“Մայրս ինձ լաթի կտորի պես դուրս շպրտեց… “

 

«Չուրչխելա, չուրչխելա, сладкая, очень вкусная, всего 50 рублей»… Ամբողջ լողափում մեկ երկու րոպե տարածվել էր այդ կնոջ ձայնը: Իսկ ի՞նչ է նշանակում «չուրչխելա». վեր կենալով պառկածս տեղից՝ մոտեցա. պարզվեց, որ քաղցր սուջուխ են վաճառում:

 

Բարեկամուհուս հետ էի, հայերենով ասեցի, «հետաքրքիր է` Տագանրոգում սուջուխը դարձել է Չուչխելա»: Երբ նայեցի վաճառողուհու դեմքին`դիմագծերից հասկացա, որ հայ է` արծվաքիթ,սև աչքերով:

 

Նա միանագամից դեմքիս նայելով հասկացավ հարցս.«Հայ եմ,այն էլ Արտիկի շրջանից»:

 

Գայանե Ավագյանը արդեն 12 տարի է ապրում ՌԴ Տագանրոգ քաղաքում: Այդ տարածքում իրեն արդեն բոլորը գիտեն որպես լավ սուջուխ պատրաստող:

 

«Արդեն 10 տարիա էս գործի վրա եմ,ամառվա ամիսներին պլյաժում եմ ծախում,իսկ ձմեռն էլ հանձնում եմ խանութներին:Չեմ բողոքում,վատ չեմ վաստակում»:

 

Գայանեն ուրախանալով որ հայերի է հանդիպել,սկսեց հարց ու փորձ անել Հայաստանից:Իսկ ես մոռանալով,որ եկել եմ հանգստի,սկսեցի լրագրողական հարցաքննությունս: Ինչպե՞ս եք ապրում,լա՞վ եք վաստակում,ընտանիքի հետ ե՞ք, երեխաները այստեղ ե՞ն ծնվել,հայերն գիտեն թե ոչ:Իմ այս վերջին հարցից հետո Գայանեի դեմքը մռայլվեց ու նա միանգամից առանց մեզ հաջողութուն ասելու գնաց:
Բարեկամուհիս սկսեց ինձ նախատել՝ ասելով.«Մի պահ մոռացի, որ լրագրող ես, չտեսա՞ր քո հարցերից կաշկանդվեց,երևի վիրավորեցիր»: Հաջորդ երկու օրերին ես նրան լողափում չտեսա: Անկեղծ ասած ինձ հանգիստ չէր տալիս՝ ինչո՞ւ դեմքը մռայլվեց ու նա առանց բառ ասելու հեռացավ:

 

Մի քանի օր անց կրկին նույն ձայնը տարածվեց լողափով մեկ:Միագամից տեղիցս վեր թռա ու վազեցի ձայնի ուղղությամբ:Նա, ինձ տեսնելով, կարկամեց: Ես արագ–արագ սկսեցի ասել, թե «կներես, երևի վիրավորել եմ քեզ» և այլն: Նա լսեց ու ինձ համար անսպասելի ասեց. «Սպասիր սուջողը ծախեմ վերջացնեմ հետո կխոսենք»:

 

«18 տարեկան աղջիկ էի,սովորում էի Բակունցի անվան մանկավարժական տեխնիկումում, ուզում էին մանկավարժ դառնալ, բայց… Երևանում վարձով էի ապրում,ամառային արձակուրդներին գնացել էի գյուղ,երանի չգայի: Հարևանի տղան իմ նկատմամբ անտարբեր չէր,ինքն էլ կոմբայնավար էր,մեր գյուղի ամենալավ կոմբայնավարը (ծիծաղում է): Ուր գնում էի, հետևում էր ինձ, ժամերով գալիս, կանգնում էր մեր փողոցի վերջը ու սպասում էր թե ես, երբ պետք է դուրս գամ տանից, որ ինձ տեսնի:Ես էլ հավանում էի իրեն: Շատ սիրուն աչքեր ուներ… Մենք սկսեցինք թաքուն հանդիպել: Դե գյուղում, որ իմանային կսկսեին բամբասել:Նա մի քանի անգամ նույնիսկ Երևան եկավ ինձ մոտ:Ու ահա մի անգամ էլ եկավ,այդ օրը հանդիպեցինք,մի փոքր խմեցինք,ու եղավ այն ինչ եղավ»:

