Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ

Մայրաքաղաքում  բնակվող նախադպրոցական տարիքի շուրջ 8000 երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին, մինչդեռ մանկապարտեզների շենքեր կան, որ տրված են վարձով շատ պատահական կազմակերպությունների, որոնք կրթության հետ ոչ մի կապ չունեն:

 

 Երևանի քաղաքապետարանի  ենթակայության տակ գտնվող  166 մանկապարտեզներ է հաճախում շուրջ 30.953 երեխա: Եվ այս ցուցանիշը լավագույն է  համարվում հանրապետությունում, քանի որ  Հայաստանում  գործող մանկապարտեզների գրեթե 1/3-ը բաժին է ընկնում Երևանին: Ընդհանուր առմամբ,  Հայաստանում   երեխաների ընդգրկվածությունը  նախադպրոցական հիմնարկներում  քաղաքային համայնքներում – 35.7% է , գյուղական համայնքներում` 16.6%:

 

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը երեխայի խնամքի վճարովի արձակուրդ ծնողներից մեկի համար սահմանում է երեխայի մինչև երկու տարեկան դառնալը՝ ամսական 18 հազար դրամ: Երրորդ տարին  երեխային խնամելու համար պետությունը ծնողին չի վճարում: Երևանում անվճար մանկապարտեզներ երեխաներին ընդունում են հիմնական երեք տարեկանում: Մի քանի հազար երեխաների էլ չեն կարողանում ընդունել անգամ երեքը լրանալուց հետո:

 

«Երեխան մեկ ու կես տարեկան էր, հերթագրվեցինք Մալաթիա-Սեբաստիայի մանկապարտեզներից մեկը: Մեկ տարի ձայն չհանեցին: Գնացի մանկապարտեզ, հետաքրքվեցի, ինչքա՞ն դեռ պետք է սպասենք: Պետք է գործատուիս հետ պայմանավորվեի աշխատանքի վերադառնալու ժամկետի մասին: Ասացին՝ չենք կարող ընդունել, դեռ փոքր է, իրենից մեծեր հերթում շատ կան»,-WomenNet.am-ին ասաց Կ. Հակոբյանը:

 

Նա մանկապարտեզի տնօրենին հիշեցնում է, որ աշխատող ծնողների երեխաներին կարելի է  ընդառաջել: Բայց մանկապարտեզի խմբերում տեղ չկար, գերծանրաբեռնված էին: Ստիպված է եղել սպասել մինչև երեք տարեկանը լրանա, դրանից հետո էլ  հեշտությամբ չեն ընդունել: Մեկ այլ ծնող՝ Կ. Հարությունյանն էլ պատմեց, որ իրենց հերթին չեն սպասել, մի քանի տարի սպասելու փոխարեն որոշել են երեխային վճարովի մանկապարտեզ տանել: Նշենք, որ Երեւանում 77  ոչ պետական նախադպրոցական հիմնարկ է գործում, որոնց ամսավճարը տատանվում է 30-100 հազար դրամի սահմաններում:

 

Ամիսներ ու նույնիսկ տարիներ մանկապարտեզ ընդունելու համար իրենց երեխայի հերթը հասնելուն սպասող ծնողների կողմից հերթն առաջ գցելու համար տնօրեններին կաշառելու փորձերը կանխելու ու վերացնելու համար Երևանի գործող ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն առաջարկել էր ներդնել ու գործարկել էլեկտրոնային ցուցակագրում: Դրա շնորհիվ, ըստ ավագանու անդամի, բոլոր ծնողները կարող էին հետևել  երեխաների ընդունման հերթականությանը:

 

«Ես առաջարկում էի ապահովել հրապարակայնությունը: Այսինքն, քաղաքապետարանի պաշտոնական էջում նախադպրոցական հաստատության անվան կողքը  լինի ցուցակը, որ ամեն ծնող կարողանա տեսնել, թե իր երեխայի հերթն ո՞ւր հասավ»,-WomenNet.am-ին ասաց Անահիտ Բախշյանը, ով Երեւանի ավագանու այս ընտրություններում առաջադրվել է  «Ելք» դաշինքի ցուցակով:

 

Նրա առաջարկն ընդունել են, քայլեր կատարել են, բայց արդյունքները գոհացնող չեն: Իրականում էլեկտրոնային ցուցակագրումը կա, բայց այն տեսանելի է միայն  Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության համակարգում: «Այսինքն, իրականում  ոչ մի ծնող չի կարող անձամվ հետևել դրան, պետք է դիմի քաղաքապետարան, այստեղ սեղմեն կոճակը և նայեն: Դա ոչինչով չի տարբերվում նախորդից, այսինքն կոռուպցիան չի բացառվել»,-ասաց Բախշյանը:

 

