Մայրը, խորթ հայրն ու տատը կասկածվում են 2 տարեկան երեխային ծեծելով մահվան հասցնելու մեջ

Մայրը, խորթ հայրն ու խորթ տատը կասկածվում են 2 տարեկան երեխային դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելով մահվան հասցնելու մեջ և  ձերբակալվել են: Դեպքի առիթով ՀՀ  Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի  երեխան մահացել է  ծեծի, ինչպես նաև տրված դեղահաբի հետևանքով:  

 

 

Թեմային անդրադարձել է նաև Ազատություն ռադիոկայանը՝ մանրամասներ ներկայացնելով  դեպքի վայրից՝ երեխայի մահվան մեջ կասկածվող ընտանիքի մասին: 

 

 

Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ծայրամասի անմխիթար տնակում է ապրել ընտանիքը։ Փայտե դռան վրա կողպեք էր կախված, որը ոչ օտար հայացքներից էր պաշտպանում, ոչ էլ ցրտից։ Տան վիճակն ի ցույց էր դնում այնտեղ բնակվող ընտանիքի ծանր սոցիալական վիճակը։ Շուրջը նկատելիորեն հավաքված էր՝ ամեն ինչ իր տեղում։ Հետնամասի պատուհանից նաև տան ներսն էր տեսանելի, նույնպես ամեն ինչ կոկիկ էր, առանց ավելորդ իրերի ու թափթփվածության։

 

 

«Երիտասարդ կնոջ մասին մոտ 20 օրվա պատմություն է, որը անգամ համայնքը տեղյակ չէ, նոր են բերել։ Եթե երեխայի մասին է խոսքը՝ երեխան գրանցված չի համայնքում», – ասաց Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանը։

 

 

Սոցիալական ծառայությունները ևս, ըստ համայնքապետի, անտեղյակ են եղել, որ  տանը մանկահասակ երեխա է եղել, որևէ բան չէր հուշում։ Տան հարակից տարածքում անպետք իրերի կողքին միայն փոքրիկ վաննան էր հուշում, որ տանը փոքրիկ երեխա է բնակվել։ Անգամ հարևանները երեխայի մասին տեղյակ չէին։ Տնակը ընտանիքին չի պատկանել, նրանց տրվել է ժամանակավոր կացության համար։ 10-15քմ մակերեսով այս տնակում 6-7 անձ է բնակվել՝ մահացած երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը՝ Ռազմիկը, և 41-ամյա խորթ տատը՝ իր դստրերի հետ։

 

 

Ընդամենը 10 օր առաջ գյուղապետից Քննչական կոմիտեն Ռազմիկի բնութագիրն էր ուզել, թե ինչի համար էր, գյուղապետը չգիտի, միայն ասաց, որ ընտանեկան անախորժությունն է եղել պատճառը։  

 

 

«Ռազմիկը ո՛չ անձնագիր է ունեցել, ո՛չ ծննդական, դրանով զբաղվել եմ անձամբ ես, որ մեր Ռազմիկին ուղարկեինք բանակ, ճիշտն ասած, դիմել ենք վայենկոմատ՝ կամիսիայի հետևանքով, կամիսիայի արդյունքում ինքը ազատվել ա բանակից։ Հնարավոր է, որ խնդիրներ ունեցած լինի, դրա համար ազատվել ա։ Կարելի ա ասել՝ մտավոր [խնդիրներ է ունեցել], ֆիզիկական ամեն ինչ նորմալ է։ Չեմ նկատել, էդ խնդիրները չեմ նկատել», – ասաց Կակոյանը։

 

 

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երեխայի մարմնական վնասվածքները, հնարավոր է, պատճառվել են նրա ընտանիքի անդամների՝ 19-ամյա մոր, 30-ամյա խորթ հոր և 41-ամյա խորթ տատի կողմից: Նախնական տվյալներով՝ վերջիններս 2021թ. հունվարից սկսած պարբերաբար հարվածներ են հասցրել փոքրիկի մարմնի տարբեր մասերին, իսկ 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, երեխայի խորթ հայրը, չքնելու, անդադար լաց լինելու պատճառով, ծեծի է ենթարկել նրան՝ հարվածներ հասցրել դեմքի և գլխի շրջանում, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, իսկ փետրվարի 7-ին նրա մոտ նկատել են թուլություն, որից հետո նա մահացել է:

 

 

 

Արարատի մարզային քննչական վարչության շենքի մոտակայքում մի աղջկա հանդիպեցինք, ով մահացած երեխայի հեռու բարեկամ ներկայացավ․ ինչպես ավելի ուշ պարզեցինք, նույն տանը բնակվող խորթ հորաքույրն էր։ Միայն ասաց, թե երեխան շատ չար է եղել և կարող է հենց չարության համար է ծեծի ենթարկվել, թեպետ վստահեցնում էր, որ երեխային տանը հարազատի պես են ընդունել։

 

 

 

Թե ինչի համար էր երեխան ծեծի ենթարկվել, քննությունը դեռ կպարզի, իսկ որ մահը վրա էր հասել գլխին ստացած ուժեղ հարվածից, դատաբժշկական փորձաքննությունն արդեն հաստատել է։ «Ներքին օրգանների կողմից, որովայնի և կրծքավանդակի օրգանների կողմից վնասվածքներ չեն եղել, սակայն ուղեղի ձախ կիսագունդը ամբողջությամբ գտնվել է արյան մեջ, հեմատոմայի մեջ։ Հավանաբար, մահվան պատճառը եղել է ձախ կիսագնդի հսկա հեմատոման, հեմատոմաները սովորաբար առաջանում են հարվածներից, տրավմատիկ հեմատոմա է եղել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը՝ շարունակելով․ – «Եթե հաշվի առնենք, որ երեխան բավականին փոքր է, էդ երեխային, չգիտեմ, շատ մեծ ուժգնության հարված էլ պետք չի, որ գլխուղեղի հեմատոմա զարգանա»։

 

 

Երեխային հիվանդանոց տեղափոխել է շտապօգնության մեքենան, որի բժիշկը տեղում արդեն իսկ արձանագրել է երեխայի զարկերակի բացակայություն և շնչառության կանգ։ «Մի քանի րոպեի ընթացքում երեխան հասցվել է մեր կենտրոնի ընդունարան, որտեղ արդեն նայել են և՛ մանկաբույժը, և՛ ռեանիմատոլոգը, և՛ բոլոր մասնագետները՝ նման դեպքերում բոլոր մասնագետները անպայման նայում են մեր հիվանդներին։ Բայց նայելու բան այլևս չի եղել, անելու բան՝ առավել ևս, որովհետև երեխան մահացած է եղել, և հաստատվել է մահվան փաստը։ Արդեն դիակի նախնական զննման ժամանակ հայտնաբերվել է մարմնի բոլոր հատվածներում, մասնավորապես՝ գլխի շրջանում, բազմաթիվ կապտուկներ և քերծվածքներ, վերքեր», – պատմեց հիվանդանոցի տնօրենը։

 

 

Ծնողները ոստիկանությանն ասել էին, թե իբր երեխան պատահաբար տատիկի դեղերն է խմել, 2 հաբ «Դիմեդրոլ»։ Բայց ոստիկանների ունեցած տեղեկությունների համաձայն՝ երեխային ծեծել են, հետո դեղ խմեցրել։

 

 

Քրեական գործ է հարուցված մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու դեպքով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով։

 

 

 

Դիտումների քանակը` 936

Գլխավոր էջ