Մանկապարտեզի  նոր մոդել  փոքր գյուղական համայնքի համար. ներկայացնում է  ՅՈՒՆԻՍԵՖ-ը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը  ներկայացրեց  այսօր փոքր գյուղական համայնքների համար նախատեսված վաղ մանկական ուսումնառության ծախսարդյունավետ մոդելի առանձնահատկությունները: Մոդելը նախկինում փորձարկվել է Սյունիքի մարզի ութ փոքր համայնքներում 2014-2015թթ., որից հետո գործի է դրվել Լոռվա մարզի Թումանյանի խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրերում: Այժմ Սյունիքի և Լոռվա մարզերի թվով 12 բնկավայրերում այս ծառայություններից օգտվում են 140 երեխաներ, ովքեր այլ կերպ չէին կարողանա մանկապարտեզ հաճախել:

 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար պրն. Վարազդատ Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Դավիթ Սահակյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ովքեր կարևորեցին մոդելը 3-6 տարեկան երեխաների՝ ուսումնառություն ստանալու և զարգանալու տեսանկյունից:

 
Մոդելը ստեղծվել է փոքր գյուղական համայնքների համար, որտեղ երեխաների թիվը փոքր է, մանկապարտեզ ունենալու համար նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, իսկ մոտակա քաղաքային մանկապարտեզը հեռու է: Այն հիմնված է միջազգային ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են, որ մանկապարտեզ հաճախելու տևողությունը (տարիների առումով) ավելի մեծ նշանակություն ունի 3-6 տարեկան երեխայի ապագայի համար, քան օրվա ընթացքում հաստատությունում անցկացրած ժամերը:

 
Մոդելը երեխաներին ապահովում է ոչ միայն զարգացման և ուսումնառության հնարավորություն, այլև համայնքին տրամադրում է աշխատատեղեր և բարենպաստ ազդեցություն է ունենում սոցիալական իրավիճակի վրա: Աշխատանքի, ներդրվող կապիտալի և հարակից ծախսերի նվազագույն ծավալները ապահովում են մոդելի ծախսարդյունավետությունը: Մոդելի գործունեության առաջին 5 տարիների ընթացքում  Թումանյանի խոշորացված համայնքում երեխաների թվաքանակը կգերազանցի 100-ը, իսկ մեկ երեխայի հաշվով ներդրման ընդհանուր և ուղղակի միջին ծախսերը կկազմեն, համապատասխանաբար՝ 320,100 ՀՀ դրամ և 222,500 ՀՀ դրամ:

 
Գործընկերության շնորհիվ Թումանյանի համայնքն արդեն 2018թ. բյուջեյում հանձն է առել տրամադրել ընթացիկ ծախսերն ու դաստիարակների աշխատավարձերը ծառայության պահպանման նպատակով, իսկ ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը տրամադրելու է արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ծառայությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեղմելու և կայունությունը ապահովելու նպատակով:

 
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ ՀՀ ԿԳ և ՏԿԶ նախարարությունների հետ համատեղ նաև մշակել է մոդելի իրավական, ֆինանսական և ռազմավարական հիմնավորումների շրջանակը: Դրա մաս են կազմում ծախսերի և ծախսարդյունավետության մանրակրկիտ վերլուծությունն ու նախադպրոցական կրթության ոլորտի դաստիարակների համար նախատեսված մեթոդաբանական գործիքակազմը: Միասին այս գործիքներն ապահովում են «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման համար համապատասխան գիտական հենք:

 
Ծրագիրն իրականացվում է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ:

 

 

 Ըստ  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության

 

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ ԱՎԾ վերջին  տվյալներով, երեխաների ընդգրկվածությունը հանրապետության  նախադպրոցական հաստատություններում (0-5 տարեկանների թվաքանակից) կազմել է 28,9%, քաղաքներում` 35,6%, գյուղերում` 17,2%: Հատկապես ցածր է ընդգրկվածությունը 0-2 տարեկան երեխաների շրջանում՝ կազմելով ընդամենը 5,2%: Հանրապետության համայնքների 44%-ը մանկապարտեզ չունի:

Դիտումների քանակը` 2799

Գլխավոր էջ