Մանկությունը աղքատության ճիրաններում
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մինչև 18 տարեկան երեխաների թիվը Հայաստանում 784 հազար է, իսկ մինչև 5 տարեկան փոքրիկները 211 հազար են: Մեր երեխաներից յուրաքանչյուր երրորդը մեծանում է աղքատության մեջ: Խախտված են նրանց ամենատարրական ` գոյատևման, առողջության և կրթության իրավունքները: Դրա մասին են վկայում պաշտոնական վիՃագրության տվյալները:
Այսօր Հայաստանում մինչև 18 տարեկան մոտ 300 հազար երեխաներ կամ 36.2%-ն ապրում են աղքատության մեջ, նրանցից 3.3%-ը՝ ծայրահեղ աղքատ են: Համեմատության համար նշենք, որ աղքատ և ծայրահեղ աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 32.4 և 2.8 %-ը:
Էլ ավելի աղքատ են բազմանդամ ընտանիքների երեխաները: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 43.2%-ը, իսկ ծայրահեղ աղքատ է երեխաների 4.5%-ը:
Հաշմանդամ երեխաները երկրորդ ամենախոցելի խումբն են կազմում: Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Չնայած որ երեխաների ընդամենը 1,7 տոկոսն է հաշմանդամ կամ բնակվում այլ հաշմանդամ երեխաների հետ միասին, նրանց 35.4%-ը աղքատ են, իսկ 11.0%-ը`ծայրահեղ աղքատ:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մեկ քառորդն (25.9%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 38.3%-ն ` աղքատ է, իսկ 5.2%-ը` ծայրահեղ աղքատ, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում, աղքատ եւ ծայրահեղ աղքատ են համապատասխանաբար` 36.0 և 2.8%-ը:
Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնց ընտանիքի գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն (45.8%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (48.6%) , միջնակարգ կրթություն (44.0%), միջնակարգ մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն (31.6%), համեմատ այն երեխաների, որոնց ծնողները բարձրագույն կրթություն ունեն (16.5%):
Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակը ամենացածրն է` 21.3%, իսկ ամենաբարձրը Շիրակի և Կոտայքի մարզերում է ՝48.1% և 47.9% :
Մեր երեխաների 25%-ն է բնակվում բնակարանային պայմանները վատ կամ շատ վատ համարող բնակարանային պայմաններում: Աղքատ երեխաները ավելի հաճախ են բնակվում վատ պայմաններում, կարևոր կացարանային հարմարություններից զուրկ տներում: Անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում հանրապետության երեխաների ընդհանուր թվաքանակի 40%-ը, իսկ աղքատ երեխաների 44%-ը և ծայրահեղ աղքատ երեխաների 42%-ը: Երեխաների ընդհանուր թվաքանակի 59%-ն է միայն բնակվում է բավարար համարվող բնակարանային պայմաններում:
Այսօր Հայաստանում գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող շուրջ 40 օրենքներ ու իրավական ակտեր: Դատելով վերընշված թվերից կարող ենք փաստել, որ այդ օրենքները բավարար չափով չեն պաշտպանում մեր երեխաների երջանիկ մանկություն ունենալու իրավունքը…
Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության
“Աղքատությունը և սոցիալական պատկերը – 2013թ” հրապարակման
Դիտումների քանակը` 7154