Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կանանց նկատմամբ բռնության մասին
Այսօր Ազգային ժողովում քննարկվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականին գործունեության մասին զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ է կատարվել Հայաստանում ընտանեկան բռնության խնդրի հետ կապված իրավիճակին: Արման Թաթոյանն արձանագրում է, որ ընտանեկան բռնությունը համաշխարհային խնդիր է, որն իր ազդեցությունն է ունենում բոլոր հասարակությունների վրա ու, ավոք, այս երևույթը տարբեր դրսևորումներ և տարածվածության մակարդակ ունի նաև Հայաստանում:
Պաշտպանը հիշեցնում է, որ դեռևս 2015 թ-ին երկրորդ շրջանի ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ մի շարք երկրներ Հայաստանին առաջարկել են քայլեր ձեռնարկել այս ոլորտում խնդիրների լուծման ուղղությամբ, կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության հարցին է անդրադարձել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը 2018 թ-ին Հայաստան կատարած այցի հիման վրա մշակված զեկույցում:
«2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքում բռնության դեպքերի մասին ստացել է ահազանգեր, որոնք նախորդ տարվա բողոքների թվի համեմատ կրկնապատկվել են: Անհատական բողոքներում բարձրացված խնդիրների ուսումնասիրությամբ կարելի է փաստել, որ դրանք, ըստ էության, ոչ միայն անձի հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումներ են, այլև ազդում են անձանց այլ իրավունքների իրականացմանը, մասնավորապես՝ կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքի իրացման վրա, որն էլ իր հերթին բերում է մի շարք իրավունքների խախտման և այդ խախտված իրավունքների վերականգնման դժվարությունների: Անհատական բողոքների ուսումնասիրությունից վեր են հանվել համակարգային խնդիրներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի մասի՝
- ընտանիքում բռնության դեպքերի դեմ պայքարի և կանխարգելման հարցում օրենսդրական թերի կարգավորումներ կամ կարգավորումների բացակայություն,
- կարծրատիպեր, իրավագիտակցության ցածր մակարդակ և անվստահություն պետական մարմինների նկատմամբ,
- Պետության կողմից տրամադրվող ծառայությունների, ինչպես նաև պետական մարմինների միջև համագործակցության բացակայություն,
- ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալների բացակայություն,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց անբավարար մասնագիտական պատրաստվածություն և իրազեկման պակաս:
Վիճակագրություն
Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2019 թվականի ընթացքում ստացված ընտանիքում բռնության վերաբերյալ 796 ահազանգով կայացվել են նախազգուշացում, իսկ 260-ով՝ անհետաձգելի միջամտության որոշումներ: Կայացված պաշտպանության միջոցներից խախտվել է 124-ը, որից՝ 90-ի խախտման մասին ոստիկանությանը հայտնել է ընտանիքում բռնության ենթարկված անձը, իսկ 34-ը՝ հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից:
Պաշտպանության միջոցների խախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության տվյալների ուսումնասիրությունից կարելի է նկատել, որ խախտումների վերաբերյալ ահազանգերը հիմնականում շարունակում են ստանալ ընտանիքում բռնության ենթարկված անձանց կողմից և 124 խախտման դեպքերից միայն 34 դեպքն է ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել: Հետևապես, հաշվառման վերցնելու գործառույթը չափազանց կարևոր նշանակություն ունի անձի վարքագծի դրսևորումների մշտադիտարկման տեսանկյունից, ինչն ինքնին կանխարգելիչ ու պաշտպանական նշանակություն ունի:
Իրավասու մարմինների կողմից տրամադրված տվյալները վկայում են, որ ընտանիքում բռնությունն անհամամասնորեն ազդում է հատկապես կանանց վրա: Այսպես, ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 485 դեպք, որից՝ կենակցի կողմից՝ 2, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 329, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 10, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 41, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 53, ընտանիքի այլ անդամների կողմից՝ 50 դեպք:
2019 թվականի ընթացքում քննված՝ ընտանիքում բռնության 485 դեպքից 469-ը ֆիզիկական, 14-ը հոգեբանական, 2-ը տնտեսական բռնության դեպքեր են, իսկ ըստ տարիքի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց հաշվառում չի իրականացվում: Նշված 485 դեպքերից քրեական գործեր են հարուցվել 126 դեպքով, 359 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 353-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (բացակայում է դիմողի բողոքը), 3- ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով (անձը մահացել է), 2-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով (դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարճել են), 1-ը՝ համաներմամբ:
Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2019-ի ընթացքում ՀՀ ոստիկանությունում ստացված ընտանիքում բռնության վերաբերյալ 796 ահազանգով կայացվել են նախազգուշացումներ, իսկ 260-ով՝ անհետաձգելի միջամտության որոշումներ: ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում հարուցվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 418 քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: Ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 468 քրեական գործի վարույթ, այդ թվում՝ 326-ի վերաբերյալ վարույթը կարճվել է, որից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ արդարացման հիմքով, 128-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 14-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշմամբ, կասեցվել է 33 քրեական գործի վարույթ, որից 18-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 15-ը՝ այլ հիմքով:
Ըստ ՀՀ դատախազության տվյալների՝ 2019 թվականի ընթացքում ընտանիքում բռնության դեպքերի առթիվ հարուցվել է 458 քրեական գործ: Քրգործերի գերակշռող մեծամասնությունը ֆիզիկական բռնության դրսևորումներին են վերաբերում՝ 2019 թվականի ընթացքում դրանք կազմել են ընտանեկան բռնության դեպքերի շուրջ 96%-ը։ Սա պայմանավորված է ինչպես հասարակական որոշակի ընկալումներով, որ ֆիզիկական բռնության դեպքում է, որ թերևս կարելի է արդարացնել տուժողի՝ իրավապահ մարմինների աջակցությանը դիմելու վարքագիծը, այնպես էլ ընտանեկան բռնության այլ տեսակների դեպքում քրեաիրավական համարժեք արձագանք ապահովող օրենսդրական հիմքերի բացակայությամբ:
Բայց նույն աղբյուրի համաձայն, բավական մեծ է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների տեսակարար կշիռը՝ ներկայացված հաղորդումների ընդհանուր քանակի հաշվառմամբ։ Այսպես, 2019 թ-ի ընթացքում 359 դեպքով ընթացք չի տրվել, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 74%-ը: Ավելին, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումները շուրջ 98% դեպքերում կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, այն է՝ բացակայում է դիմողի բողոքը։
Եվ, վերջապես, 2019 թվականի ընթացքում ավարտված 468 վարույթների շուրջ 69%-ը կարճվել է, իսկ կարճված գործերի շուրջ 60%-ը իրենց հերթին՝ ոչ արդարացման հիմքով;
Օրենսդրության բացերը
