Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել նախարարի պաշտոնից… ինչու՞
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել: Facebook-յան իր էջում նա հետևյալ կերպ է պարզաբանել այդ որոշումը.
«Սիրելի հայրենակիցներ,
Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։ Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։
Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։
Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։
Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։ Գործող կառավարությանը մաղթում եմ բազում հաջողություններ և հեռատեսություն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարության անդամ եմ դարձել որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցության անդամակցությունը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսավոր Հայաստան կերտելու գործում։
Այսօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականության կայացման համար։ Եղե՛ք երջանիկ, և խաղաղությու՛ն մեր սահմաններին․․․
Հարգանքով՝ Մանե Թանդիլյան»:
Դիտեք նաև այսօրվա «Ֆեյսբուքյան ասուլիս»-ը հրաժարական ներկայացրած նախարար Մանե Թանդիլյանի հետ.
Հ.Գ. Ընդամենը մի քանի շաբաթ նախարարի պաշտոնում մնալուց հետո Թանդիլյանը հրաժեշտ տվեց ոչ միայն նախարարությանը, այլև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Կարող ենք փաստել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ճակատագրական եղավ նրա համար` հանրությունը Մանե Թանդիլյանին ճանաչեց այդ համակարգի դեմ ծավալված «Դեմ եմ» շարժումից, որն էլ նրան բերեց ակտիվ քաղաքականություն, ապաև` Ազգային Ժողով: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, անդրադառնալով այդ խնդրին, Թանդիլյանը հայտարարել էր.
«Օրենքը գործընկերներիս հետ քննարկելիս պարզ դարձավ այն խորը դժգոհությունը և անհանգստությունը, որ նրանք ունեն: Հասկացա, որ իսկապես կարող եմ ներդրում ունենալ այդ պայքարի մեջ: Եվ մենք տեսանք արդյունքները: Հիմա ես ուզում եմ մտնել խորհրդարան, որպեսզի շարունակեմ պայքարել նաև այդ օրենքի դեմ, և համոզված եմ, որ իմ ներկայությունը Ազգային ժողովում բավական մեծ խոչընդոտ կլինի, որպեսզի պարտադիր կուտակայինը ուժի մեջ մտնի 2018 թվականին: Ես պայքարելու եմ, որ պարտադիր բաղադրիչը հանվի և օրենքը դառնա կամավոր, ինչի համար պայքարը սկսել ենք առաջին իսկ օրվանից»: Արդեն այս մայիսին, երբ նա վայր դրեց պատգամավորական մանդատը և ընդունեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը նա բախվեց հասարակության կողմից հնչեցված հարցադրմանը` ինչպե՞ս է կուտակայինի դեմ սկզբունքային պայքար մղած և այդ սկզբունքի վրա իր քաղաքական կարիերան կառուցած անձը լինելու այն նախարարը, որը «կանաչ լույս է» վառելու օրենքի կյանքի կոչմանը ընդամենը երկու ամսից:
Կառավարության վերջին նիստում պարտադիր կուտակայինը բանավեճի առիթ հանդիսացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տնտեսական զարգացման նախարար Արծվիկ Մինասյանի միջև, որը ժամանակին դեմ էր համակարգի ներդրմանը և անգամ Սահմանադրական դատարանում էր պայքարում դրա դեմ: Նախարար Մինասյանը «դեմ ըլլալով` կողմ էր»և, առհասարակ, կառավարությունը միաձայն ընդունեց որոշում, որ համակագի ներդրումը մեկ տարով չի հետաձգվելու, ինչպես դրան ձգտում էր նույն Մանե Թանդիլյանը: Եվ ահա, ընդամենը մեկ օր անց Մանե Թանդիլյանը, առաջնորդվելով իր սկզբունքներով ու դրանք, փաստացի, վեր դասելով նախարարի պաշտոնից ու քաղաքական կարիերայից, քանի որ այդ պաշտոնի համար հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից, նման որոշում կայացրեց: Իսկ այն, որ նա դուրս եկավ նաև կուսակցությունից, փաստում է, որ կուսակցությունն էլ չպաշտպանեց նրա սկզբունքային դիրքորոշումը:
Ասել, որ Թանդիլյանի որոշումը բարձր գնահատականի արժանացավ գոնե սոցիալական ցանցերի տիրույթում նշանակում է ոչինչ չասել: Սկզբունքայնությունը, այն էլ կին քաղաքական գործչի կողմից, այն էլ Նիկոլ Փաշինյան-Արծվիկ Մինասյան վերջին բանավեճի ֆոնին գնահատվեց ըստ արժանվույն: Կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց կարելի է ենթադրել, որ նման բարձր վարկանիշով հեռացած գործիչը, թեկուզև այս պահին անկուսակցական, քաղաքականությունից հեռու չի գնա և մեկ տարուց, երբ ՀՀ-ում անցկացվեն այդքան սպասված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Մանե Թանդիլյանը իր խոսքը կասի ու գուցեև նորից վերադառնա Ազգային Ժողով: Իսկ այն, որ նրա տեղը օրենսդիրում կերևա, միանշանակ է:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2789