պատգամավորության թեկնածուն կարևորում է նաև կրթական համակարգի խնդիրները, և զուգահեռներ տանում խորհրդայաին տարիների հետ, երբ կրթությունը 10-ամյա էր ու անվճար: Ասում է՝ պետք է ճկուն մեխանիզմ մշակել, որպեսզի անապահով ընտանիքների երեխաներն էլ աղքատության պատճառով դպրոցից դուրս չմնան, որ անվճար բարձրագույն կրթության կամ մանկապարտեզ գնալու հնարավորություն ունենան:
Ի՞նչ կարծիք ունի մեր հասարակությունում առկա կանանց նկատմամբ խտրականությանը, երբևե ինքն անձամբ հանդիպե՞լ է. այս հարցին տիկին Շահինյանը զարմանքով է պատասխանում, ասում է՝ չեմ կարող ասել, որ մեր հասարակությունում խտրականությունը խիստ արտահայտված երևույթ է: Սակայն դրա հետ մեկտեղ համաձայնվում է, որ մեր երկրում կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործվում: «Գիտեք, կինն ավելի խորն է մտածում, ավելի պետականորեն համադրելով ընտանեկան խնդիրները, իսկ պետության հիմքը ընտանիքն է: Կինն ավելին է տեսնում, որպես մայր ու որպես ընտանիքը հոգսը կրող: Մենք ինչքան կիսված ընտանիքներ ունենք արտագաղթի պատճառով, և երբ տղամարդը մեկնում է դրսում գումար աշխատելու, ամբողջ հոգսը մնում է կնոջ ուսերին: Շատ կանայք զբաղված այդ խնդիրներով, լիարժեք չեն կարողանում դրսևորվել հասրակությունում, նրանց ներուժը լիարժեք չի օգտագործովում»:
Հասարակության, և, ընդհանրապես մեր երկրում տարբեր բնագավառներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավածությանը տիկին Շահինյանը մի փոքր վերապահումով է մոտենում: Ասում է՝ կարևորը քանակը չէ, այլ՝ որակը, ու կրկին զուգահեռներ է տանում խորհրդային տարիների հետ.«Այն ժամանակ առաջնորդվում էին անձի անցած ուղիով, փորձով: Կարծում եմ չպետք է ինքնանպատակ 50/50 քվոտա լինի: Գուցե 50% -ի մեջ ընդամենը 20%-ը գիտակ լինի և նույնը տղամարդկանց դեպքում: Ես որակի կողմնակիցն եմ»:
«Քաղաքականությունը կնոջ գործը չէ. այս կարծրատիպը տիկին Շահինյանը ժամանակավրեպ է համարում, ասում է այսօր նման բան չկա, և կանայք ազատ մուտք ունեն քաղաքականություն: Ավելին, կինը բոլոր խնդիրներին կարող է ավելի սրտացավ մոտենալ, մարդկանց հանգիստ, համբերատար լսել, խնդիրներին այլ կերպ նայել՝ նաև որպես հոգատար մայր:
Իսկ եթե չհաջողվի՞ բավարար ձայներ հավաքել ու մանդատ ստանալ խոհրդարանում – այս հարցին ի պատասխան Մարիամ Շահինյանն ասում է, որ չի հուսահատվի.«Այս քարոզարշավի օրերի ընթացքում մեծ փորձ ձեռք բերեցի, լինելով տարբեր մարզերում բացահայտեցի մեկ այլ աշխարհ: Կարծում եմ թեկնածուների միջև առողջ մրցակցություն է և վստահ եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի: Չանցնենք էլ՝ չեմ հուսահատվի, սա աշխատանք է, որն ամենօրյա պետք է լինի, ոչ թե միայն ընտրություններից առաջ: Շարունակելու եմ իմ նույն գործով զբաղվել, ինչն ամբողջ կայնքում եմ արել: Ի վերջո Ազգային Ժողովում մանդատ ունենալն ինքնապատակ չէ»:
Նունե Բադալյան
Դիտումների քանակը` 3106