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, օրենսդրական թերի կարգավորումները խոչընդոտներ են ստեղծում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և նման դեպքերի հետագա կանխարգելման ուղղությամբ: ՄԻՊ-ին ներկայացված բողոքների քննարկման արդյունքներով վեր են հանվել օրենսդրական խնդիրներ։ Օրինակ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 12- րդ հոդվածը սահմանում է անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը։ Պաշտպանի աշխատակազմ ներկայացված բողոքների ուսումնասիրությամբ կարելի է նշել, որ այս կարգավորման պարագայում ստացվում է մի իրավիճակ, երբ բռնության դրսևորման դեպքում բռնության ենթարկված անձի պաշտպանության համար որևէ քայլ չի կարող իրականացվել իրավասու մարմինների ներկայացուցիչների կողմից այս բացառության սահմանման պարագայում։ Այսպես, բողոքներից մեկով անձը տեղեկացրել է, որ պարբերաբար բռնության է ենթարկվում հաշմանդամություն ունեցող անձի կողմից, սակայն ոստիկանության ներկայացուցիչները բռնության վերացման կամ դրա կանխարգելման նպատակով գործուն քայլեր չեն իրականացնում՝ հաշվի առնելով հաշմանդամության առկայությունը: Հաշմանդամության առկայության հիմքով հաշվառման իրականացման բացառման արդյունքում գործնականում նման խնդիր է առաջանում:
Կամ մեկ այլ օրինակ. ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2019 թվականի ընթացքում կայացված պաշտպանության միջոցներից վերադասության կարգով բողոքարկվել է 13-ը, որոնց վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ: 12-ով որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին, 1-ով՝ կայացված որոշումը վերացվել է: Նախազգուշացում կիրառելու որոշումը բողոքարկելու կասեցնող ազդեցությունը կարող է վտանգներ պարունակել, քանի որ այդ ընթացքում բռնություն գործադրած անձը կարող է խախտել նախազգուշացումը, որը, սակայն, այդպիսին չի համարվի` այդպիսով նվազեցնելով տուժողին տրամադրված պաշտպանության մակարդակը:
Բացի այս, ընտանիքում բռնության ոչ բոլոր տեսակների համար է նախատեսված պատասխանատվության մեխանիզմ ներպետական օրենսդրությամբ, ըստ այդմ, իրավասու մարմինները չեն կարողանում համապատասխան արձագանք տալ այդ դեպքերին: ՀՀ քրեական օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքներ են համարվում ֆիզիկական բռնության որոշ տեսակները, ինչպես նաև սեռական բռնությունը: ՀՀ օրենսդրությունը որոշ առումով կարգավորում է նաև հոգեբանական բռնությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրությամբ իբրև հակաիրավական արարք՝ ամրագրված չէ, օրինակ, հետամտումը («պարբերաբար մեկ այլ անձի հետապնդելը, մեկ այլ անձի հետ անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավվելը կամ անձին հետևելու մասին իմաց տալը». խոսքը տուժողին ֆիզիկապես հետևելու, նրա աշխատանքի վայր, սպորտային կամ կրթական հաստատություն այցելելու, ինչպես նաև տուժողին վիրտուալ աշխարհում հետևելու, (…) մեկ այլ անձի գույքը վնասելու, անձի անձնական իրերի վրա աննշան հետքեր թողնելու, անձի տվյալներով առցանց կեղծ անուններով հաշիվներ բացելու կամ սուտ տեղեկություններ տարածելու մասին է), հարկադիր ամուսնությունը, հղիության արհեստական ընդհատումը հարկադիր կատարելը և այլն:
Հեղինակները կարծում են, որ ընտանիքում բռնության դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտում է նաև տուժողների համար պաշտպանական բավարար միջոցների բացակայությունը:
Բացի այս, ՄԻՊ զեկույցում նշվում է, որ ընտանիքում բռնության դեպքերին արդյունավետ արձագանքելուն կարող է խոչընդոտել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը, այն է՝ տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը:
