Մարգարիտա Խոստեղյան. «Որոշումներ կկայացնեմ հանուն Երևանի և երևանցու»

 

WomenNet.am-ի զրուցակիցն է  Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մարգարիտա Խոստեղյանը: Մասնագիտությամբ տնտեսագետ Մարգարիտան միշտ էլ գտնվել է քաղաքական անցուդարձերի կենտրոնում: 1988-ի շարժման տարիներին Ազատության հրապարակը դարձել էր իր ու ընտանիքի երկրորդ տունը: Արցախյան ազատամարտի տարիներին ամուսինն առաջին ճակատում էր, ինքն էլ փաթեթներ էր հավաքում և ուղարկում առաջին գիծ: Այժմ տիկին Խոստեղյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում: Կուսակցության համամասնական  ցուցակում՝ 8-րդ հորիզոնականում է ներկայացված:

 

«Ընտրեցի կուսակցությունն ու չեմ զղջում որոշմանս համար»

Խոստովանում է, որ ամուսնու շնորհիվ է դարձել դաշնակցական, ժամանակի ընթացքում գաղափարներն ու համոզմունքն այնքան խորը նստվածք թողեց, որ 90-ականներին, երբ Դաշնակցությունն արգելված կուսակցություն էր Հայաստանում, նրանից պահանջել են ընտրություն կատարել կամ աշխատանք կամ կուսակցություն:

 

–       Երբ Դաշնակցությունը Հայաստանում հետապնդվում էր, ես աշխատում էի Էրեբունու սոցիալական ծառայությունում տեղեկատվական և վերլուծական բաժնի պետ: Ինձ էլ սկսեցին դաշնակացական լինելու համար հետապնդել,  հասցրեցին այն վիճակին, որ ինքնակամ հեռացա: Ես ընտրեցի կուսակցությունն ու չեմ զղջում որոշմանս համար, – ասում է Մարգարիտա Խոստեղյանը :

 

Նրա  գնահատմամբ հաջողության հասնելու համար քաղաքական գործիչը պետք է ունենա ընդունակություններ, աշխատասիրություն և շատ կարևոր հանգամանք է, որ ընտանիքը նպաստի, թիկունք կանգնի, որպեսզի կինը հասնի հաջողության.

 

–       Առանց ընտանիքի ոչ մի կին չի կարող ասել, որ կայացած է: Ամուսինս ինձ ցանկացած հարցում օգնում է, աջակցում որ ես իմ կարողությունների սահմաններում օգտակար լինեմ: Իմ առաջին աջակիցն ու քննադատն է:

 «Ժամանակին լուծում չստացած  փոքր հարցը վերածվել է մեծ հիմնախնդրի»

 

Ասում է՝   Երևանու ավագանու ընտրությունների համար ընթացող քարոզարշավի շրջանակներում բազմիցս հանդիպել է բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց դժգոհությունները: Երևանցիների մեծամասնությունը բարձրացրել է աշխատատեղերի բացակայության խնդիրը, բազմաբնակարան շենքերի վատթար վիճակում գտնվելը, վերելակների անսարքությունն ու աղբահանության խայտառակ կազմակերպումը:

 

–       Մայրաքաղաքի խնդիրները բազմաթիվ են, գիտակցում եմ, ընտրվելուց  հետո հսկայական գործ կա անելու: Խնդիրները բազմաթիվ են նաև այն պատճառով, որ ժամանակի ընթացքում լուծում չեն ստացել, և փոքրիկ հարցը վերածվել է հիմնախնդրի ու դարձել առաջնահերթ: Առաջին հարցը խաբված և տեղահանված ժողովրդի խնդիրները լուծելն է: Կան բազմաթիվ տեղահանվածներ Կոնդում, Բյուզանդի և Կոզեռնի թաղամասերում, հազարավոր բնակիչներ զրկվել են բնակարանից: Հարցը պետք է կարգավորվի: Մայրաքաղաքում շատ մեծ թիվ են կազմում երկրորդ և երրորդ կարգի վթարային շենքերը:

 

Կարծում եմ` ավագանին նախ և առաջ պետք է հենց այս հարցը բարձրացնի, որովհետև մինչ սոցիալական և կենցաղային հարցերի լուծումը, նախ պետք է քաղաքացուն ապահով և անվտանգ տանիք տանք, որպեսզի ծնողն ամեն վայրկյան չերկյուղի, որ առաստաղը կարող է փուլ գալ իր փոքրիկի գլխին:

 

Երևանը նախատեսված չի եղել մեկ միլիոն բնակչի համար, և այժմ էկոլոգիական առումով մայրաքաղաքը կանգնած է լրջագույն վտանգի շեմին, աղտոտված օդային ավազան, որտեղ փոշին մի քանի անգամ գերազանցում է նորման: Այդ խնդիրն ավելի է արմատանում, որովհետև կանաչ տարածքները կամաց-կամաց վերանում են››, – ասում է Խոստեղյանը` հավելելով, որ նախ և առաջ պետք է բարոյազրկված և հոգեպես նեղված երևանցուն վերադարձնել հավատը: Դրա համար պետք է ստեղծել մթնոլորտ, որպեսզի պաշտոնյայի խոսքին բնակիչը հավատա:

 

–       Ցանկացած որոշման հիմքում պետք է լինի արդարությունն ու քաղաքացու շահը: Նրա շահը երբեք չպետք է ստորադասվի« – հավելում է նա:

 

                                         Երևանը չորս տարի անց

 

Մեր զրուցակցի առաջին ու գլխավոր ցանկությունն է առաջիկա չորս տարվա ընթացքում կանգնեցնել արտագաղթը: Դրա համար, իր կարծիքով,  անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել, ներդրողների հրավիրել, բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին աշխատանք ունենա՝  եթե մարդ  գրպանը դատարկ չեղավ և արժանապատիվ կյանքով ապրեց, հավատացեք, ոչ ոք չի ցանկանա երկիրը լքել:

–         Սա գուցե իդեալիստական ցանկություն է, սակայն համոզված եմ, ամեն ինչ պետք է անել, որ  Երևանը չորս տարի անց լինի ավելի կանաչապատ ու գեղեցիկ, տրանսպորտի խնդիրը կարգավորվի, մշակութային օջախները լինեն առավել պաշտպանված և չ քանդվեն շուկաներ կառուցելու համար: Դրա համար առավել ուշադիր պետք է լինել քաղաքի բյուջեի հանդեպ և ոչ թե փոշիացնել այլ ճիշտ և նպատակային ծախսել:

 

Տիկին Խոստեղյանը հավաստիացնում է, որ ավագանու նիստերի ժամանակ ցանկացած հարցի քննարկման ժամանակ կլինի ուշադիր, շահագրգիռ ու մինչ որոշում կայացնելը կուսումնասիր խնդիր մի քանի տեսանկյունից:

–       Որոշումները կկայացնեմ հանուն Երևանի և երևանցու:

 

Հասմիկ Հարությունյան  

Դիտումների քանակը` 3246

Գլխավոր էջ