Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»/ վիդեո

Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում կանանց ներգրավվածությունից, չէ՞ որ այստեղ են մշակվում բոլոր այն օրենքները, որոնք վերաբերում են կանանց իրավահավասարությանը: Եվ եթե այն ԱԺ-ում է խախտվում, ապա ավելորդ է խոսել այլ կառույցների մասին, – ասաց Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը խորհրդարանական ըտրություններում կանանց մասնակցությանը նվիրված քննարկմանը՝ իր բացման խոսքում: Քննարկումը տեղի ունեցավ  հունիսի 19-ին Մամուլի ազգային ակումբում , այն   կազմակերպվել էր Օքսֆամի, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի և Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի կողմից:

 

Կանանց մասնակցության թեմային անդրադարձը ամենևին էլ պատահական չէ Օքսֆամ-ի համար, որը Հայաստանում իր 18- ամյա գործունեության ընթացքում գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում ծավալած բոլոր զարգացման ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում  կանանց` հավասար մասնակցության իրավունքի իրականացման խնդրին: Հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը՝ պայքարել աղքատության. անհավասարության և անարդարության դեմ, Օքսֆամը մշակում և իրականացնում է իր ծրագրերը այնպես, որ կանայք առավել մեծ դեր խաղան իրենց կյանքին վերաբերող որոշումների կայացմանը:

 

Ինչպես նշեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, «կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են», կանանց իրավահավասարությունը մեր ծրագրերի առանցքային մասն է կազմում և այն ինտեգրված է բոլոր մեր առաջնահերթություններում՝ լինեն դա սոցիալական, տնտեսական, թե քաղաքացիական իրավունքներին վերաբերող ծրագրեր:

 

Երկրի զարգացման համատեքստում կարևորելով մասնակցային ժողովրդավարությունը Օքսֆամը միշտ ուշադրությամբ է հետևել տեղական ընտրական գործընթացներին, իսկ այս անգամ, ինչպես նշեց տիկին Հակոբյանը, ժամանակի հրամայական են դիտարկել խորհրդարանական ընտրություններում կանանց առավել ակտիվ ներգրավվումը: Այդ նպատակը ներառված էր նաև Օքսֆամի գործընկեր շուրջ 30 հասարակական կազմակերպություններ համախմբող Քաղացիական հասարակության համագործակցության ցանցի բոլոր գործողություններում: Նախընտրական շրջանում ցանցի անդամ ՀԿ-ները բավական ուշագրավ նախաձեռնություններով են հանդես եկել, ինչի մասին պատմեց ցանցի համակարգող Լիլիթ Չիթչյանը:

 

«Քվեարկենք հանուն փոփխությունների» ծրագրի շրջանակներում Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում հետաքրքիր ուսուցողական քարոզարշավ էինք նախաձեռնել՝ համայնքի բնակչությանը ծանոթացնում էինք ընտրական գործընթացի կարևորագույն կետերին, հանդիպումներ էինք կազմակերպել տեղի պատգամավորության թեկնածուների հետ և նրանց փոխանցել խոստում-թերթիկներ, որոնք պատրաստվել էին Օքսֆամի գյուղատնտեսության և առողջապահության ծրագրային առաջնահերթությունների հիման վրա», – պատմեց Լիլիթ Չիթչյանը, նշելով, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի այդ խնդիրները անպայման բարձրաձայնվեն ԱԺ-ում:

 

«ԱԺ առաջին նիստից սկսած մեր ցանցն իրականացնելու է մոնիտորինգ, թե ինչպես են այդ խոստումները տվյալ պատգամավորների կողմից բարձրացվում և իրականացվում», – ավելացրեց նա:
«Իմ քվեն ուժ է» ֆլեշ-մոբը նույնպես ցանցի հերթական նախաձեռնություններից է, որն իրականցրել է Երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ:
«Մասնակիցները` երիտասարդ կանայք և աղջիկներ, անցնում էին փողոցներով և խոսում ընտրական իրավունքի մասին: Նրանք ցույց տվեցին անցորդներին, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է, յուրաքանչյուրի ձայնը` արժևորված»:

 

Իսկ ահա «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի և «ՊրոՄեդիա -Գենդեր» ՀԿ-ի հետ, նրա խոսքով,  Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը ստորագրահավաք կազմակերպեց և իր կայքում բոլոր քաղաքական ուժերին ուղղված կոչ տեղադրեց:

 

«Մենք ներկայացրեցինք հանրությանը շատ կարևոր վիճակագրական տվյալներ, թե կանանց ինչպիսի ներկայացվածություն կա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում, և ուղերձով դիմեցինք կուսակցություններին ընտրվելու դեպքում պահպանել այդ համամասնությունը խորհրդարանում: «Կովկաս» կենտրոնի կողմից պատրաստվել և հեռարձակվել են նաև հեռուստատեսային և ռադիո կոչ-գովազդներ՝ ուղղված կին թեկնածուներին՝ պայքարել իրենց իրավունքների համար ու չհրաժարվել մանդատներից», – նշեց Չիթչյանը:

 

Ներկայացնելով “Կովկաս” հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցության Օքսֆամի հետագա ակնկալիքները՝ գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը հայտնեց, որ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների գենդերային վերլուծության ամփոփ արդյունքներն ու փորձագետների տեսակետները կենտրոնը կներկայացնի հանրությանը արդեն սեպտեմբերին:

 

Նշենք, որ քննարկմանը մասնակցեցին “Կովկաս” հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետները, մի շարք Օքսֆամի գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, կին քաղաքական գործիչներ ու լրագրողներ: Քննարկվեցին կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկությունները, նրանց համագործակցությունը ԶԼՄ-ների հետ, գնահատականներ տրվեցին նորընտիր Ազգային ժողովում կանանց ներկայացվածության վերաբերյալ, որը, ըստ բանախոսների, չի կարելի բավարար համարել Հայաստանի համար:

 

 

Լիլիթ Քոչինյան

 

 

 

 

 

Կարդացեք  նաև   քննարկման այլ մանրամասներ  մեր կայքում.

 

«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»:

 

 Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

 

Լիլիթ Գալստյան. Մրցունակ, կիրթ կինը  ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

 

Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում

 

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

 

 

 

 

Ի դեպ

Օքսֆամ-ը՝ երրորդն է աշխարհի 100 լավագույն
ոչ կառավարական կազմակերպությունների ռեյտինգում

 

Օքսֆամ-ը Մեծ Բրիտանիայում դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիմնված բարեգործական կազմակերպություն է, որը տարիների ընթացքում վերաճել է հանուն փոփոխության գլոբալ շարժման: Այն հնարավորություն է ստեղծում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին աղքատությունից զերծ ապագա կառուցելու:

 

«Մենք համոզված ենք, որ աղքատությունը ավարտուն փաստ չէ, այլ կենսական անարդարություն, որը հնարավոր է հաղթահարել»` այս կարգախոսով է Օքսֆամը հանդես գալիս աշխարհի ավելի քան 90 երկրներում: Օքսֆամի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1994-ին, շատ շուտով անցում կատարելով մարդասիրական օգնությունից դեպի զարգացման ծրագրեր:

 

Հայաստանի գյուղական համայնքներում կազմակերպության իրականացրած կենսամակարդակի բարձրացման և փոքր բիզնեսի աջակցության ու զարգացման ծրագրերը էական ավանդ են աղքատության կրճատման գործում, ինչը հատկապես հրատապ է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների ներքո:

 

Ի դեպ, այս տարվա հունվարին The Global Journal -ի կողմից կազմված աշխարհի 100 լավագույն ոչ կառավարական կազմակերպությունների ռեյտինգով  Օքսֆամ-ը երրորդն է ճանաչվել:

 

 

Դիտումների քանակը` 6473

Գլխավոր էջ