Ի դեպ, վերոնշյալ խնդիրները դեռևս 2017 թվականից բարձրացվել են Պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված՝ ՀՀ քրեական օրենսդրության և միջազգային չափանիշների համեմատական վերլուծության զեկույցում, որտեղ ներկայացվել են նաև հստակ առաջարկներ: Այնուամենայնիվ, առաջարկներն առ այսօր չեն կատարվել, ինչը խնդրահարույց է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրության արդյունքում վեր է հանվել մեկ այլ խնդիր ընտանիքում բռնության ենթադրյալ դեպքերի կապակցությամբ նյութերի նախապատրաստության փուլում ՀՀ ոստիկանության ծառայողների և ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների միջև համագործակցության բացակայության մասին: Չնայած նման համագործակցության իրականացումը կարգավորվում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ այդուհանդերձ, գործնականում առաջանում են խնդիրներ:
Օրենսդրական բացերի մասին ՄԻ պաշտպանի բոլոր առաջարկներին ու դիտարկումներին կարող եք ծանոթանալ զեկույցում:
Կարծրատիպեր, անվստահություն պետական մարմինների նկատմամբ
Բռնության դեմ պայքարի և կանխարգելման հարցում մեծագույն մարտահրավեր է կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության վերաբերյալ առկա թյուր պատկերացումները և կարծրատիպերը: Հանրապետության մի շարք մարզերում ՄԻՊ ներկայացուցիչների կողմից պետական և ՏԻՄ ներկայացուցիչների հետ իրականացված քննարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքների քննությամբ պարզ է դառնում, որ այս կարծրատիպերն առկա են հասարակության տարբեր շրջանակներում, այդ թվում՝ բռնության ենթարկված անձանց պաշտպանություն իրականացնող իրավասու մարմինների ներկայացուցչի: Իսկ կարծրատիպային մոտեցումն իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների կողմից շատ հաճախ բերում է կրկնակի զոհացման, ինչը կարող է խոչընդոտել հետագայում նման դեպքերի բացահայտումը, որի արդյունքում մեծամասամբ տուժողները խուսափում են կրկին դիմել իրավասու մարմիններին:
Համաձայն ուսումնասիրությունների, ընտանիքում բռնության դրսևորումների վերաբերյալ քննարկումների անքակտելի մաս է բռնության հրահրման և առաջացման համար կողմերից որևէ մեկի վրա ընտանիքում լարվածության էսկալացիայի մեղքը բարդելը: Հարցվածների 35.7 %-ը, որից 44.6 %-ը տղամարդ են և 27.8 %-ը՝ կանայք, համաձայն են, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը՝ հանուն ընտանիքի միասնության: Որոշ դեպքերում «կինը ծեծի է արժանի» պնդման հետ համաձայն է հարցվածների 27.7 %-ը, որից 35.2 %-ը ՝ տղամարդ և 21 %-ը կին են: Որոշ դեպքերում կնոջը համարում են ընտանիքում լարվածության, վեճերի ու կոնֆլիկտների էսկալացիայի հրահրող: Սակայն հատկանշական է, որ մեղքը կնոջ վրա բարդելու միտումը հատուկ է միայն բռնության ոչ պարբերական դրվագների վերաբերյալ քննարկումներին, մինչդեռ, բռնության շարունակական, պարբերաբար կրկնվող և ծայրահեղ դրսևորումների պարագայում մասնակիցները հակված չեն էսկալացիայի մեղքը բարդել կնոջ վրա:
Զեկույցի հեղինակները նշում են, որ հասարակությունում կանանց դերի և բռնության վերաբերյալ թյուր պատկերացումներ են ձևավորվում նաև ԶԼՄ-ների կողմից բռնության վերաբերյալ սխալ տեղեկատվության ներկայացնելու պատճառով: Ավելին, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումները և ֆիլմերը ևս կարող են բացասական ազդեցություն ունենալ բռնության վերաբերյալ սխալ պատկերացումների ձևավորման մասին, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել է:
Մասնակիցները միաձայն են այն հարցում, որ ընտանիքում բռնություն հրահրող գործոններից մեկն էլ հայկական հեռուստասերիալներն են, որոնց հիմնական լսարանը կանայք են, և որտեղ տղամարդու դրական կերպարը հաճախ ներկայացվում է որպես իշխող, կնոջը որոշումների գործընթացում չներառող, կոնֆլիկտներն ուժի, երբեմն անգամ ծեծի միջոցով լուծող, իսկ կինը՝ որպես հնազանդ, առօրյան սուրճի բաժակի շուրջ անցկացնող և մանր դավադրություններ հյուսող: Մասնակիցների կարծիքով՝ քանի որ մեդիան նման կերպարները չի ներկայացնում որպես անընդունելի և անգամ դատապարտելի, այլ հակառակը, արդարացնում է նման մոտեցումը նրանով, թե «մենք արտապատկերում ենք իրականությունը», նույն անընդունելի իրականությունը շարունակվում է վերարտադրվել, հատկապես երիտասարդների շրջանում:
Պետական աջակցություն ընտանեկան բռնության ենթարկված անձանց
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է աջակցության կենտրոնների և ապաստարանների ստեղծում : Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ 2019 թվականին ևս պետության կողմից բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին լիարժեք աջակցություն հարցը շարունակել է խնդրահարույց մնալ: Խնդիրն այն է, որ որոշ աջակցության կենտրոններ հիմնադրվել են միայն 2019 -ին և այդ ընթացքում հանրապետությունում գործել է ընդամենը 6 աջակցության կենտրոններ, որոնցից երեքը՝ Երևանում, մյուս երեքը՝ Սյունիքի, Շիրակի և Լուռու մարզերում: Մեկ այլ խնդիր է, որ 2019 թվականի ողջ ընթացքում Հայաստանում չեն գործել պետության կողմից շահագործվող կացարաններ, ինչպես նաև խնդրահարույց է մնում անվճար հատուկ թեժ գիծ ծառայության ապահովումը, որոնք մատչելի կլինեն յուրաքանչյուրի համար (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար), որոնք շուրջօրյա աջակցություն և խորհրդատվություն կտրամադրեն դրա կարիքն ունեցող անձանց: «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող մյուս կառույցները՝ ըստ մարզերի» տեղեկատվությունը պարունակում է «թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներ, սակայն այդ կենտրոնները գործում են 2020 թվականից: Վիճակի ընդհանուր վերլուծությունը թույլ է տալիս ամփոփել, որ ընտանիքում բռնությունից տուժած անձանց համար այս և այլ ծառայությունները, ինչպես նախկինում, 2019 թվականին ևս շարունակել են խնդրահարույց մնալ և հիմնականում իրականացրել են հասարակական կազմակերպությունները:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է պետության կողմից ապաստարանների, աջակցության կենտրոնների ստեղծման, ինչպես նաև այլ ծառայությունների մատուցման հնարավորությունը: Ըստ նույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո: Սակայն ապաստարանները 2019 թվականի ընթացքում հասանելի չեն եղել շահառուների համար: Ապաստարանների առկայության խնդրի առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում պետական ֆինանսավորմամբ ապաստարաններ չեն գործել:
Օրինակ, ապաստարանի ծառայություններ են տրամադրվել 2 հասարակական կառույցների կողմից, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքէջում: 2019-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է 2 նոր՝ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» և «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» նախաձեռնություններ, որոնք ներառվել են ՀՀ պետական 2020թ. բյուջեում:
Բացի այս, 2019 թ-ին նախարարությունը հայտարարել է պետական համաֆինանսավորմամբ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրման դրամաշնորհային մրցույթներ, որի արդյունքում նախատեսվել է ՀՀ տարածքում ունենալ ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար թվով 2 ապաստարան, որտեղ համապատասխան ծառայություններ կտրամադրվեն շուրջ 60 անձանց: Մրցույթների իրականացման արդյունքում 2020 թվականից ՀՀ տարածքում գործելու է պետական համաֆինանսավորմամբ թվով 2 ապաստարան:
Առաջիկա անելիքները
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ընտանեկան բռնության երևույթի բազմաչափ խնդիրներն արդյունավետ հասցեագրելու համար նախատեսվում է 2020 թվականին մշակել և մինչև տարեվերջ ընդունել ընտանիքում բռնության դեմ պայքարի վերաբերյալ ռազմավարություն և գործողությունների ծրագիր:
Մարդու իրավունքների պաշտպանի այս խնդրի կարգավորման հետ կապված առաջարկներին, ինչպես նաև զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1506