Մանկաբույժ. «Երեխաներին ճիշտ սնելն այնքան էլ գումարի խնդիր չէ»

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, մինչեւ 5 տարեկան երեխաների 19%-ը թերաճ է: Փոքրիկ Նարեն մեկն է այս երեխաներից. Նրա քաշը հազիվ 13 կիլոգրամ է, բժիշկներն ասել են, որ սա շատ քիչ է 4 տարեկան երեխայի համար՝ հաշվի առնելով հասակն ու գենետիկ կառուցվածքը: Նարեի մորը՝ տիկին Անահիտին մանկաբույժը վստահեցրել է, որ երեխայի փոքրամարմին լինելը թերսնման արդյունք է, պետք է խիստ հետեւել նրա սննդակարգին:

 

«Ինչքան կարում՝ հետեւում եմ, ինչ ունենք՝ էն էլ տալիս եմ ուտելու»,-ասում է տիկին Անահիտը: Նա մեզ հետ զրույցում պատմում է, որ 3 անչափահաս երեխա ունի, 2-ը՝ դպրոցական են, ամուսնու վաստակածը հազիվ են հասցնում, իր խոսքերով ասած՝ լույսի, ջրի ու տան վարձին, երեխաների հագուստին, էլ ուր մնաց թե ամեն օր միս, կաթնամթերք, միրգ ու այլ սննդարար բաներ գնի երեխաների համար: «Ես ինչի՞ տեր եմ, որ ամեն օր էդ թանկ ուտելիքն առնեմ:  Էդ ո՞ր ծնողը չի ուզի իրա էրեխեն լավ սնվի, բայց դրա համար նորմալ փող ա պետք ունենալ: Բժիշկն ասում է՝ պիտի լավ կերակրեմ, վիտամիներով հարուստ բան տամ, բայց չեմ հասցնում: Չե՞ք հավատում, իրոք չեմ հասցնում, ամեն ինչ նենց թանկ ա»,-ասում է Անահիտը:

 

Մեզ հետ զրույցում «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության ղեկավար, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանն ասում է, որ Հայաստանում թերսնուցումը շատ արտահայտված է հատկապես մարզերում: Եւ եթե թերսնուցումը որոշ մայրեր կապում են սոցիալական վատ պայմանների հետ, ապա, ինչպես տիկին Հարությունյանն է ասում, երեխաների թերսնուցում կա նաեւ բարեկեցիկ ընտանիքներում: «Ինձ մոտ շատ են գալիս երեխաներ, որոնք թերսնված են, որոնց ընտանիքներում սոցիալական վիճակն այնքան էլ վատ չէ: Սա խոսում է այն մասին, որ մայրիկների կրթական մակարդակն է ցածր: Մանկաբույժը վիճակագրական տվյալները մեջբերելով ասում է՝ մինչեւ 5 տարեկան երեխաների 19%-ը իրենց տարիքի եւ ծնողների գենետիկ մակարդակի հետ համեմատ, ավելի ցածրահասակ են, բացի հասկից, նաեւ ցածր քաշ ունեն, եւ սա լուրջ խնդիր է. «Եթե երեխան սնվում է, բայց ցածր հասակ ունի, նշանակում է միայն հասակի խնդիրը չէ, նաեւ մտավոր զարգացման խնդիր է լինում, հիվանդացության մակարդակն է բարձր լինում եւ այլն: Այստեղ, իհարկե, թերսնուցման խնդիր էլ կա»: Բժշկուհին ասում է, որ 10-15 տարի առաջ մեր երկրում սոցիալական պայմանները ավելի լավ չէին, քան հիմա, բայց թերսնուցումը ներկայումս ոչ թե պակասել է, այլ՝ ավելացել:

 

Երեխաների առողջության վերաբերյալ վերջին ուսումնասիրությունը կատարվել է 2010 թվականին, ըստ այդ հետազոտության, մինչեւ 5 տարեկան երեխաների 19%-ը թերաճ է` կարճահասակ, իսկ 8%-ը` խիստ թերաճ է` շատ կարճահասակ: Կարճահասակությունը ավելի տարածված է գյուղաբնակ(գյուղ` 22%, քաղաք` 17%), կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց(22%) եւ առավել աղքատ տնային տնտեսությունների (26%) երեխաների մոտ: Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցած տվյալների համաձայն, թերաճ երեխաների տեսակարար կշիռների էական տարբերություններ կան ըստ մարզերի` տատանվելով Երեւանի 11%-ից՝ մինչեւ 37% Սյունիքի մարզում: Համաձայն նույն հետազոտության, մինչեւ 5 տարեկան երեխաների 4%-ի մոտ գրանցվել է թերսնվածություն, 2%-ից  պակասի շրջանում` խիստ թերսնվածություն: Թեպետ, ընդհանուր առմամբ թերսնվածության ցուցանիշի տարածվածությունը ցածր է, սակայն այն բավականին բարձր է ցածր կրթական մակարդակ ունեցող մայրերի դեպքում՝ 14%, առավել աղքատ ընտանիքների՝ 7.8% երեխաների մոտ, իսկ ամենաբարձր ցուցանիշ գրանցվել է Արարատի մարզում՝ 12%:

 

Մանկաբույժ Սուսաննա Հարությունյանն ասում է, որ շատ մայրիկներ  ճիշտ չեն կերակրում իրենց փոքրիկներին, չիպսեր, շոկոլադներ, քաղցր ըմպելիքներ ու նման բաներ են տալիս, երեխայի ախորժակը փակվում է, ու էլ չի ուզում ուտել, իսկ երբ մսամթերք չեն տալիս, երեխայի օրգանիզմում երկաթը պակասում է. «Այսպիսի խնդիր կա մինչեւ 5 տարեկան երեխաների 37%-ի մոտ: Այսինքն սակավարյունություն ունեն, սա նշանակում է հեմոգլոբինն է պակաս լինում:  1-2 տարեկանների մոտ 70%-ի մոտ կա այս խնդիրը»:

 

4 ամյա Նարեն էլ ունի երկաթի պակաս. Նրա մայրը տիկին Անահիտն ասում է, հենց բժիշկն ասել էր այդ մասին, ու ներկայացրել այն կերակրացանկը, որի միջոցով օրագանիզմում պիտի երկաթի պակասը լրացվի, Անահիտն իրենց թաղամասի խանութից պարտքով վերցրել էր տավարի միս, բազուկ, խնձոր եւ այլ բաներ. «Մի ամիս Նարեիս կերակրեցի, ամուսինս աշխատավարձը ստացավ, պարտքը փակեցի,բայց էլ պարտքով ապրանք չտվեց խանութը: Հիմա ես չեմ, դու ես, ասա՝ ի՞նչ անեմ, ոնց կերակրեմ: Ասում ա՝ ամեն օր ձու, միս, տվոռոգ, կաթ պիտի տամ, ամսիը մի քանի անգամ՝ ձուկ, բայց հլը հաշվարկի տես ի՞նչ մեծ փող ա անում դա, գիտե՞ք ձուկն ինչ թանկ ա:  3 երեխա ունեմ, հո մեկին չե՞մ առնի, մյուսներին էլ մենակ կարտոշկա տամ: Ինչքան բժշկին բացատրում եմ՝ փողը չի հերիքում, ինքն էլ ասում ա՝ երեխայի առողջությունն ամենագլխավորն է»:

 

Մանկաբույժ Հարությունյանն էլ պնդում է, որ եթե մայրերը ցանկանան, կարող են ամեն օր երեխաների օրգազնիզմի համար անհրաժեշտ սնուդն առնել, թող փոքր քանակությամբ գնեն: «Մի հատ կոլայի փոխարեն մայրերը կարող են 100 -200 գրամ միս գնեն, սա օրվա չափաբաժինն է, ընտանիքներ կան, որ բոլորով կոլա կգնեն ու կխմեն, փոխարենն օգտակար սնունդ գնեն այդ գումարով: Ես մարզերում շատ եմ հանդիպել, երբ իրենց տնական ձուն, հավը եւ այլ բաները փոխանակում են  ու հին, ժամկետանց շոկոլադ են բերում տուն: Ախր գյուղերում կարող են ապահովել առողջ սնունդը, նրանք կունենան հավ կամ ճագար, թող օրական քիչ բաժիններով տան դրանց միսը: Գյուղերում մրգի ու բանջարեղենի խնդիր չպիտի լինի, կարող են չէ՞ էդ սնունդով կերակրեն: Երեխաներին շատ են տալիս այսպես կոչված բնական հյութեր, որոնց մեջ ոչ մի բնական բան էլ չկա, ամբողջը շաքար է, դրա պատճառով երեխաների ատամներն են փչանում»,-նկատում է մանկաբույժը ու հավելում՝ երեխային ճիշտ սնելու համար շատ մեծ գումարներ պետք չեն, ճիշտ գիտելիքներ են հարկավոր, պարզապես պիտի ապրելակերպը փոխեն: Հարությունյանն ասում է, եթե հաշվի առնենք այն պատճառաբանությունները, որ վատ սոցիալական պայմաններն են երեխաներին թերի սնուցում, ապա պետք է կատել, որ մեզ մոտ կրծքով կերակրումը պիտի բարձր լինի, քանի որ կաթնախառնուրդները թանկ են, մինչդեռ մեր երկրում բացառապես կրծքով կերակրումը մոտ 35% է:

 

Ի տարբերություն թերաճություն եւ թերքաշություն ունեցող Նարեի, 5 ամյա Արամիկն էլ գերքաշություն ունի. Հարազատներն, իհարկե, ուրախանում ու ոգեւորվում են նրա, այսպես ասած՝ թմբլիկ, փամփլիկ կառուցվածքով, նրան «պոնչո են» ասում, բայց Արամիկի մորը բժիշկները զգուշացրել են՝ ավելորդ քաշ ունի:

 

 

Երեխաների գերքաշությունն էլ լուրջ խնդիր է մեր երկրում: Պաշտոնական տվյալներով, մինչեւ  5 տարեկան երեխաների 15%-ի մոտ գերքաշություն կա. Այս ցուցանիշը տատանվում է ըստ մարզերի` 9%-ից մինչեւ 35%:  Այս խնդիրը մասնագետները եւս կապում են փոքրիկներին սխալ սնուցման հետ:

 

 

Արամիկի մայրը՝ Սիրանույշը, մեզ հետ զրույցում ասում է, որ իր տղային չի ցանկանում զրկել սիրելի ուտելիքներից՝ քաղցրավենիքից, խաչապուրիից, պաղպաղակից, քացր հյութերից: Սիրանույշն ասում է՝ Արամիկը հաճույքով նաեւ հավի գրիլ ու խորոված է ուտում. «Բայց այնպես չէ, որ ամեն օր է ուտում, ուղղակի, որ ընտանիքով բոլորս,ասենք խորոված ենք ուտում, երեխա է, տեսնում է, սիրտը քաշում է, ո՞նց չտամ: Ճիշտ է, բժիշկն ասել է, որ ճարպոտ, քաղցր ու հավելանյութերով բան չտամ, բայց ախր լացում ա, սիրտս էլ չի դիմանում, առնում եմ, իհարկե, ոչ ամեն օր: Հիմա «կոկա-կոլան» քչացրել ենք, էկլեռ շատ ա սիրում, այ հիմա փորձում եմ դրանից էլ շատ չտամ:Քիչ-քիչ անցնում եմ բժշկի ասած սննդակարգին»:

 

 

Մանկաբույժ Հարությունյանն ասում է, որ գերքաշությունն ավելի վտանգավոր է դեռահասների համար. «Դեռահասը եթե գեր է իր տարիքի համեմատ, հավանականութունը, որ ինքը գեր չափահաս կդառնա, մեծ է, եթե գեր չափահաս դարձավ, ապա սրտանոթային հիվանդության, շաքարային դիաբետի, չարորակ գոյացությունների ռիսկը մեծանում է»:

 

 

Ըստ վերընշված հետազոտության, գերքաշությունն առանձին մարզերում զուգակցվում է թերաճության հետ. 2 դեպքում էլ պատճառը սպիտակուցների պակասով, կամ ածխաջրերի ավելցուկով չբալանսավորված սննդակարգն է, ինչը կարող է լինել ինչպես աղքատության, սննդի պակասի, այնպես էլ ճիշտ սնուցման վերաբերյալ մայրերի անբավարար գիտելիքների հետեւանք:

 

 

Տիկին Հարությունյանն ասում է, ծնողները պետք է հասկանան, որ երեխաների սննդակարգը պետք է տարբեր լինի մեծահասակների սննդակարգից: Երեխաների սննդի օրաբաժնում, ըստ մանկաբույժի,  պետք է անպայման լինի կաթամթերք, մսամթերք կամ փոխարինող մի բան՝ ոսպ, սիսեռ, ընդեղեն, ընկուզեղեն, անպայման մրգեր,որոնք շատ են անհրաժեշտ երեխաների օրգանիզմին, եւ անպայման չէ կլիոներով գնել, երեխայի համար կարելի է օրական շատ քիչ քանակությամբ տարբեր մրգերից գնել: Բժիշկն ասում է՝ երեխաները պետք է նաեւ հացազգիներ, օսլա պարունակող սննդամթերք ուտեն, կարճ ասած՝ կարեւորը սնունդը լինի էներգետիկ արժեքավոր:

 

Նելլի Բաբայան

Դիտումների քանակը` 5644

Գլխավոր էջ