Ավագանու անդամն արդեն երեք տարի փորձում է տվյալներ ստանալ, թե ըստ մանկապարտեզների քանի հերթագրված երեխա կա: «Ինձ տալիս են միայն մի թիվ, որը վերաբերում է միայն վարչական շրջանին: Ինձ հետաքրքրիր է, յուրաքանչյուր մանկապարտեզի դեպքում: Այդ թիվը պարզապես ինձ չեն տալիս: Այդ թիվը որ ինձ տան, սկսելու եմ հետևել: Թվով որոշելու եմ՝ կոռուպցիա կա, թե չկա:  Եթե ցուցակը հրապարակային չէ, կարող են մեկի հերթն առաջ գցել, մեկ ուրիշին ցուցակ խցկել: Կոռուպցիան այստեղ վերացած չէ»,-ասաց նա:

 

Ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը WomenNet.am-ի հետ զրույցում նման մեծ հերթերը բացատրել էր հանգամանքով, որ երեխան դեռ չծնված նրան մականապարտեզում հերթագրում են: Բախշյանը հասկանում է նման ծնողների մտահոգությունը, լավ օրից չէ, որ այդպես են անում:

 

2015-ին նրա հարցմանն ի պատասխան ասել են, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաներից 2304-ը երեք տարեկանից բարձր են:

 

Բախշյանը նաեւ Երևանի մանակապարտեզների շենքային պայմանների վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն է կատարել, կազմել ցուցակ, թե  քանի մանկապարտեզի շենքեր տրված են վարձով շատ պատահական կազմակերպությունների, որոնք կրթության հետ ոչ մի կապ չունեն:

 

«Երևանի քաղաքային համայնքի զարգացման 2014-2017 թթ. քառամյա ծրագրում առաջարկել եմ իրականացնել մանկապարտեզների վարձակալած տարածքների հաշվառում, գույքագրում և դրանք մանկապարտեզներին, այսինքն՝ երեխաներին աստիճանական վերադարձնելու գործընթաց: Առաջարկն ընդունվել էր, և ըստ քաղաքապետի 01.04.2014թ. 04/5-1630հ թվակիր նամակի՝ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել էր ուսումնասիրություն կատարել, որի արդյունքները, ցավոք, մինչ օրս հայտնի չեն»,-ասաց նա: Որպես օրինակ,  Բախշյանը նշեց, որ թիվ 15 մանկապարտեզում  երկու խմբասենյակ է գործում, դիմել եմ, որ երկու խումբ էլ ավելացնեն, մերժեցին՝ «բալը թանկ է» հիմնավորվմամբ:

 

Ինչ են խոստանում  ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը

 

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է խնդրին: «Այսօր մոտ 8000 երեխա մանկապարտեզի իր հերթին է սպասում և չի կարողանում մանկապարտեզներում ընդունելության արժանանալ: Մյուս կողմից, Երևանի բազմաթիվ մանկապարտեզների տարածքը վարձակալությամբ տրված է այլ անձանց»,-ասել է Փաշինյանը:

 

Նույն դաշիքի ցուցակով առաջադրված  թեկնածու Զառա Բաթոյանն` անդրադառնալով մանկապարտեզների   խնդրին  իր ֆեյբուքյան էջում գրել է.  « Երբ դառնամ ավագանու անդամ, բարձրացնելու եմ մանկապարտեզների աշխատանքային ժամերը մինչև 18։30-ը դարձնելու հարցը։ Այլապես աշխատանքային ժամն ավարտվում է 18-ին, իսկ մանկապարտեզները դրանից մեկ ժամ շուտ են փակվում։ Երևի էս կարգը հորինողների երեխաներին արագիլն է մանկապարտեզից տուն տանում։

 

Ընտրությունների մասնակից մյուս ընդդիմադիր ուժը՝ «Երկիր Ծիրանին» հրապարակած ծրագրում ևս անդրադարձել է խնդրին, մատնաշելով իր պատկերացրած լուծումը.

 

«Բյուջեի միջոցներով վերանորոգել մայրաքաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները (մանկապարտեզները) և կառուցել նորերը,   Դաստիարակների ու դայակների համար ստեղծել նոր աշխատատեղեր, ինչի շնորհիվ մանկապարտեզներում նաև կվերացվեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող հերթագրումները: Մանկապարտեզները պետք է ապահովված լինեն առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներով: Այս երեխաներն իրենց պետք է լիարժեք զգան մանկապարտեզում, ինչը կարևոր է հետագայում նրանց` դպրոցում ևս լիարժեք ու անկաշկանդ կրթություն ստանալու համար»:

 

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրով  նախատեսվում է ապահովել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատողների առողջապահական պարտադիր ապահովագրումը, լիարժեքորեն ապահովել նախադպրոցական կրթություն՝ մանկապարտեզներում հերթերի հիմնախնդրի ամբողջական կարգավորմամբ, ապահովել անվճար նախադպրոցական կրթության ծրագրի շարունակությունը։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4299

Գլխավոր էջ