Մայրեր եւ դուստրեր. երեք սերունդ, երեք կարծիք…

Հարությունյանների ընտանիքը բաղկացած է երեք կանանցից. տան ավագը` Սոնյա տատիկը, նրա դուստրը` Հասմիկը, և ընտանիքի փոքրիկը` 18-ամյա Անին: Նրա պապիկը մահացել է տարիներ առաջ, իսկ հայրը հեռացել է ընտանիքից, երբ Անին դեռ 10 տարեկան էր: «Ես, կարելի է ասել, երբեք շատ չեմ նեղվել, որ տանը տղամարդ չկա, որովհետև սովորել եմ նրանց բացակայությամբ ապրել: Մամաս ու տատիս ինձ այնքան են սիրում ու օգնում, որ ես ինձ ուժեղ եմ զգում»,- ասում է Անին:

 

 

 

Օրերն այս ընտանիքում հիմնականում համերաշխ են անցնում, սակայն բազմաթիվ հարցերի շուրջ տարբեր սերունդների ներկայացուցիչների հայացքները տարանջատվում են:

 

 

Սոնյա, 64 տարեկան. «Թոռնիկիս հետ հաճախ եմ վիճում ուշ տուն գալու համար: Ախր չի կարելի, նա դեռ երեխա է, ուսանող, կմեծանա, կամուսնանա, թող ամուսնու հետ ուր ուզում է գնա, երբ ուզում է գա»:

 

 

Անի, 18 տարեկան. «Օրվա ընթացքում այնքան գործ ես ուզում անել, որ ժամանակը չի բավականացնում: Մինչև տուն եմ հասնում, ժամը տասն է լինում: Տատին էլ ասում է` հարևաններն ի՞նչ կմտածեն: Իսկ ինչո՞ւ պիտի հարևանները որևէ բան մտածեն իմ մասին: Պարա՞պ են մնացել: Թող ամեն մարդ իր կյանքով ապրի»:

 

Հասմիկ, 42 տարեկան. «Երբ տատ ու թոռ իրար հետ կռվում են, միշտ ես եմ տուժում: Ես փորձում եմ հաշտեցնել, որովհետև երկուսին էլ հասկանում եմ, երկուսի ասածն էլ ճշմարտությանը մոտ է: Բայց արդյունքում ինձնից են նեղանում, երկուսն էլ ուզում են, որ իրենց պաշտպանեմ»:

 

 

 

Ամուսնության եւ աշխատանքի մասին…

 

 

Սոնյա տատիկն ասում է, որ իր երիտասարդության տարիներին կանայք միայն մեկ հոգս ունեին` ամեն ինչ անել «տանը չմնալու համար»: «Մեր ժամանակ առաջնայինը հաջող ամուսնությունն էր: Հաջող ամուսնություն ասելով` նկատի ունեմ, որ մարդն աշխատող լիներ, խմող չլիներ, չծեծեր, որ սկեսուրն էլ բարի կին լիներ, հարսին չծեծեր»,- ասում է Սոնյա տատիկը:

 

 

Նրա դուստրը` Հասմիկը, այլ խնդիրներ է նշում. «Իմ սերնդակից կանայք ստիպված են և՛ տանը աշխատել, և՛ դրսում, որպեսզի պահեն իրենց ընտանիքը: Ամուսինը երբեք աշխատանքից հետո տուն գալով չի անցնի լվացքի, ճաշ եփելու և այլ գործերի, իսկ կանայք կանեն: Ինձ մայրս ու աղջիկս են օգնում, ես տանը այդքան էլ չեմ աշխատում, բայց շատ կանանց եմ ճանաչում, որ երկու ճակատում էլ ակտիվ են»:

 

 

Իսկ Անին հասկացել է, որ հույսը միայն իր վրա կարող է դնել. «Ես գիտեմ, որ շատ պիտի աշխատեմ, լավ սովորեմ, որ կարողանամ ինչ-որ հաջողության հասնել: Տղաներին ավելի հեշտ է կարիերա անել: Իսկ աղջիկը պետք է լավագույնը լինի, որ իրեն լավ աշխատանք առաջարկեն»:

 

 

Սոցիալական ցանցերի մասին…

 

 

Սոնյա տատիկը դժգոհում է, որ թոռը երկար ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում. «Մեկ-մեկ խոսում եմ վրան, ասում եմ` դասերիցդ հետ կմնաս: «Օդնոկլասնիկ» է մտնում ամեն օր, մորն էլ է գրանցել, հիմա մեր ու աղջիկ են նստում համակարգչի դիմաց»:

 

 

«Մանկության ընկերուհիս Բելգիայում է ապրում, միայն նրա հետ եմ շփվում, թե չէ ինտերնետից օգտվելու ուրիշ առիթ չունեմ»,- «արդարանում» է Հասմիկը:

 

 

Իսկ Անին կարծում է, որ այսօր առանց համակարգչի գրեթե անհնարին է ապրել. «Կուրսեցիներիս հետ եմ շփվում, դասերի մասին տեղեկություններ ենք իրար տալիս, օգնում ենք: Հիմա համակարգչի դար է, առանց հաղորդակցման հնարավոր չէ»,- ասում է նա:

 

 

 

Երջանկության մասին…

 

 

Երջանկության վերաբերյալ ևս երեք սերնդի ներկայացուցիչների կարծիքները տարբերվում են: «Կանացի երջանկությունն այն է, որ նորմալ ընտանիք ունենաս, առողջ երեխաներ, լավ ամուսին: Հաշտ ու խաղաղ ապրես: Ես ինձ էդ առումով երջանիկ եմ համարում, թեև ամուսինս 55 տարեկանում մահացավ»,- սա 64-ամյա կնոջ «երջանկության բանալին» է:

 

 

Սեր ու հարգանք. սա էլ Հասմիկի պատկերացրած երջանկությունն է. «Ես բաժանվեցի ամուսնուցս, որովհետև նա ինձ չէր հարգում: Սիրում էր, բայց պատկերացում չուներ, թե հարգանքն ինչ է»:

 

 

18-ամյա Անին չի սիրում «կանացի երջանկություն» արտահայտությունը. «Երջանկությունը մարդկային է` անկախ սեռից: Ինձ համար երջանկությունը մի քանի բաղադրիչների առկայությունն է` աշխատանք, լավ ընկերներ, լավ ամուսին, ֆինանսական կայունություն: Ես ընդամենը 18 տարեկան եմ, բայց տատիս արդեն ակնարկում է, թե պիտի ինձ համար նորմալ տղա գտնեմ: Բայց ես չեմ շտապում: Դեռ շատ անելիքներ ունեմ»,- կարծում է Անին:

 

 

 

Արման Ղարիբյան

Հ.Գ. – Կանանց անունները փոխված են:

Դիտումների քանակը` 4001

Գլխավոր էջ