 

Գայանեն ամբողջ խոսելու ընթացում խաղում էր ձեռքերի մատների հետ ու ինձ թվում էր,ուր որ է մատները կջարդվեին,բայց չէի ուզում ընդմիջել, քանի որ նա արդեն լավ բացվել է ու սկսել էր խոսել:

 

“Ես հղիացա ու սկսվեցին իմ տանջալի ու սև օրեը: Ինչպես լինում է նման դեպքերում այդ տղան հրաժարվեց ինձանից՝ ասելով. «Լավ աղջիկ լինեիր, ծոցս չէիր մտնի,ես իմ տուն կույս աղջիկ բդի տանիմ», բայց ես կուսությունս իրեն էի տվել: Չգիտեի ինչ անել, մտածում էի, եթե մերոնց ասեմ ինձ ուղղակի կսպանեն ու փողոց կշպրետեն,բայց մի բան պետք է անեի»:
Գայանեն որոշում է անկախ ամեն ինչից մորը պատմել իրականությունը,սակայն մայրր լսելով աղջկա «խայտառակության» մասին,ասում է կամ փողոց ես շպրտվում,կամ ազատվում ես այդ երեխայից. «Մեր պատիվը գետնովը տվեցիր, լիրբ,դու Էրևանից ի՞նչ պիտի սովորեիր»:

 

Գայանեն գնում է այդ քայլին ու ազատվում երեխայից, որը նրա համար ճակատագրական է դառնում: Մոր հեռավոր ազգականերից մեկը ապրում էր Տագանրոգ քաղաքում:Աղջկան ուղղակի հարկադրաբար ուղարկում են այնտեղ, որպեսզի ամեն կերպ վերացնեն, ըստ ծնողների՝ «խայտառակության հետքերը»:

 

«Ես ընդամենը 20 տարեկան աղջիկ էի,ու ռուսերն շատ վատ գիտեի,ու չգիտեի ինչ է լինելու իմ վաղվա օրը: Ինձ փրկեց աշխատանքը: Մտածում էի, որ կյանքս կարող եմ փոխել ու բոլորից հեռու ապրել: Բարեկամուհիս գիտեր իմ պատմությունը ու իր իսկ խոսքերով ասած, որ ես չընկնեմ ձեռքից-ձեռք, որոշեց ինձ ամուսնացնել ինձանից բավականին մեծ տարիքով տղամարդու հետ, ում կինը մահացել էր ու երկու երեխաները մնացել էին առանց խնամքի: Ես գնացի այդ քայլին. Ամուսնացա, մտածելով գուցե՞ երեխա ունենամ ու վերջապես կազատվեմ մեղքի զգացումից:Բայց երևի շատ մեղք էի գործել, որ Աստված ինձ չներեց:Ես ի վիճակի չէի հղիանալու ու զրկվել էի մայր դառնալու բերկրանքից»:

 

Ահա այստեղ միանգամից հասկացա, թե ինչու այդպես մռայլվեց Գայանեն իմ հարցադրումից:

 

Գայանեն հիմա հարազատ մոր պես խնամում է այդ երկու երխաներին, բայց երբեք չի մոռանում իր չծնված առաջնեկին. «Միայն քրոջս հետ կապ ունեմ,մորս անունը լսել չեմ ուզում, ինձ անպետք լաթի կտորի պես դուրս շպրտեց»:

 

Արևն արդեն մայր էր մտնում, ու լողափում հատուկենտ մարդիկ էին մնացել:
«Ի՞նչու քեզ պատմեցի ես էլ չգիտեմ, գուցե ծովի ալիքները նպաստեցին որ խոսեմ»,- ասաց Գայանեն ու վերցնելով դատարկ սինին՝ հեռացավ:

 

  Արմինե  Գևորգյան

 

 

Հ. Գ. 

Գայանեի կյանքի պատմությունը ոչ առաջինն է,ոչ էլ վերջինը:

Հերոսուհու  անունը փոխված է:


Դիտումների քանակը` 4649

Գլխավոր էջ