Մանե Թանդիլյան. « Չհամաձայնվել կարծրատիպերի հետ…»
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու շարժառիթների, Հայաստանի հրատապ լուծում պահանջող հարցերի և քաղաքականության մեջ կնոջ դերի կարևորության մասին զրուցել ենք պատգամավորության թեկնածու, «Ելք » դաշինքի համապետական ցուցակի 4-րդ հորիզոնականն զբաղեցնող Մանե Թանդիլյանի հետ: Մանեն մասնագիտությամբ հաշվապահ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, հանրությանը հայտնի դարձավ որպես «Դեմ եմ» հասարակական նախաձեռնության ակտիվ մասնակից:
–Հասարակական ակտիվ գործունեությունից անցումը դեպի քաղաքականություն ինչպե՞ս կատարվեց: Քաղաքականությամբ զբաղվելու Ձեր շարժառիթը:
-Քաղաքականություն ինձ բերել է պատասխանատվության զգացումը . սեփական երկրի ճակատագրի ու ապագայի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը: Այն, ինչ ես տեսնում եմ այսօրվա քաղաքական դաշտում, ինձ չի բավարարում: Ինձ չի բավարարում Ազգային ժողովի պատկերը, այդ մարդիկ ինձ և ինձ նմաններին չեն ներկայացնում, և զբաղված չեն մեր պետության զարգացման գործով: Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, և անհրաժեշտ է եղել գնալ որոշակի զոհողության: Սակայն այն, ինչ դրված է նժարին, կարևորագույն առաջնահերթություն է ինձ համար: Փորձելու եմ ազդել իմ և ձեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի վրա, քանի որ քաղաքականությունը մարդկային կյանքը երջանիկ դարձնելու արվեստ է: Կարող է զարգանալ միայն այն պետությունը, որի քաղաքացիները բարեկեցիկ են, ինքնաբավ և երջանիկ:
– Երեք հիմնական խնդիր, որոնց լուծմամբ պատրաստվում եք զբաղվել՝ ընտրվելու դեպքում:
-Իմ ուշադրության կենտորնում են լինելու պարտադիր կուտակայինի չեղարկումը, հասանելի բարձրագույն կրթության հնարավորության ստեղծումը, զինվորների առաջին անհրաժեշտության պարագաների ապահովությունը: Ես նաև լոբբինգ եմ անելու վերափոխելու հարկային համակարգը և հրաժարվելու հարկային գործակալի ինստիտուտից:
–Կանանց խնդիրներին անդրադառնանք: Ինչպե՞ս եք վերաբերում կանանց նկատմամբ խտրականության ու անհավասարության դրսևորումներին:
-Կանանց խնդիրները Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, արդիական են թե՛ կարծրատիպերի, թե՛ հավասար հնարավորությունների իմաստով: Դրա վառ ապացույցն է կանանց պասիվությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Քաղաքականությունը համարվում է «տղամարդու գործ», և կանայք հեռու են մնում դրանից: Այնինչ ես համոզված եմ, որ մեր պետությունն արդյունավետության լուրջ կորուստ է ունենում, եթե չենք օգտագործում կանանց ներուժը: Միևնույն ժամանակ, կանանց տնային ծայրահեղ զբաղվածության պատճառով նրանք օբեկտիվորեն չեն կարողանում ներգրավվել մեր երկրի համար կարևոր այլ գործառույթների մեջ, և պոտենցիալի կորուստ ենք ունենում:
–Ի՞նչ քայլեր է հնարավոր անել՝ իրավիճակը հարթելու և տղամարդկանց «մենաշնորհը» վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ:
– Իրականում սկուտեղի վրա մեզ ոչ ոք ոչինչ չի մատուցելու: Մենք պետք է կարողանանք պայքարել մեր իրավունքների համար, այլ ոչ թե ընդունել կրավորական դիրք և սպասել, թե տղամարդկանց աշխարհը կառուցած դերակատարներն ինչ հնարավորություններ կստեղծեն մեզ համար:
–Ի՞նչ դժվարություններ կան Հայաստանում կին քաղաքական գործչի համար, ի՞նչ խոչնդոտների է կինը բախվում, հաղթահարում՝ քաղաքականությամբ զբաղվելիս:
-Խնդիրները բազմաթիվ են, սկսած կարծրատիպերը հաղթահարելուց, վերջացրած սպասումները չարդարացնելու բարդույթից ազատվելը: Կնոջ դերի մասին կա այլ սպասում և ակնկալիք: Կարծում եմ, որ մեր հասարակության գիտակցության մեջ արմատապես պետք է վերանայվի կնոջ դերն ու նշանակությունը. այն պետք է դիտարկել ոչ թե առավել կամ թերի, այլ՝ տարբեր, կարևոր և անհրաժեշտ մեր պետության կայացման և գործունեության բոլոր մակարդակներում և ոլորտներում:
–Քաղաքական գործչի հաջողության Ձեր բանաձևը:
-Համառություն, հետևողականություն և վճռականություն:
–Ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը վստահի հենց Մանե Թանդիլյանին:
-Եթե կարճ՝ որովհետև ուզում է ունենալ արժանապատիվ, ինքնաբավ, գրագետ և քաղաքակիթ պատգամավոր, ով 5տարի ամեն օր ծառայելու է մեր պետության կայացմանը և պաշտպանելու է Հայաստանի քաղաքացու շահերը բոլոր հարթակներում, լինելու հասանելի ամեն օր, և հաշվետու իր արածների և չարածների համար:
–Որտեղի՞ց պետք է սկսի երիտասարդ, դեռևս անփորձ կինը՝ եթե որոշել է քաղաքականությամբ զբաղվել:
-Մինչև որոշելը պետք է հստակ իմանա, թե ինչու է ուզում զբաղվել քաղաքականությամբ, ապա՝ գտնի գաղափարակից ընկերների և քաղաքական կուսակցության, որտեղ լավագույնս կիրացվի իր գաղափարախոսությունը:
– Ասում են, ընտանիքն ու քաղաքականությունն անհամատեղելի են: Կարծրատիպերի դեմ պայքարի Ձեր միջոցները:
-Չհամաձայնվել կարծրատիպերի հետ. ընտանիքն ու քաղաքականությունը համատեղելի են:
Տաթևիկ Սարգսյան
Դիտումների քանակը` 3481